EXCLUSIVE
Ի՞նչն է պակասում հայ կնոջը՝ ավելի կայացած ու գնահատված լինելու համար, ինչպիսի՞ն է ժամանակակից հայուհու նկարագիրը, որքանո՞վ է կարևոր կնոջ դերը ընտանիքի ամրության հարցում։ Այս և այլ հետաքրքիր ու կանացի թեմաների շուրջ BlogNews.am-ը զրուցել է «Նանե» հաղորդաշարի հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանի հետ:
- Ասում են՝ կանայք բաժանվում են երեք խմբի՝ գեղեցիկներ, կարիերիստներ և պարզապես երջանիկներ: Ձեր պարագայում, կարծես, բոլորը համատեղվել է:
- Կարիերիստ բնորոշումը իմ պարագայում փոքր-ինչ չափազանցված է: Եթե նկատի ունեք աշխատասիրություն, ապա համաձայն եմ: Իմ մասնագիտությունը շատ սիրելու արդյունքում է ձևավորվել իմ կարիերան, բայց կարիերիստ երբևէ չեմ եղել: Չեմ կարող ասել՝ դա լավ է, թե վատ: Բայց փոքր-ինչ կարիերիստի հոգեբանություն ունենալը ինձ չէր խանգարի: Ինչ վերաբերում է երջանկությանը, ասեմ, որ առհասարակ իմ տեսլականով երջանկությունը զուգորդվում է լավատեսության, փոքր բաների մեջ գեղեցիկը տեսնելու ընդունակության և ակնթարթները զգալու, ֆիքսելու և վերապրելու հետ: Երջանկության ընկալումը վերջերս մի քիչ այլ ընկալում է ձեռք բերել ինձ մոտ: Երբ հարազատներս, մտերիմներս առողջ են, խնդիր չունեն, արդեն երջանկանալու առիթ է:
- Տարիներ առաջ նկարահանվում էիք ֆիլմերում, խաղում էիք թատրոնում: Այսօր միայն հեռուստահաղորդավարությամբ եք զբաղվում: Չե՞ք կարոտում Ձեր բուն մասնագիտությանը:
- Այս հարցը իմ գրեթե բոլոր հարցազրույցների մշտական թեմաներից է: Իհարկե կարոտում եմ, բայց գիտակցում եմ, որ թատրոնը մեծ նվիրում է պահանջում, այսինքն՝ ժամանակ, էներգիա: Իմ պարագայում թատերական ինստիտուտում դասավանդումը և հեռուստատեսությունում աշխատանքը՝ գումարած իմ մայր լինելու աշխատանքը, որն ինձ համար առաջնային է տվյալ պարագայում ֆիզիկապես ժամանակ չեն թողնում թատրոնով լիարժեք զբաղվելու համար: Իսկ թատրոնը կիսատություն չի սիրում, այն պահանջում է ամբողջական նվիրում… Միգուցե, եթե այս զբաղվածությունս չլիներ, ամբողջովին նվիրվեի թատրոնի աշխատանքին և իմ դերասանի մասնագիտությանը:
- Ի՞նչ եք կարծում, եթերում հայտնվելու համար արտաքինը առաջնայի՞ն է:
- Անշուշտ առաջնայինը գրագետ խոսքն է և եթերային էթիկան՝ սկսած հաղորդակցվելու մշակույթից մինչև արտաքին խնամվածություն: Կարծում եմ, որ միայն արտաքինը բավարար չէ տևական ժամանակ եթերում լինելու համար: Եթերը պահանջում է անընդմեջ աշխատանք, ինֆորմացիա և զարգացում:
- Ձեր կերպարը կանացիության, մայրության, խնամվածության առումով էտալոնային է: Դա Ձեզ պարտավորեցնու՞մ է:
- Ուրախ եմ, որ նման կերպ եմ ընկալվում, բայց գտնում եմ, որ յուրաքանչյուր ոք ինքն է կերտում իր կերպարը: Դա տարիների աշխատանքի արդյունք է և «պարտավորեցնող» բառը տվյալ պարագայում կարելի էր փոխարինել մեկ այլ բառով, օրինակ՝ ապրելակերպ: Բայց, անշուշտ կենցաղում շպարի և հագնվելու ոճի առումով ես բավականին հանգիստ եմ և գտնում եմ, որ առօրյան պետք է կտրուկ տարբերվի բեմական և հեռուսատեսային կերպարից: Բնականաբար, հեռուստատեսային աշխատանքը պահանջում է մաքսիմալ խնամվածություն, և ցանկացած ոք, ով գտնվում է տեսախցիկից այն կողմ, պետք է առավելագույնս հաճելի մատուցի իրեն:
- Մի փոքր խոսենք ընտանեկան երջանկության Ձեր բանաձևի մասին: Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, որպեսզի երջանիկ լինի ընտանիքը:
- Բազմիցս խոսվում է ընտանիքում կնոջ դերի մասին. կինը ընտանիքի խաղաղ մթնոլորտի երաշխավորն է, երջանկություն ստեղծողը և պահպանողը, կարող եմ շարունակել մտքերը, բայց կարծում եմ, որ կնոջ ուսերին շատ ծանր բեռ են դրել՝ երջանկության ողջ պատասխանատվությունը բարդելով նրա վրա: Իրականում, եթե խոսում ենք ընտանիքի, հարաբերությունների մասին, ապա ընտանեկան երջանկությունը կառուցվում է կին-տղամարդ առողջ փոխհարաբերությունների հիմքում, այլ ոչ թե մասնավորապես հայ կանանց գերզսպվածության, գերհանդուրժողականության և ամեն ինչի վրա աչք փակելու հորդորների մեջ: Տղամարդկանց դերը ընտանիքի մթնոլորտի պահպանման գործում պակաս կարևոր չէ, և նրանք նույնպես պետք է էմոցիոնալ ջանքեր գործադրեն կնոջը նոր իմպուլսներ տալու համար: Երբ ընտանիքներում այդ գիտակցությունը կա, ընտանիքը կարելի է համարել առողջ և ամուր:
- Ձեր դուստրը՝ Միլան, արդեն 6 տարեկան է ու հավանաբար հասցրել է Ձեզ զարմացնել իր հարցերով: Կա՞ մի հարց, որին դժվարացել կամ դժվարանում եք պատասխանել:
- Առհասարակ, աղջիկս ամեն օր է ինձ զարմացնում իր հարցերով և սուր արտահայտված հումորով, և դա ինձ ուրախացնում է, որովհետև հումորը շատ եմ կարևորում մարդկանց մեջ: Վերջերս հասկացա, որ աղջկաս հարցերը ինձ շատ մտածելու տեղիք են տալիս: Ուզում եմ, որ իմ պատասխաններն առավելագույնս օգտակար լինեն և սպառիչ: Գուցե դա նրանից է, որ հասուն տարիքում եմ մայրացել և ամեն ինչին գիտակցաբար եմ մոտենում: Եթե 18-20 տարեկանում մայրանայի, երևի թե այսպես չսևեռվեի իմ ճիշտ պատասխանների վրա:
- Երբ կինն ու տղամարդը ներդաշնակ միություն են ունենում, նման ընտանիքում երջանիկ երեխաներ են մեծանում: Ձեր ընտանիքում առայժմ մեկ բալիկ է: Չե՞ք մտածում երկրորդ երեխայի մասին:
- Մտածում եմ:
- Նկարահանումներ, հարցազրույցներ, եթեր, դրա հետ մեկտեղ՝ երեխայի խնամք ու դաստիարակություն, ընտանեկան հոգսեր: Արդյոք դժվա՞ր չէ ապրել այս ռիթմով:
- Ինձ համար ռիթմի մեջ լինելը ապրելակերպ է: Ասեմ ավելին՝ ինձ անընդհատ պետք են նոր լիցքեր: Դժվար չէ իհարկե ապրել այս ռիթմով, եթե սիրում ես այդ ռիթմը: Ինձ վրա նկատել եմ՝ որքան զբաղված եմ, այնքան շատ եմ հասցնում օրվա ընթացքում:
- Ձեր հաղորդումը ժամանակակից կնոջ մասին է: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պակասում մեր հայուհիներին լիարժեք, գուցե էմանսիպացված ու իսկապես կայացած լինելու համար: Նկատի ունեմ կամային ինչ-որ որակներ կա՞ն, որոնք մեր կանայք վախենում են դրսևորել կամ ուղղակի չունեն դրանք:
- Նախ՝ չէի ուզենա, որ հայ կանայք էմանսիպացված լինեին, կուզենայի, որ լինեին առավել արժանապատիվ, գիտակից և ճիշտ կարողանան դրսևորել իրենց առաջնահերթությունները և իրենց կանացի սկիզբը չկորցնեն: Այժմյան սերունդը, ի տարբերություն ավանդական կանանց, տարիներով ձևավորված հանդուրժող և համբերատար իմիջի, գիտի, թե ինքն ինչ է ուզում: Իհարկե, հանդուրժող և համբերատար լինելը դրական որակներ են, բայց ոչ ինքնաոչնչացման գնով: Ես համարում եմ, որ հայ կինը առանձին տեսակ է և իր վրա մի շարք ֆունկցիաներ վերցնելով՝ արժանի է հարգանքի և գնահատանքի: Կարծում եմ, որ մեր կանայք բավանաչափ չեն գնահատվում իրենց ջանքերի և հոգեկան ներդրումների դիմաց, մեր կանայք հասցնում են համատեղել ընտանիքը, կենցաղը, աշխատանքը, ամուր կանգնած են ամուսնու թիկունքին, երեխաների կողքին մինչև վերջ: Համոզված եմ, որ այլազգի կանայք այսքան նվիրում և էմոցիոնալ ջանքեր չեն գործադրում իրենց ընտանիքի ամրությունը պահպանելու համար: Կուզենայի, որ մեր տղամարդիկ արժևորեին հենց հայ կնոջ տեսակը:
- Եվ ամենավերջում, պլաններ, որ ունեք մոտ ապագայի համար:
- Պլաններ իհարկե ունեմ, բայց գտնում եմ, որ դրանց մասին պետք է խոսել դրանց իրագործումից հետո:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ հաղորդավարուհու անձնական արխիվից