Ինքս էլ չեմ հավատում, բայց կյանքումս առաջին անգամ պետք է գովեմ Լիլիթ Հովհաննիսյանին իր կատարած աշխատանքի համար:
Ինչպես գիտեք, այսօր նա իր երկրպագուներին նոր տեսահոլովակ ներկայացրեց:
Ինչպես ինքն էր մեկնաբանել, իր տեսահոլովակն այս անգամ նման չէ բոլոր նախկիններին. այն փոքրիկ ֆիլմ-պատմություն է:
90-ականներ... Պատմություն հայկական մի ընտանիքի մասին, որի տղամարդիկ գնում են կռիվ, իսկ տան աղջիկը ամուսնանում ու լքում է Հայաստանը՝ տանը միայնակ թողնելով մորը:
Նախ՝ պետք է հիացմունքս հայտնեմ ռեժիսորին և օպերատորին. տեսահոլովակն իրոք շատ հաջողված էր, շատ գեղեցիկ կադրերով հարուստ, գունեղ ու բարձրորակ: Առաջին անգամ նրա տեսահոլովակը անիմաստ պարերի ու հագուստների ցուցադրության հերթափոխ չէր, այլ սյուժե ու միտք ունեցող մինի ֆիլմ:
Հետո շատ գեղեցիկ ու նուրբ էր ինքը՝ Լիլիթը: Նրան ամենից հաճախ քննադատում ենք չափից դուրս շատ շպարվելու և արտաքին տեսքին արհեստական միջամտություններ անելու համար: Բայց այս անգամ այդ ամենը չկար. ամեն ինչ չափի մեջ էր, թեթև ու աչքին հաճելի: Լիլիթին այս բնականությունը շատ է սազում: Փաստորեն, երբ ուզում է, կարողանում է հեռու մնալ թուրքական կլկլոցներից ու խանումի կերպարից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել