Картинки по запросу Կարեն ԿարապետյանՈչ մի արտառոց բան իրականում տեղի չի ունեցել։ Նկատի ունենք Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու մասին որոշումը։ Սա նախևառաջ պայմանավորված էր քաղաքական մթնոլորտի փոփոխությամբ։ Կարապետյանը իր ելույթում հստակորեն նշեց քաղաքական թիմի առկայության կարևորությունը։ Անշուշտ, դա շատ կարևոր պայման է, բայց հարց է առաջանում, թե ինչու վարչապետը միայն հիմա որոշեց անդամագրվել իշխող ուժին։ Կարծում ենք՝ որոշիչ դեր է խաղացել ներքին ինքնակազմակերպման գործոնը։ Վարչապետը իր պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցում հասցրել է դառնալ իշխանության մեջ գտնվող այն հազվադեպ պաշտոնյաներից մեկը, ով ինչ-որ չափով համակրանք է վայելում հանրության կողմից։ Սակայն քաղաքական խնդիր լուծողը մեր երկրում իշխանությունն է, ուստի այն չի կարող պայմանավորվել միայն մեկ հոգով։ Հետևաբար Կարապետյանը պետք է փորձի նաև ազդել ՀՀԿ տրանսֆորմացիայի վրա։ Դա, իհարկե, երկար ժամանակ կխլի, ինչը հնարավորություն կտա փորձ կատարելու այլևս սպառված նախկին ՀՀԿ-ին ռեաբիլիտացիան կազմակերպելու համար։ Եթե կա նման խնդիր, ապա Կարապետյանի անդամագրումը կուսակցությանը ճիշտ ժամանակին է։ Որովհետև եթե նա մի քիչ էլ երկար մնար անկուսակցական վիճակում, գնալով սպասելիքները նրանից կարող էին շատանալ, իսկ ՀՀԿ կառուցվածքաբանությունը, այժմյան էությունն ու, առհասարակ, անցյալի փորձը ցույց են տալիս, որ կուսակցության անդամ չլինելու, ներքին կոնֆիգուրացիաներին չտիրապետելու պարագայում պաշտոնյան այդպես էլ չի կարողանում ինտեգրվել իշխանական խոհանոցին ու դառնում է «чужой среди своих» ։
 
Սրանով նաև հստակ է դառնում, որ Հայաստանի ներքաղաքական կյանքի հաջորդ փուլը լինելու են ոչ թե ավելի շատ իշխանություն-ընդդիմություն, այլ իշխանություն-իշխանություն հակադրությունները։ Հին գվարդիան, իհարկե, ձեռքերը ծալած չի նստելու, քանի որ դժվար է լինելու միանգամից հենց այնպես հրաժարվել տարիներ շարունակ իշխանության մեջ գտնվելու գայթակղությունից։ Շատ բան կախված է նաև Սերժ Սարգսյանից, քանի որ վերջին ներքին վերադասավորումների հարցերում չափից դուրս անկանխատեսելի է, ու դեռ հայտնի չէ՝ ՀՀԿ ռեբրեդինգի արդյունքում դուրս մնացած գվարդիականները միայն քաղաքական գործընթացներից դուրս մնալով կսահմանափվեն, թե կսկսվի նաև փոփոխությունների ռադիկալ մասը՝ պատասխանատվության կանչելու մասով։ Եվ ուրեմն՝ այս պարագայում Կարապետյանի համար խնդիրը դառնում է մի փոքր հեշտ։ ՀՀԿ ինտեգրացիան նրա մոտ կարող է սպասվածից շատ ավելի հեշտ ընթանալ, որովհետև պահպանողական, կոնսերվատիվ, սրբազան հներին փոխելու են գալիս ավելի առաջադեմ, ինտելեկտուալ լեգեոնները։ Գնդակը այժմ Կարեն Կարապետյանի դաշտում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել