EXCLUSIVE

Երգիչ Արմենչիկը հայրենիքում է, իսկ առիթը հարազատների խնջույքին մասնակցելը և ընկերներին տեսնելն էր: Երևան այցի ժամանակ նա՝ որպես հյուր, մասնակցել է Հանրային հեռուստաընկերության «Ամենակարող երգիչ» նախագծին: Երգիչը համաձայնվել է պատասխանել BlogNews.am-ի մի քանի հարցերին:  

«Երբ «Ամենակարող երգիչ» նախագծի պրոդյուսերները իմացան, որ Երևանում եմ, հրավիրեցին որպես հյուր մասնակցելու նախագծին: Կատարել եմ Շերամի երգացանկից: Ես նման երգեր շատ եմ կատարում, սա էլ լավ առիթ էր նման հաղորդման ժամանակ կատարելու»,- նշում է երգիչը և ավելացնում, որ նախագծին հետևում է, քանի որ այստեղ իրենց զբաղվածությունն ունեն նրա ընկերները՝ Կարենը և Սևակը, իսկ մասնակիցներին հաջողություն է մաղթում: 

Արմենի խոսքով՝ Երևան վերջին այցից շատ ժամանակ չի անցել, եղել են դեպքեր, երբ պարզապես մեկ օրով է եկել. «Երբ գալիս եմ Մոսկվա, հետո պարտադիր գալիս եմ Հայաստան և այցելում եմ իմ հարազատներին և ընկերներին»:

Երգչի համար այս տարին բավականին հաջող էր. «Համերգային շրջագայությունների առումով շատ բուռն տարի է եղել ինձ համար, ինչպես նաև ընտանիքի համալրման առումով ևս. ծնվել է մեր երկրորդ բալիկը՝ Անգելինան, ով վեց ամսական է հիմա: Ես Աստծուց շնորհակալ և գոհ եմ, որ կարողանում ենք ուրախացնել մեր հանդիսատեսին»:

Իսկ այն հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում հոր կարգավիճակում, երգիչը պատասխանեց. «Ինձ ասում են, որ ես բազմազավակ հայր եմ: Շատ ուրախ եմ, որ ունեմ առողջ բալիկներ և լավ կին, ինձ հիմա ավելի պարտավորված եմ զգում, և կյանքս երեխաների ծնունդից հետո ավելի է հետաքրքրացել: Շատ ուրախ եմ և շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ պարգևել է հրաշք բալիկներ և լավ կին»:

Զրույցի վերջում, խոսելով ստեղծագործական նորությունների մասին, երգիչը նշեց. «Մյուս տարի սպասվում են նոր աշխատանքներ, կլինեն նոր երգեր: Իմ երգի սիրահարներին կասեմ, որ շատ հետաքրքիր աշխատանքներ են լինելու»:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել