EXCLUSIVE
Չեն սխալվում տղամարդիկ, երբ կանանց թույլ սեռ են կոչում, որովհետև անգամ ֆիզիկապես ամենակոփված և ուժեղ կինն ունի թուլություններ, որոնց շնորհիվ նա չի դադարում մնալ նուրբ, խոցելի, զգացմունքային: Կանացի արցունքների, երջանկության ու երազանքների մասին BlogNews.am-ը զրուցել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի հետ:
- Հռիփսիմե, սկսենք ամենացավոտից. ի՞նչը կարող է վիրավորել Ձեզ։
- Ամենաշատը վիրավորվում եմ, երբ հասկանում եմ, որ ինձ ստում են: Դա ինձ հունից հանում է ու միաժամանակ նաև կոտրում: Չեմ հասկանում ստախոսներին:
- Սովորաբար կանայք սթրեսից ավելի շուտ են ձերբազատվում միայն այն պատճառով, որ, ի տարբերություն տղամարդկանց, կարող են մի լավ արտասվել ու թեթևանալ: Կանացի արցունքներ հաճա՞խ են լինում Ձեր կյանքում:
- Ամենադժվար պահերին էլ փորձում եմ ամեն ինչ մինչև հուսահատություն չհասցնել: Երբ նոր էի սկսում իմ մարզական կարիերան, բոլորովին այլ բնավորություն ունեի, ավելի փխրուն էի, շուտ տպավորվող: Բայց տարիների հետ սպորտը կոփեց ինձ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեբանորեն: Կանացի արցունքները… լինում են, իհարկե, բայց ամեն կերպ փորձում եմ չհասցնել դրան, եթե խոսքը թուլանալու ու հուսահատվելու մասին է:
- Մրցելույթ, ծանրաձող, մոտեցման մեկնարկի ազդանշան: Ի՞նչ եք զգում այդ պահին:
- Ամեն անգամ ծանրաձողին մոտենալիս, ամենայն անկեղծությամբ եմ ասում, աչքիս առաջ իմ ժողովուրդն է լինում, մի պահ մտովի պատկերացնում եմ հեռուստաէկրանների առջև նստած իմ հաղթանակին սպասող հազարավոր հայրենակիցներիս: Միակ բանը, որ մտածում եմ այդ պահին, ինձ վստահող ու հավատացող մարդկանց սպասումներն արդարացնելն է:
- Ապրիլյան ծանր օրերին Նորվեգիայում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար նվաճած Ձեր և Նազիկ Ավդալյանի հերթական ոսկե մեդալները առանձնահատուկ էին: Ոգևորությունն ու բարձր մարտական ոգին, որ դուք պարգևեցիք մեր զինվորներին, անգնահատելի է: Ի՞նչ ապրումներ ունեիք այդ օրերին:
- Ամենապատասխանատու մրցելույթս երևի ողջ կյանքիս ընթացքում: Մայրանալուց հետո ես խոստացել էի անպայման վերադառնալ մեծ սպորտ ու նորից մեդալներ նվաճել: Խոսք էի տվել ինքս ինձ, որ հաղթանակի դեպքում այն նվիրելու եմ տղայիս: Արդեն վերջին մոտեցումս էր, ու գիտեի, որ վերջ, սա էլ, ու ես չեմպիոն եմ դառնում: Շատ էի հուզվել, զգացմունքներս միախառնվել էին, ու տղայիս դեմքն էր անընդհատ աչքիս առաջ: Սակայն ինքներդ էլ գիտեք՝ ինչպիսին եղավ այս տարվա ապրիլը մեր ազգի համար: Եվ երբ բարեհաջող ավարտեցի մրցելույթս, նույն պահին որոշեցի հաղթանակս նվիրել առաջնագծում գտնվող մեր տղաներին:
- Ձեր ամուսինը՝ Տարոն Թովմասյանը, ևս ծանրամարտիկ է, սակայն հիմա մարզչական գործունեությամբ է զբաղված: Դուք՝ օլիմպիական մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն. Ձեր ընտանեկան հարաբերությունների վրա այս հանգամանքը չի՞ անդրադառնում:
- Այո՛, ես ավելի բարձրակարգ մարզիկ եմ: Սակայն մեր ընտանեկան հարաբերություններում սա բոլորովին ոչ մի նշանակություն չունի: Մեր ընտանիքում ես կին եմ ու մայր, իսկ ամուսինս էլ, ինչպես բոլոր հայ ընտանիքներում, տան գլուխն ու ղեկավարը: Սակայն այն, որ երկուսս էլ մի բնագավառից ենք, ունենք հետաքրքրությունների նույն շրջանակը, չի կարող տեղ չունենալ մեր առօրյայում: Իմ ամուսինն իմ առաջին խորհրդատուն է, նա էլ շատ լավ մարզիչ է և ունի սան, ով Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Արփինե Դալալյանի մասին է խոսքը: Իսկ մասնագիտական առումով նա ինձ միայն օգնում է, միշտ շատ դիպուկ ու կոնկրետ խորհուրդներ է տալիս: Երբ ընկճվում եմ, ասում է՝ վերջ, անցանք, էդ դիր մի կողմ, դա արդեն անցած-գնացած է, ու միայն առաջ նայիր:
- Ձեզ հաճախ են ընդգրկում աշխարհի ամենագեղեցիկ մարզուհիների ցուցակներում: Ու իսկապես, նման մարզաձևում լինել և մնալ այսչափ կանացի՝ բարդ չէ՞:
- Կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում: Այո՛, ես լավ գիտեմ, որ ծանրամարտ ասելով՝ ցանկացած մարդ պատկերացնում է տղամարդավայել կին: Այդ իսկ պատճառով ամեն ինչ անում եմ այս կարծրացած կարծիքը վերացնելու համար: Դիմահարդարում, մատնահարդարում. մրցելույթներից առաջ այս ամենը ևս չի վրիպում իմ ուշադրությունից: Վերջիվերջո, կինը պետք է կանացի լինի ցանկացած պարագայում:
- Կանացի թուլություններ. շա՞տ են.
- Շատ են: Հատկապես խոհանոցն եմ շատ սիրում: Սիրում եմ պատրաստել ընտանիքիս համար, ուրախանում եմ, երբ ինչ-որ բան եմ պատրաստում, ու ամուսինս հավանում է: Հաճախ, երբ մրցումների եմ լինում արտասահմանում, եթե ինչ-որ հետաքրքիր աղցան եմ տեսնում, անպայման պարզում եմ բաղադրությունն ու վերադառնալուն պես պատրաստում եմ ամուսնուս համար: Առհասարակ, Տարոնը շատ է հավանում հատկապես աղցաններս:
- Մեծ սպորտ, ընտանիք, երեխա, մարզասրահ... Ինչպե՞ս եք հասցնում։
- Երեխայիս ծնվելուց հետո մի պահ շատ դժվար փուլ էր իմ կյանքում: Մարզումներից հետո ուժասպառ վերադառնում էի տուն ու այլևս ուժ չէի ունենում երեխայով զբաղվելու համար: Մեղավոր էի ինձ զգում, ու չգիտեի ոնց անել, որ և՛ երեխային բավարար ժամանակ հատկացնեմ, և՛ մարզումներին: Հիմա, փառք Աստծո, ամեն ինչ իր տեղն է ընկել: Աշոտս մեծ տղա է, մանկապարտեզ է հաճախում, ու ամեն անգամ, երբ պիտի թողնեմ նրան մանկապարտեզում ու գնամ մարզասրահ, զգուշացնում է ինձ, որ առանց իրեն հանկարծ «հեռու գործի տեղ» չգնամ: Եվ երբ ասում եմ, որ գնում եմ մարզասրահ ու շատ շուտ վերադառնալու եմ իր հետևից, խաղաղվում է ու ներս է մտնում: Միշտ մտածում եմ՝ տեսնես ինչու՞ է նման բան ասում:
- Ներընտանեկան հարաբերություններում Ձեր մասնագիտությունը խնդիրներ ստեղծու՞մ է։
- Եթե անկեղծ, ամուսինս խանդոտ է: Բնական է, մեր բնագավառում այնպես է ստացվում, որ օրվա մեծ մասն անցկացնում եմ տղամարդկանց միջավայրում, սակայն փոխադարձ վստահությունը միմյանց հանդեպ մեզ օգնում է հաղթահարել ամեն բան:
- Կպատմե՞ք Ձեր տղայի մասին:
- Ամբողջ գիտակից կյանքս անցկացրել եմ ծանրաձողի հետ կռիվ տալով: Սովոր եմ, որ օրվա մեծ մասը լռության մեջ անցնի՝ ես և ծանրաձողը: Սակայն իմ կյանքում որդուս հայտնվելը անգամ այստեղ ամեն ինչ փոխեց: Հաճախ եմ Աշոտին հետս մարզումների տանում, ու Դուք չեք պատկերացնի, թե որքան շատ հարցեր է նա տալիս: Երբեմն օգնության է հասնում ամուսինս ու ցրում նրա ուշադրությունը, որովհետև եթե երեխայի հարցերին սկսեմ պատասխանել, ապա ողջ օրն ուրիշ ոչինչ չեմ հասցնի անել :) Հետաքրքրասեր բալիկ է, ծանրաձողի հանդեպ էլ սեր ունի: Երբ հեռուստացույցով դիտում է մրցելույթներս, պատմում են, որ գոռում է «մամա՜, բարձրացրու»:
- Ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունեք ու ո՞րն է կանացի երջանկություն ասվածն՝ ըստ Ձեզ:
- Կինը լիարժեք երջանիկ է, երբ ընտանիք ու երեխաներ ունի: Անկեղծորեն որ ասեմ, իմ բոլոր մեդալներից ու տիտղոսներից վեր մեծագույն նվաճումս որդուս եմ համարում: Ամուսնուս հետ հաճախ ենք խոսում երկրորդ երեխայի մասին: Երազում ենք աղջիկ ունենալ, սակայն դա արդեն մեծ սպորտից հետո: Իսկ սպորտի հետ կապված նպատակս մեկն է. քանի որ արդեն ունեմ օլիմպիական բրոնզե մեդալ, շատ կցանկանայի, որ մեդալս փոխի գույնը: Օլիմպիական ոսկի՝ նպատակ, որն ունի ամեն մարզիկ, այդ թվում և՝ ես: Դա իմ բաղձալի երազանքն է:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի