Հայ դերասան, մշակութային գործիչ |
Ես շատ լավ եմ հիշում այդ օրը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 10-ին նոր ներկայացման փորձ էր նշանակված: Մենք պատրաստվում էինք պրեմիերային, գրեթե ամբողջ դերասանական կազմը թատրոնում էր: Փորձից մի քանի ժամ հետո մենք զգացինք տատանում. Երևանը ցնցվեց: Ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, թե ինչ է պատահել: Ես զանգեցի տուն, կինս ասաց. «Ինչ-որ ահավոր բան է եղել Լենինականում»: Սակայն դեռ միայն շշուկներ էին պտտվում: Գնացի տուն, հավաքեցի ընտանիքիս ու տարա ապահով տեղ: Հետո վերադարձա թատրոն, և առաջին տեղեկություններն արդեն հասել էին: Ասում էին, որ ամեն ինչ ավերվել է, սակայն դա գլխիս մեջ չէր տեղավորվում:
Թատրոնում որոշեցինք Լենինականին օգնության հասնել: Մեր բժիշկները գրանցվեցին «Շտապ օգնության» բրիգադում, մնացածներս չէինք հասկանում, թե ինչով կարող ենք օգտակար լինել, սակայն տանը նստելն անհնար էր, հավանաբար այնտեղ ավել ձեռքեր էին անհրաժեշտ:
Անհնար է նկարագրել, թե ինչ էր կատարվում Երևան-Լենինական մայրուղու վրա: Հայաստանի բոլոր քաղաքներից, անգամ ամենահեռավոր ծայրերից գալիս էին մեզ նման ինքնակամ բրիգադներ: Մեքենաների քանակին հաշիվ չկար: Ոչինչ չէր շարժվում: Մարդիկ մեքենաները թողնում էին փողոցի վրա և ոտքով գնում:
Մենք էլ այդպես արեցինք: Լենինական հասանք վաղ առավոտյան և սկզբից անգամ չհասկացանք, որ քաղաք ենք մտել: Դա ահավոր էր: Ոնց որ դաժան ռմբակոծումից հետո լիներ, հավանաբար նման բան տեսել էր միայն այն մարդը, ով անցել էր պատերազմի միջով: Որքան շատ էինք մտնում Լենինական, այնքան ավելի սարսափելի էր դառնում աղետի մասշտաբները: Չկար այն հյուրանոցը, որում դու ապրել էիր: Չկար խանութը, ուր դու մտնում էիր: Չկային տները, որտեղ ապրում էին քո ընկերները: Ընդհանրապես բոլոր նոր տները վերածվել էին ավերակների, մնացել էին միայն հին շինությունները...
Առաջին օրը քաոսային էր: Ամեն ինչ անկազմակերպ էր: Մենք կանգնեցինք հենց առաջին պատահած տան մոտ և տանտիրոջ հետ փորձում էինք փորել փլատակները: Չունեինք ո՛չ բան, ո՛չ ուրիշ գործիք: Օգտագործում էինք ձեռքի տակ եղածը՝ պատառաքաղներ, գդալներ, խոհանոցային այլ պարագաներ, դույլեր: Մարդիկ փորձում էին փորել ձեռքերով: Ես առանց եղունգների մի քանի մարդ եմ նույնիսկ տեսել: Ինչպիսի ուրախություն էր, երբ որևէ մեկի ազգականին գտնում էին, և նա ողջ էր լինում: Երեք ժամ հետո տան բնակիչների հետ փլատակների տակից հասանք տատիկին: Նա կենդանի էր, նրա դեմքին ոչ մի էմոցիա չկար: Տատիկի ձեռքին շերեփ կար, որը մենք այդպես էլ չկարողացանք հանել:
Երկու օր հետո քաղաքում այլևս չէր լսվում լացի ձայն: Փողոցում դագաղներ էին դրված: Մարդիկ անօթևան էին: Միայն մոխրագույն ուրվագծեր էին քայլում, որոնց մոտ բացակայում էր դեմքի արտահայտությունը: Ամենասարսափելին այն էր, որ ժպիտ էր հայտնվում նույնիսկ այն դեպքում, եթե ընտանիքի անդամին մահացած էին գտնում: Ուրախացնում էր անգամ այն փաստը, որ կարողացել են գտնել մարմինը: Ուրախություն չկար նույնիսկ այն մարդկանց մոտ, ում ընտանիքի անդամները ողջ էին մնացել: Միակ տեղը, ուր ուժ չգտա գնալու, դա դպրոցի փլատակներն էին: Այնտեղ շատ մարդ կար, նրանք մինչև վերջ փորձում էին ողջ մնացածներին գտնել, փլատակները ձեռքերով էին բացում, չէին սպասում, որ բերեն բահեր կամ ուրիշ գործիքներ, որոնք քաղաքում գրեթե չկային: Առաջին տասը տարվա մեջ այդ տեսարանը շատ էի տեսնում երազումս:
Մի քանի օր հետո սկսեցին փրկարարներով ինքնաթիռներ գալ, բերում էին սարքավորումներ: Մեր տեղը գրավեցին մասնագետները: Ամբողջ երկիրը, ամբողջ ԽՍՀՄ-ը այդ ժամանակ ապրում էր Հայաստանի հետ: Յուրաքանչյուր հայկական ընտանիքում դժբախտություն էր տեղի ունեցել, պարտադիր մեկը Լենինականում էր: Հետո իմացա, որ երբ երկրաշարժը տեղի էր ունեցել, խիստ ռեժիմի բանտերից մեկի ղեկավարը բոլոր բանտարկված լենինականցիներին ազատ էր արձակել և նրանց երեք օր էր տվել: Նրանք գնացել էին տուն և երեք օր հետո մեկ մարդու նման բոլորը վերադարձել էին:
Անցավ մի քանի շաբաթ: Ամանորից առաջ մեր թատրոնը կրկին վերադարձավ Լենինական: Որոշել էինք տուժած երեխաների համար ամանորյա հանդես կազմակերպել և նվերներ տալ: Ավտոբուսը կանգնեցրինք հենց առաջին փոքր փողոցի վրա, դրեցինք տոնածառը, ինչ-որ կերպ այն զարդարեցինք: Շատ շուտով բազմաթիվ երեխաներ հավաքվեցին հարևան փողոցներից: Ես Ձմեռ պապն էի և առաջինը դուրս եկա հանդիսատեսի մոտ: Նվեր ստացած երեխայի ոտանավոր արտասանելու առաջարկն ապացուցեց, որ մենք չէինք սխալվել և երեխաներն իրոք տոնի կարիք ունեին: Նրանք շրջան կազմեցին, երգեցին, ոտանավորներ արտասանեցին: Ես սկսեցի նվերներ բաժանել, և հետո երեխաները սկսեցին խնդրանքներով դիմել Ձմեռ պապիկին. մեկը խնդրում էր, որ իր մայրիկին վերադարձնեի, մյուսը՝ հայրիկին, մեկ ուրիշը՝ եղբորը: Չգիտեմ, թե ինչպես եմ դրան դիմացել: Ես իմ տեսակով սենտիմենտալ չեմ, սակայն այնքան, որքան այդ օրն եմ լաց եղել, Աստված տա ոչ մեկի կյանքում չլինի: Դա սարսափելի էր...