«Էլ սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանի համար այս տարին հաջողված էր. «Ինձ համար այս տարին երջանիկ, ուրախ և հաջող տարի է եղել, քանի որ ինքս լավատես եմ և փորձում եմ թե՛ իմ աշխատանքում, թե՛ կյանքում ֆիքսել ավելի դրական պահեր: Այս տարին էլ բացառություն չէր. բազմաթիվ նախագծեր իրականացրինք և ամենակարևորը՝ սկիզբ դրեցի իմ մեծ, նոր նախաձեռնությանը, որը 2017 տարվա սկզբին արդեն կմեկնարկի: Լինելու է նոր  հագուստի խանութ, որը ինքս եմ ղեկավարում: Գաղափարն արդեն կես տարուց ավելի է՝ կա, այն կմեկնարկի արդեն եկող տարվա սկզբին»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Մայան: 

Մայան նշում է, քանի որ գործերը շատ են, նախապես են պլանավորել, թե որտեղ են նշելու Ամանորը. «Մենք տարեվերջին մեկնելու ենք Դուբայ ամուսնուս և որդուս հետ: Այնտեղ կնշենք, հետո կգանք ընկերների և հարազատների հետ կնշենք»: 

Պարզվում է՝ որդու՝ Ալեքսի հետ հանգիստը պլանավորելը բավականին հեշտ է, և նրանք տարվա մեջ հաճախ են ընտանիքով հանգստի մեկնում. «Բավականին ակտիվ է իմ տղան, բայց մենք շատ լավ ժամանակ ենք անցկացնում իրար հետ: Իմ և ամուսնուս համար անփոխարինելի ժամանակ է որդուս հետ անցկացրած ժամանակը, այնպես որ անհամբեր սպասում ենք, թե երբ ենք մեկնելու»: 

Մայայի որդին անհամբեր սպասում է, թե ինչ նվեր է ստանալու Ձմեռ պապիկից, անգամ ցուցակ է պատրաստել. «Մեր ընտանիքում դրվածքն այնպիսին է, որ հեքիաթներին և Ձմեռ պապիկին հավատում ենք: Տղաս էլ անհամբեր սպասում է և ցուցակ է պատրաստել այն նվերների, թե ինչ պետք է Ձմեռ պապիկը բերի տոներին»:

Իսկ այն հարցին՝ ինչ հագուստ է կրելու Ամանորին, Մայան պատասխանեց. «Քանի որ մենք ամսի 30-ի գիշերն ենք մեկնում, հագուստն այստեղից կտանեմ, որը կկրեմ Ամանորի գիշերը, իսկ մնացած շոփինգի մեծ մասը կանեմ Դուբայում` հետագա միջոցառումների համար: Իհարկե, ես հետևում եմ նորաձևության տենդենցներին, բայց ես միշտ ասել եմ՝ նորաձևությունը պետք չէ կուլտ դարձնել, պետք է նորաձևությունից քաղել այն, որը համապատասխան է հենց քեզ, որը որ սազում է հենց քեզ: Ես ինքս սիրում եմ կանաչ գույնը, որն այս տարի էլ նորաձև է և իմ աչքերի գույնի հետ էլ սազում է: Դեռևս չեմ որոշել, թե ինչ գույնի հագուստ եմ կրելու»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել