Картинки по запросу պարենային անվտանգությանՅուրաքանչյուր երկրի ռազմարավական հիմնախնդիրների մեջ իրենց ուրույն տեղն ունեն անվտանգության ապահովման հարցերը: Ընդ որում՝ անվտանգության ապահովումը ունի բազմաթիվ բաղադրիչներ՝ սկսած ռազմական անվտանգության ապահովումից մինչև կիբերանվտանգություն: Այդուհանդերձ, անվտանգության ապահովման բաղադրիչների մեջ ներկայումս հատուկ կարևորություն է տրվում պարենային անվտանգության ապահովման հիմնահարցին, որը գլոբալ նշանակություն ունի և սերտորեն շաղկապվում է երկրի սոցիալ-տնտեսական կայունության և տնտեսական քաղաքականության հետ:

Պարենային անվտանգության խնդիրները ամեն երկրում ունեն իրենց առանձնահատկությունները, լուծվածության աստիճանը և ուղիները: Հայաստանի պարագայում պարենային անվտանգության ապահովմանը առանձնակի կարևորություն է տրվում՝ կախված աշխարհաքաղաքական, ռեսուրսային, բնակլիմայական և մի շարք այլ գործոններից: ՀՀ ազգային պարենային հաշվեկշռի վերջին տարիների տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ էներգետիկ արժեքով հաշվարկված՝ կենսապես կարևորագույն սննդամթերքի ինքնաբավության մակարդակը կազմում է գրեթե 60 տոկոս: Նշված ցուցանիշը պարենային անվտանգության տեսանկյունից միջազգայնորեն ընդունված չափանիշներից ցածր է, հետևաբար առաջնահերթ խնդիրներից է առաջիկայում ինքնաբավության (պարենային անկախության) անհրաժեշտ մակարդակի ապահովումը:

Ներկայումս հանրապետության ագրոպարենային ոլորտում իրականացվում է կենսապես կարևորագույն սննդամթերքի, մասնավորապես` պարենային ցորենի, հատիկաընդեղեն մշակաբույսերի, կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացման քաղաքականություն:

Այս ամենով հանդերձ՝ պետք է նկատի ունենալ, որ պարենային անվտանգության հիմնախնդիրը աստիճանական լուծում է պահանջում, որի ուղղությամբ տարվող քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի մակրոտնտեսական կայունության ապահովմանը, խոցելի խմբերի սոցիալական պաշտպանվածությանը, տարածքային համաչափ զարգացմանը, գյուղատնտեսական արտադրության ծավալների ավելացմանը, բնակչության առողջ և լիարժեք սնուցմանը, հնարավոր արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում և ռազմական դրության պայմաններում բնակչության ու հատուկ սպառողների կայուն պարենապահովմանը:

Նշված նպատակներին հասնելու համար մշակվել է պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը, որը նախատեսում է համապատասխան միջոցառումների ծրագրի իրականացում: Միջնաժամկետ հեռանկարում խնդիր է դրված երկրի պարենային ինքնաբավության մակարդակը բարձրացնել 10-15 տոկոսով, որը տեղի կունենա պետության կողմից հավանության արժանացած 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման դեպքում, որի արդյունքում տեղական արտադրության հաշվին կբարձրանա կարևորագույն սննդամթերքի նկատմամբ սպառողական պահանջարկի բավարարման մակարդակը, նախադրյալներ կստեղծվեն բնակչության կենսամակարդակի բարձրացման, աղքատության կրճատման, գյուղական բնակավայրերի ամրապնդման ու զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել