Հանրային հեռուստատեսությունը շարունակում է հանրությանը հրամցնել այն, ինչ իրենց է ձեռնտու, ոչ թե այն, ինչ կցանկանար տեսնել ու լսել հանրության այն հատվածը, ով տեղի ունեցող գործընթացներին չի նայում վարդագույն ակնոցներով: Փոխարենը եթերային ժամանակը ծախսվում է ժողովրդի ուղեղը լվացող հեռուստասերիալների ցուցադրման վրա: Մի՞թե «Գեներալի աղջիկը» կամ «Տիգրանի մոլորակը» առավել կարևոր են, քան օրինակ Ազգային ժողովում բարձրացվող և ժողովրդի լայն հատվածին հուզող հարցերի ցուցադրումը, որոնք միշտ մոնտաժվում են ու երբեք չեն հեռարձակվում: Իհարկե, գուցե նորություն չէ Հ1-ի կողմնակալ վերաբերմունքը քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ, ինչը եթե մասնավոր հեռուստաընկերությունների դեպքում կարելի է ինչ-որ չափով հասկանալի ու ընդունելի համարել,ապա հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստատեսության դեպքում դա պարզապես անթույլատրելի եմ համարում: Տարիներ առաջ ԱԺ նիստերը հեռարձակվում էին ուղիղ եթերով, իսկ այժմ հեռարձակվում են գիշերային ժամերին, այն էլ կրճատված: Ու չնայած այն փաստին, որ կա հնարավորություն նիստերը դիտել ինտերնետային հեռարձակմամբ, համոզված եմ, որ ոչ բոլորն են օգտվում այդ հնարավորությունից, հատկապես եթե խոսքը վերաբերում է ավագ սերնդին կամ մարզային բնակչությանը:
Հակափաստարկներից խուսափելու նպատակով խոսեմ կոնկրետ փաստերով: Երեկ ինձ անհրաժեշտ էր գտնել ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի՝ նույնականացման քարտերի տրամադրման ուշացումների մասին հնչեցրած հարցի ու կառավարության կողմից դրան տրված պատասխանի տեսատարբերակը, բայց մեկի փոխարեն երկու անգամ դիտեցի «ամբողջ» նիստը և պարզվեց, որ այն չի ներառվել եթերային տարբերակում (Հ1-ի՝ 27.02.2013թ. եթեր, ժամը՝ 23:45-00:30): Համոզված եմ, որ վերոնշյալ ելույթը միակը չէր, որ դուրս էր մնացել եթերից...
Հ.Գ. Կարծում եմ՝ Հանրայինի ղեկավարությունը պետք է փոխի իր մոտեցումներն ու լուրջ բարեփոխումներ իրականացնի, նպաստի խոսքի ազատության կայացմանը, ոչ թե սահմանափակմանը, մանավանդ որ մենք բոլորին փորձում ենք ապացուցել, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է: 

ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Արմեն Ասլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել