20161124112126Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանում մեկնարկել են վաղաժամ նախագահական ընտրություններ։ Ողջ հանրապետությունում տեղի ժամով ժամը 06.00-ին բացվել է ավելի քան 9000 ընտրատեղամաս։

Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 20.00-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմում է ավելի քան 21.4 միլիոն մարդ։

Երկրում ընտրական արշավը մեկնարկել էր սեպտեմբերի 9-ին։ Հոկտեմբերի 28-ին ԿԸՀ-ը գրանցել էր 4 թեկնածուի՝ պետության ղեկավարի պաշտոնակատար Շավքաթ Միրզիեև, Խաթամժոն Կետմոնով, Սարվար Օտամուրադով, Նարիմոն Ումարով։

Որպեսզի ընտրությունները ճանաչվեն կայացած, անհրաժեշտ է, որ դրանց մասնակցեն ընտրելու իրավունք ունեցողների ավելի քան 33 տոկոսը։

Ուզբեկստանում արտահերթ ընտրություններն անցկացվում են երկրի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ։ 79-ամյա Քարիմովն ուղեղի կաթվածից մահացել է սեպտեմբերի 2-ին և հուղարկավորվել է հայրենի Սամարղանդում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել