Այսօր օրը բացվեց ավետիսով: Ստեփանակերտի ծննդատանը առավոտյան լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմի օրերին զոհված Գեղամ Մկրտչյանի և Անուշի բալիկը: BlogNews.am-ը կապ է հաստատել նորաթուխ մայրիկի հետ, շնորհավորել ու տեղեկացել փոքրիկի ու Անուշի որպիսության մասին: «Աղջկաս հետ ամեն ինչ լավ է, ծնվել է 3.700 կգ քաշով և 51 սմ հասակով»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Անուշը: Հարցին, թե ինչ ապրումներ ունի այս պահին, Անուշը հուզվեց: Մենք հեռախոսազրույց ունեցանք նաև Գեղամի եղբոր հետ, ով տեղեկացրեց, որ բոլոր հարազատներով ծննդատան բակում են և սպասում են բժիշկների թույլտվությանը՝ Անուշին ու նորածնին տեսակցելու համար:
Հիշեցնենք, որ Անուշն ու Գեղամը ապրիլյան պատերազմից 6 ամիս առաջ էին ամուսնացել: Հանդիպել էին զորամասում, որտեղ երկուսն էլ ծառայում էին: Գեղամ Մկրտչյանը զոհվել է Թալիշի պաշտպանության դիրքերում ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը: Մայիսի 28-ին ՀՀ նախագահը Անուշին է հանձնել ամուսնուն հետմահու շնորհված «Արիության մեդալը»:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի