Image result for ‫שריפת 2016 חיפה‬‎Նոյեմբերի 22-ից սկսած՝ արդեն 4-րդ օրն է՝ Իսրայելի մի քանի շրջաններ բախվել են աննախադեպ ծավալի անտառային հրդեհների. պատճառը չոր աշունն ու ուժեղ քամիներն են: Մինչդեռ որոշ բնակավայրերում գրանցվել են նաև միտումնավոր հրդեհման փորձեր։ Իսրայելական իրավապահ մարմիններն արդեն իսկ ձերբակալել են հանցավոր գործունեություն ծավալած 12 անձանց (այդ թվում նաև՝ ազգությամբ արաբներ), տասնյակների նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Իսրայելական իշխանությունները երկրում տեղի ունեցողը բնութագրում են նաև որպես ահաբեկչություն, «կրակային իթիֆադա» (ապստամբություն):

Ընդհանուր առմամբ՝ երկրի ամբողջ տարածքում գրանցվել է շուրջ 250 հրդեհ, հրո ճարակ դարձած իսրայելական մի շարք բնակավայրերից տարհանվել է շուրջ 85 հազ մարդ, ամենից շատ տուժած մեծությամբ 3-րդ՝ Հայֆա քաղաքից միայն՝ 60-75 հազար բնակչություն: Ներկայումս հրդեհներն ակտիվորեն տարածվում են նաև Երուսաղեմի շրջակայքում: Անտառային հրդեհների ներկա ալիքն իր ծավալներով ամենակործանարարն է առնվազն վերջին մեկ տասնամյակի ընթացքում, թեպետ նախկինում ևս՝ 2010թ. Հրեական պետությունը բախվել էր նման խնդրի:

Ինչպես 6 տարի առաջ, այնպես էլ այս օրերին, երկրի կառավարությունը դիմել է միջազգային հանրության աջակցությանը: Շուրջ 1 տասնյակ երկրներ, այդ թվում՝ Կիպրոսը, Հունաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, անգամ Ուկրաինան ու Ադրբեջանն արդեն իսկ Իսրայել են ուղարկել կամ դեռևս ճանապարհին է 1 կամ 2 հրշեջ ինքնաթիռ:
Ըստ որոշ աղբյուրների՝ հրդեհները տարածվել են նաև Իսրայելի հարևան երկրներ՝ Սիրիա և Հորդանան:

Իսրայելում ստեղծված իրավիճակին մեծ ցնծությամբ են արձագանքում սոցիալական ցանցերի արաբական հատվածում: Գրառումներում հնչում են ինչպես ծաղր, այնպես էլ անեծք պարունակող մեկնաբանություններ, ինչպես օրինակ՝ «Թող Ալլահը նոր քամիներ ուղարկի և այրի Իսրայելը» կամ «Եթե տրամադրության անկում ունեք, ուրախացեք, Իսրայելն այրվում է» և այլն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել