Երգչուհի Քրիստինե Պեպելյանի համար երեկ շատ կարևոր օր էր: Առնո Բաբաջանյանի 95 ամյակին նվիրված համերգի ժամանակ նա ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր` Էդուարդ Թոփչյան): Երգչուհին նշեց, որ դա իր համար մեծ պատիվ էր: «Շատ ոգևորված եմ, շատ-շատ հաճելի էր»,- BlogNews-ի հետ զրույցում նշեց նա:

 

Երգչուհին այս փուլում նոր գործեր չի ներկայացրել, սակայն նշեց, որ աշխատել չի դադարել: «Այս ընթացքում ստեղծվել են նոր երգեր, աշխատել եմ նոր մարդկանց հետ: Պարզապես գալիս է մի շրջան, երբ ուզում ես մի քիչ հանգիստ լինել: Անընդհատ ինչ-որ բան ասել հնարավոր չէ: Երբեմն պետք է դադարներ լինեն, ինչը նորմալ է: Սրանք համարում եմ ստեղծագործական դադարներ, որովհետև իրականում դադարում եմ, բայց ստեղծագործում»,- նշեց նա:

Քրիստինեն հայտնեց, որ դեկտեմբերին պատրաստվում է մեկնել ԱՄՆ. «Նոր տարվա շեմին ԱՄՆ-ում ամեն ինչ շատ գեղեցիկ է: Ամենայն հավանականությամբ Ամանորին Ամերիկայում կլինեմ: Վերադառնալուց հետո նոր գործեր կներկայացնեմ»,- ասաց երգչուհին, ով դեռ չգիտի՝ մենակ է մեկնելու, թե ոչ:

Երգչուհին նոր տեսահոլովակ ունի, որը պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել Ամանորից հետո. «Այս տեսահոլովակի աշխատանքները մի քիչ շատ երկարեցին, քանի որ ստեղծագործական թիմի մի մասը Հայաստանում է, մյուս մասը՝ Մոսկվայում: Ժամանակային առումով երբեք չենք հարմարվում իրար: Կարծում եմ՝ տարեսկզբին վերջնական տարբերակը պատրաստ կլինի»,- ասաց նա ու հայտնեց, որ երգը կոչվում է «Հավատա», հեղինակը Ժակլին Թադևոսյանն է:

Քրիստինեն հայտնեց, որ ևս մի երգ ունի, որն արդեն պատրաստ է. «Սիրուն, ռոմանտիկ երգ է: Շուտով կհանձնեմ հանդիսատեսի դատին»,- եզրափակեց երգչուհին:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել