Հայաստանում ընդունված չէ քաղաքացիների հետ աշխատելը, ուսումնասիրելը այն բոլոր սոցիալական խմբերը, նրանց պահանջներն ու խնդիրները, որոնք ընտրությունից ընտրություն վերածվում են ընտրազանգվածի կամ օտար բառով ասած` էլեկտորատի: Հենց այդ պատճառով էլ մի թեկնածուն կարող է մի ընտրության ժամանակ գրանցել իր աստեղային ժամը, իսկ կարճ ժամանակ անց ունենալ միայն քչաթիվ համախոհներ: Հիմա Րաֆֆուն ձայն տված կամ չտված մարդիկ զարմանում են նրա ստացած քվեների վրա, ոմանք էլ ծաղրում են, թե միայն բարեւի համար չեն նախագահ ընտրում: Ծրագիր է պետք, այս է պետք, այն է պետք: Հասկացանք: Բայց Րաֆֆին թեկուզ իր բարեւով ցույց տվեց, թե որքանով է արժեւորում քաղաքացուն, գյուղացուն, մարդուն` առհասարակ: Իսկ մարդիկ կարեւորում են, որ թեկնածուն իրենց նկատի, մոտենա, արժեւորի: Վա՞տ բան է նրանց ուզածը: Իսկ բարեւով քվե ստանալը հենց լուրջ հետեւությունների տեղիք պետք է տա հենց նրանց, ովքեր այսուհետ կցանկանան առաջադրվել նախագահի կամ ԱԺ պատգամավորի թեկնածու: Մարդկանց հետ աշխատեք ամիսներով, տարիներով, որ նրանց վստահությունը վաստակեք, որ մի բարեւի համար նախագահ չընտրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել