Картинки по запросу Արցախ

Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան նշել է Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Եթե փորձենք բանաձևել այս հայտարարությունը կամ կարդանք տողատակերն ու ենթատեքստերը, ապա հայկական կողմը պատրաստ է վերադարձնել, այն էլ՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ու հարյուր զոհի պարագայում, անվտանգության գոտին, բուֆերային գոտին`պայմանով, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂԻՄ–ի սահմաններով Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, որը կունենա իրավական ուժ։ «Տարածքներ`կարգավիճակի դիմաց» բանաձևը պետք է անընդունելի լինի ամբողջ հայության համար, իսկ ապրիլյան քառօրյայից ու Ալիևի այն հայտարարությունից հետո, որ Ղարաբաղին կարող են առավելագույնը շնորհել ինքնավարություն, ուղղակի անտեղի է։

Պարզ օրինակ`Թալիշը ապրիլից հետո դատարկվել էր, և այժմ փորձ է արվում հետ վերադարձնել։ Դժվար թե ստացվի, թալիշցիներին `հակառակորդի գնդակների տակ։ Իսկ ինչ կլինի, եթե յոթ կամ հինգ շրջան հանձնվեն Ադրբեջանին, պարզ մի բան` Արցախում այսօր էլ առկա արտագաղթը կեռապատկվի ու նախիջևանյան նախադեպ կլինի, չեն փրկելու ո՛չ խաղաղապահները, ո՛չ էլ այլևս հնարավորություն կլինի առկա ուժերով պաշտպանել ԼՂԻՄ–ի սահմանները։ Դրանք խոցելի կլինեն նաև արևելքից` Աղդամից, ուղիղ նշանառության տակ են Ստեփանակերտն ու շրջակայքը, հարավայից` Կուբաթլուից, Ջաբրայիլից և այլ մերձարաքսյան շրջաններից ամբողջ Ասկերանն ու Հադրութը, այդ թվում՝ Լաչինի միջանցքը, իսկ Քելբաջարի հանձնումը` ամբողջ Արցախի հյուսիսը` չհաշված խմելու ջրի ողջ պաշարները։

«Ազատություն»-ը հարցում է ուղարկել նախագահական՝ ե՞րբ է որոշում կայացվել Ադրբեջանին զիջել նախկինում ԼՂԻՄ-ը շրջապատող յոթ շրջանները, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը կհայտնվի անկլավային վիճակում: «Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը: Սրան բազմիցս անդրադարձել են թե՛ Հայաստանը, թե՛ համանախագահները: Որևէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Խոսքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո անվտանգության գոտի հանդիսացող հարակից տարածքների ներկա կարգավիճակն ավելի քան արդարացված է՝ հաշի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող շարունակական և անմիջական սպառնալիքը»,- ասված է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի պատասխանում:

Ի՞նչ է նշանակում անկլավային կարգավիճակը բացառվում է, այո՛, Լաչինի միջանցքի` անկախ երկու, տասը կամ երեսուն կմ լայնության առկայությունն ապահովելու է Արցախ–ՀՀ ցամաքային կապը, սակայն այստեղ խոսք չկա Քելբաջարի շրջանի մասին` այժմ կառուցվում է Վարդենիս–Մարտակերտ ճանապարհը և ինչ՞, այն ապագայում անցնելու է ադրբեջանցիներով բնակեցված Քելբաջարով ու այդ շրջանով։ Այդպիսի դառը փորձ եղել է խորհրդային տարիներին, երբ Արցախի հայկական գյուղերը միմյանց էին կապվում ադրբեջանական բնակավայրերի միջով ու շրջաններով անցնող ճանապարհներով։

Մերձարաքսյան շրջանների հանձնումը` Սյունիք–Արցախ սահմանային գոտում գտնվող, ադրբեջանցիներին հանձնելու դեպքում Սյունիքի արևելքը կրկին անգամ շրջափակվելու է ադրբեջանական բնակավայրերով։ Կրկին Գորիսը, Ղափանը և մյուս բնակավայրերը հեշտությամբ ընկնելու են ադրբեջանական նշանառության տակ։ Եթե անգամ այնտեղ` հակամարտության գոտում, ժամանակավորապես տասը, քսան տարով տեղակայվեն խաղաղապահներ, միևնույն է, նրանք մի օր լքելու են այդ տարածքը, ու այդ դեպքում Սյունիքի արևելքում հայտնվեն ադրբեջանական խրամատներ, հրետանի և այլ ռազմական ենթակառուցվածքներ։ Սյունիքն առանց այդ էլ մի կողմից գտնվում է Նախիջևանում տեղակայված ադրբեջանական բանակի նշանառության տակ, այժմ էլ Սյունիքի արևելքն է հայտնվելու նշանառության տակ` արտագաղթի իր հետևանքներով։

Ադրբեջանը կառուցում է անօդաչուների արտադրության գործարաններ։ Արցախի տարածքում գտնվող ցանկացած կետ ադրբեջանական անօդաչուի պոտենցիալ թիրախ կարող է դառնալ, այդ թվում՝ ՀՀ–Արցախին կապող «լայն ու ապահով» ճանապարհը։ Բաքուն Պակիստանից, Իսրայելից, հնարավոր է նաև Բելառուսից ու Ուկրաինայից գնելու է հեռահար, գերճշգրիտ զենքեր։ Այս պարագայում նրանց խոցման շառավիղը 300 կմ է`ամբողջ Արցախը։

Այս պարագայում ի՞նչ կապ է ունենալու՝ ՀՀ–ն Արցախին կապված է լայն ճանապարհով, թե նեղլիկ Լաչինի արահետով, միևնույն է, այն գտնվելու է ուղիղ նշանառության տակ դրա հետևանքներով։
Ապրիլյան քառօրյայից ու Ալիևի հայտարարությունից հետո տարածքային զիջումների մասին խոսակցությունները պետք է ընդմիշտ փակվեն, պետք է խոսել Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի ու Մարտունի որոշ գյուղերի հետ վերադարձի մասին։ Այսօրվա բուֆերային գոտին այլևս չի կարող ապահովել այն անվտանգությունը, որին ծառայում էր տասը–քսան տարի առաջ։ Ապրիլյան քառօրյան ցույց տվեց՝ Ադրբեջանը գնել է այնպիսի զենքեր, որոնք բուֆերային գոտին կարող է խոցել, ճեղքել (Թալիշի հյուսիս, Լելե Թեփե), այո, մեծ զոհերով, տեխնիկայի կորստով, բայց նրանց համար կարևոր չէ իրենց զինվորի կյանքը կամ վարձկանների, իսկ հայկական կողմի համար պետք է թանկ լինի առաջին գծում կանգնած ցանկացած զինվորի կյանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել