Երգչուհի Նարե Գևորգյանն օրերս իր երկրպագուների դատին հանձնեց «Թաքնված սեր» երգի ամբողջական տարբերակը, որը համանուն հեռուստասերիալի սաունդթրեքն է:
BlogNews-ի հետ զրույցում Նարեն ասաց, որ ի սկզբանե երգը կիսատ էր թողարկել, քանի որ ժամանակը սուղ էր: «Սկզբում երգն ուներ մի տուն, մի կրկներգ: Քանի որ սերիալի անոնսն արդեն պետք է եթեր հեռարձակվեր, չհասցրինք ամբողջական տարբերակը պատրաստել»,- ասաց նա ու հավելեց, որ առաջին իսկ պահից հասկացել է, որ երգն իրեն հոգեհարազատ է:
«Հանդիսատեսն էլ էր հարցնում՝ ամբողջական տարբերակը ե՞րբ պատրաստ կլինի: Գիսանեի հետ որոշեցինք, որ երգը պետք է ունենա նաև շարունակություն: Վաղ առավոտյան էի գնացել ձայնագրման, սակայն պրոցեսը շատ հեշտ ստացվեց: Երգն այնքան եմ սիրել, որ անընդհատ ուզում էի էլի երգել, բայց ասում էին՝ շատ լավ ա, բավական է:)»,- պատմեց երգչուհին:
Նարեից հետաքրքրվեցինք՝ ունի՞ իր թաքնված սերը: «Բոլորս էլ ունեցել ենք մեր թաքնված սերը: Ես էլ բացառություն չեմ: Իսկապես լացել եմ այս երգը կատարելիս: Հոգով եմ կատարել, դրա համար ստացվեց»,- ասաց նա ու հավելեց, որ կողակից չունի, իսկ այս պահին սիրահարված է, թե ոչ, չի ուզում բացահայտել:
Երգչուհին նշեց, որ «Թաքնված սերը» տեսահոլովակ չի ունենա, սակայն ունի նոր երգ, որի հիման վրա հունվարին տեսահոլովակ կնկարահանի: «Անձրև» երգի հեղինակը «Արևի» հեղինակ Լիանա Թորոսյանն է: «Լիրիկական, տխուր լադերի վրա հիմնված երգ է: Նախատեսում եմ հունվարին նկարահանել տեսահոլովակ: Նախապես չեմ թողարկելու երգը: Երբ երգն ավելի շուտ ես թողարկում, մարդիկ շատ են լսում ու արդեն հոգնում են: Գործիքավորումն արդեն պատրաստ է, շուտով կձայնագրվեմ»,- եզրափակեց նա:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի