EXCLUSIVE
Երգիչ, հաղորդավար, Սամվել Գրիգորյանի դուստրը՝ Նարե Գրիգորյանը երեկ նշանադրվել է: Նրա ընտրյալն Արամ Շամիլյանն է: Մտերիմների և ընկերների շրջապատում էլ տեղի է ունեցել արարողությունը: Blognews.am-ի հետ զրույցում Նարեն պատմել է իր կյանքի կարևոր իրադարձության մանրամասները:
«Իմ նշանադրության մասին դրանից ժամեր առաջ եմ իմացել: Իհարկե, որոշել էինք նշանադրվել, բայց ոչ անակնկալ կերպով: Նշանադրությունը եղավ ամսի 24-ի, քանի որ ժամեր հետո Արամի հայրիկը պետք է մեկներ ԱՄՆ, իսկ մեզ համար շատ կարևոր էր, որ նա ևս ներկա լիներ արարողությանը: Ես վերջին րոպեին եմ զգեստս ընտրել, քանի որ նախորդ օրը գիշերն եմ իմացել դրա մասին և մեկ ժամ ուշացել եմ խնջույքից: Իհարկե, չար կատակ էր, քանի որ յուրաքանչյուր աղջկա համար շատ պատասխանատու օր է, և ժամանակ է հարկավոր պատրաստվելու»,- պատմում է Նարեն:
Երգչուհու համար նշանադրությունն ամենապատասխանատու քայլերից մեկն է. «Ես չէի սպասում, որ այս կերպ կլինի նշանադրությունս, անգամ չգիտեի՝ ովքեր են հրավիրված: Մայրիկս և մտերիմ ընկերուհիս, որը նաև Արամի քույրն է, զանգահարել էին ընկերներիս և հրավիրել. մեկ շաբաթվա մեջ ամեն ինչ կազմակերպել էին։ Երբ մտա դահլիճ, ես շոկահարված էի, գիտեի՝ ուր եմ գնում, բայց չգիտեի, թե ովքեր են հրավիրված լինելու»:
Արարողության ընթացքում Նարեի կոլեգաները իրենց կատարումներով ուրախացրել են հյուրերին և զույգին. «Երբ իմ և Արամի անունները հայտարարեցին, և մենք մտանք դահլիճ, հենց այդ պահին արցունքներս գլորվում էին, երբ տեսա սրահում այդքան մարդու: Շատ հուզված էի, չէի կարողանում ուշքի գալ: Ընկերներս սկսեցին իրենց երգերը նվիրել և բարեմաղթանքներ հղել: Հետո արդեն ինձ առաջարկեցին երգել, բարձրացա բեմ և երգեցի»:
Իսկ այն հարցին՝ գուցե ամուսնությունն էլ այդպես անակնկալ ստացվի, երգչուհին պատասխանեց. «Ես դա չեմ ների Արամին և իմ տան անդամներին: Գուցե հարսանիքը լինի մյուս տարվա մեջ, ես չեմ սիրում ոչինչ պլանավորել, քանի որ կյանքը ցույց է տալիս՝ մենք պլանավորում ենք, Աստված վերևից նայում և ծիծաղում է»,- եզրափակեց երգչուհին։
BlogNews.am-ը շնորհավորում է զույգին և հարատև սեր մաղթում:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի