Տնտեսական ակտիվության տեմպերը դեռևս շարունակում են ցածր մնալ: Չնայած նրան, որ կայունանալու նախանշաններ են երևում, այնուամենայնիվ, հոկտեմբեր ամսին ՀՆԱ-ն մեծ չափերով նվազել է։ ՀՆԱ-ի կրճատման վրա ազդել են մի շարք ճյուղերում արձանագրված աճի տեմպերի նվազումը: Այնուհանդերձ անկման հիմնական պատճառը գյուղատնտեսության ոլորտում արձանագրված բացասական ցուցանիշներն են։

Գյուղատնտեսության ազդեցությունը տնտեսական ցուցանիշների վրա կտրուկ արտահայտվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ անկումը հասել է 30 տոկոսի։ Հատկանշական է, որ մինչ այդ գյուղատնտեսությունը շարունակում էր հաջողությամբ աճ արձանագրել։

Համաձայն վիճակագրական տվյալների՝ նախորդ տարիներին տնտեսության աճի ապահովման հիմնական շարժիչ ուժը գյուղատնտեսության ոլորտն է եղել: Նախկինում տնտեսության այս ճյուղը ինչ-ինչ մեթոդներով, միշտ էլ աջակցել է տնտեսական աճի ապահովմանը։ Ցանկության դեպքում, ըստ էության, դժվար չէր նույնը անել նաև հիմա, սակայն ինչպես տեսնում ենք գործադիրը մտադիր չէ գնալ այս ճանապարհով:

Խնդիրը կայանում է նրանում, որ թեև գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել էր նմանատիպ անկում, այնուամենայնիվ դրա համար լուրջ հիմքեր ի հայտ չեն եկել ու լուրջ ցնցումներ չեն եղել: Այստեղ հարց է առաջանում. Հիմա, երբ այս ոլորտում լուրջ անկում է գրանցվել, ինչու՞ դա իրեն զգացնել չի տալիս:

Գյուղատնտեսությունում տեղի ունեցած նման զարգացումները ենթադրությունների տեղիք են տալիս։ Ինչի՞ հաշվին ենք ականատես լինում ցուցանիշների նման փոփոխությունների: Սա պայմանավորված է մեթոդաբանության վերանայման հետ: Այսինքն՝ կառավարությունը փոխելով հաշվարկման մեթոդաբանությունը, դադարում է արհեստական աճերի միջոցով ուռճացնել տնտեսական ցուցանիշները։
Կարծում եմ՝ տնտեսական ծրագրերի ձևավորման և իրականացման համար կարևոր է ունենալ իրական թվային պատկեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել