Ըստ էության սա սկիզբն է ամեն վերլուծության, գնահատականի, վերաբերմունքի, պահվածքի ու գործունեության: 1995թ. ՀՀ-ում սկիզբ դրվեց ընտրությունները կեղծելու և մարսելու տեխնոլոգիան: Մեկը պատմում էր (երևի յուրահատուկ ցինիզմից), որ իր ձեռքը ցավում էր, երբ ստիպված էր մի 500 քվեաթերթիկի վրա «պտիչկաներ» նկարել (ի դեպ դա իսկապես այդպես է` կարող եք փորձել): Դա սկիզբն էր ու առաջին անգամ: Դա շատ անսպասելի էր:
1996թ. հիմք դրվեց մի այլ ավանդույթի` կեղծված ընտրությունների դեմ պետք է ընդվզել: Այնուհետև այս ավանդույթները դարձան խաղի կանոններ: Իշխանական կանոն` «լավ կլիներ ընտրեիք, մեկ է ձեզ իշխանություն տվող չկա» (Վազգեն Սարգսյան):
Ընդիմության կանոն` հաղթել ենք մենք: 
Ինչպես մենք հետագայում տեսանք, երկու կողմերն էլ սրբությամբ պահպանում էին խաղի կանոնները` իշխանությունները կեղծում էին՝ ամեն անգամ կիրառելով «նորույթ», իսկ տվյալ տարվա ընդդիմությունը հավաքում էր անհայտ թվով ձայներ, բայց բավարար երկրորդ տեղի համար ու հայտարարում, որ հաղթել է 80, 70, 60 տոկոս` ըստ ճաշակի ու հասարակական պահանջի: Սրան ենք մենք անվանում «միջին հայկական» ընտրություններ:
Կարող են ասածիս մեջ ցինիզմի էլեմենտներ նկատել, սակայն իրականոմ ամբողջն ափսոսանք է:
Ի՞նչ ունեցանք մենք այս խաղից: Միայն մեկ բան` այդ խաղը կործանում է ամեն ինչ: Օբյեկտիվորեն (ժամանակ, նոր սերունդ) ևս մի բան կատարվեց` ԲՈԼՈՐԸ հասկացան, ավելին` շատերն ընդունեցին, որ այդպես շարունակել հնարավոր չէ: 
Ո՞վ պետք է կանգնեցնի այս ամենը, ո՞վ կարող է կանգնեցնել այս ամենը, ո՞վ կարող է համեմատաբար հեշտ լուծում առաջարկել:
Իդեալական կլիներ, որ հասարակությունն ինքը լուծեր: Բայց մենք հասկանում ենք, որ դա ռեալ չէ` երբ 20 տարի շարունակ գիշեր-ցերեկ ասում են, որ «լավ կլիներ ընտրեիք, մեկ է ձեզ իշխանություն տվող չկա», մյուս կողմից էլ հաստատում են, որ այդպես է (ապացույցը` մի շարք չառաջադրումներ), ապա այդ հասարակությունից սպասել հավատ սեփական ուժերի նկատմամբ սխալ կլիներ: 
Մնաց իշխանությունը:
Եթե մենք ասենք, որ առաջին անգամ այդ հաստատված տխմար խաղի կանոններում իրենց մասով փոփոխություններ կատարեց գործող նախագահը, ազնիվ կլինենք: Ընդունելով քաղաքականությունը, որպես հնարավորի արվեստ, ընդ որում չափազանց ռացիոնալ արվեստ, կարելի՞ էր սպասել ավելին: Դժվար թե, որովհետև «սկզբունքային նշանակության ավելին» չառաջադրվելն է, ամենառոմանտիկ լուծումը, իր ողջ անկանխատեսելիությամբ հանդերձ (անձամբ կարծում եմ, որ դա բացառիկ անպատասխանատվություն կլիներ): Հենց միայն դրանով, որ այդպես չեղավ, դա 2013թ. լուծում չէր: Հոգով ու մտքով եմ ասում` 2013թ. ընտրությունները չի կարելի անվանել «միջին հայկական»:
Եվ այսպես տեղի ունեցավ խաղի կանոնների փոփոխություն հակառակ ուղղությամբ, առաջին անգամ, և սա նույնպես շատ անսպասելի էր, հատկապես հասարակության համար: Շրջանը փակվեց: Սա էտապային փոփոխություն էր: Սրան ընտելանալու համար ժամանակ է պետք: Տեսնել սա թույլ չեն տալիս միայն քսանամյա իներցիան ու մեկ էլ, եթե ձեռնտու չէ: Այսօրվա վերաբերմունքն իշխանության նկատմամբ պայմանավորված է «ինչ ցանես, այն էլ կհնձես» -ով, չափազանց շատ էր անորակ սերմը: Եթե դիտարկենք քաղաքականության երկու սուբյեկտներին` իշխանություն, ընդդիմություն, ապա որքան էլ զարմանալի է և անսպասելի, սրանցից միայն իշխանությունն է, որ իներցիայով չի շարժվում: Անզեն աչքով երևում է ընդիմության ոչ ադեկվատությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողության բանալին այն էր, որ նա իրականում հասկացել էր, որ «տվյալ պայմաններում» կանոնները փոխվել են: Ուզում եմ հավատալ նաև, որ «Հնարավոր է» լոզունգն այստեղից էր գալիս ու գիտակցված էր: Սա հասկացել էին նաև ամերիկաներն ու եվրոպաները: Բնական պատճառներով սա չհասցրեց զգալ ու հասկանալ հասարակությունը: Բայց ինչ արած` «ինչ ցանես, այն էլ կհնձես», իսկ քաղաքականությունը շարունակում է մնալ հնարավորի արվեստ ու շատ ռացիոնալ արվեստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել