Armtimes.com-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է պատասխանել սոցիալական ցանցերում իրեն ուղղվող հարցերին: Չզարմանաք՝ ֆեյսբուքում կարելի է Կարեն Կարապետյանին հարց գրել եւ ստանալ պատասխան, եթե, իհարկե, հարցերը չզտվեն: Պարզվում է, վաղը՝ դեկտեմբերի 3-ին, վարչապետը մասնակցելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպվելիք քննարկմանը: Թեման՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացումն է լինելու:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանը ցանկանում է ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ: Հանդիպումը կմեկնարկի Կարեն Կարապետյանի ելույթով, այնուհետեւ վարչապետը կպատասխանի միջոցառման հրավիրված մասնակիցների եւ սոցցանցերում #AGBUtalk110 հեշթեգով հրապարակված հարցերին։ Ի դեպ, հանդիպումն ուղիղ եթերով կհեռարձակվի ՀԲԸՄ կայքում:

Ըստ ՀԲԸՄ-ի, վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ եւ համատեղ պատասխանատվությամբ» թեմայով զրույցը նպատակ ունի աշխարհասփյուռ հայերին միավորել երկրի կայուն զարգացման շուրջ` երկխոսության եւ համատեղ կայացվող որոշումների միջոցով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի հետեւյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական եւ մշակութային:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ 16-րդ համագումարից առաջ լրագրողներին խոստացավ, որ մամուլի ասուլիս կտա: Փաստորեն՝ վարչապետը գերադասում է հասարակության հետ շփվել ցանկացած այլ եղանակով, բայց ոչ՝ ԶԼՄ ներկայացուցիչների միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել