Ինչպես արդեն գիտենք, օրերս Մոսկվայում կայացել է ամենամյա «Tashi Show»-ն, որին հայ աստղերի հետ միասին ելույթ է ունեցել «One in a million» մեգահիթով հայտնի երգիչ Bosson-ը: Շոուի ընթացքում յուրաքանչյուր նոմինանտին կամ ելույթ ունեցողին ներկայացնում էին հայ հասարակությանը ծանոթ ու սիրելի շուբիզնեսյան տարբեր ներկայացուցիչներ, իսկ Bosson-ին ներկայացնելու պատիվը վստահված էր «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասանուհի Գայանե Ավետիսյանին:
«Քանի որ անգլերենին շատ լավ եմ տիրապետում, բեմի վրա անկաշկանդ շփվեցի նրա հետ: Համերգից հետո նա մոտեցավ ինձ, և ես շնորհակալություն հայտնեցի նրան ելույթի համար ու ասացի, որ Հայաստանում նրան շատ են սիրում, և որ նրա երգերի տակ է անցել շատերի մանկությունն ու պատանեկությունը: Հետո երգիչը հեռախոսիս մեջ գրանցեց ֆեյսբուքյան իր անձնական էջը և նույն պահին էլ իմ հեռախոսով նկարեց մեր համատեղ սելֆին, որն էլ հրապարակեցի իմ ֆեյսբուքյան էջում»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին:
Գայանեի հետ խոսեցինք նաև երգչի տրամադրությունից և թե ինչպես էր նա իրեն զգում հայկական միջավայրում: «Հրաշալի տրամադրություն ուներ, բեմի վրա անգամ փորձում էր հայերեն խոսել, ու քանի որ նաև բեմից դուրս եմ շփվել նրա հետ, հարցրի, թե արդյոք երգիչը կլինի մեր երկրում համերգային ծրագրով: Ասաց, որ սիրով կհյուրընկալվի մեր երկիր, ինձ էլ կոմպլիմենտներ էր անում ու ուրախությամբ պատմում, թե ինչպես են իր ֆաները համացանցում կիսվում մեր համատեղ սելֆիով»:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի