Այսօր ընկերուհիս պատմեց, թե ինչ տհաճ իրավիճակ է ստեղծվել Երևանի թիվ 3 մանկապարտեզում: Մանկապարտեզի տնօրինությունն ինքնակամ վերանորոգման աշխատանքներ է ձեռնարկել և երեխաների ծնողներից դրամահավաք է իրականացնում` յուրաքանչյուր երեխայի համար 8000 դրամ: Բացի այդ` ծնողները նոյեմբերին 5000-ական դրամ են վճարել այսպես ասած «գազի փող», քանի որ այդ մանկապատեզը շուտ է սկսել ջեռուցումը: Վճարը փոխանցվել է ինչ-որ հաշվեհամարին, որը, ըստ մանկապարտեզի տնօրինության, «գազի հաշիվն» է:
Դեկտեմբերից քաղաքապետարանը օրինական սկսել է իրականացնել ջեռուցումը, և պարզ է, որ այդ գումարը կարող է հավաքվել մեկ էլ մարտ ամսին: Ինչ վերաբերում է վերանորոգման գումարին, ապա դա պարտադիր հանգամանք է, և այն ծնողները, ում 2 երեխան էլ այդ մանկապարտեզն են հաճախում, բայց չունեն բավարար գումար երկուսի համար 8000 դրամ վճարելու` զեղջի հնարավորություն չեն ստանում, քանի որ մանկապարտեզի աշխատողները զիջման չեն գնում` ասելով, որ դա տնօրինության որոշումն է, հնարավոր չէ միայն մեկ երեխայի համար վճարել:
Եղել են ծնողներ, ովքեր զանգահարել են քաղաքապետարան և բողոքել մանկապարտեզի անձնակազմի այդ պահվածքից, սակայն հետագայում դայակ-դաստիարակներից իրենց երեխաները լավ վերաբերմունք չեն ստացել:
Պարզվել է, որ նրանք հատուկ վատ են հետևել երեխաներին` կեղտոտ թողնելով բնական կարիքները հոգալուց հետո: Երեխաները բողոքել են ծնողներին, որ դայակները կոպին են վարվել` ասելով, թե «դրա տուոտւզը մի սրբեք` ծնողը լավը չի»` նկատի ունենալով, որ կամ գումարը չի վճարել, կամ զանգահարել է պատկան մարմինների և բողոք ներկայացրել:
Այսօր ընկերուհիս ստիպված է եղել զանգահարել ոչ թե քաղաքապետարան, այլ կառավարության «թեժ գիծ», քանի որ բողոքող ծնողների անունները զարմանալիորեն հայտնի են դառնում մանկապարտեզի անձնակազմին, և նրանք իրենք հերթին երեխաներին վատ վերաբերվելով իրենց «մուռն են հանում»: Տվյալ մանկապարտեզի ծնողների մեծ մասը գերադասում է սուս ու փուս վճարել, որպեսզի անհոգ լինեն իրենց երեխայի ցերեկային խնամքի համար:
Ըստ իս, այս խնդիրը ոչ միայն թիվ 3 մանկապարտեզում է առկա:Անընդունելի է, որ քաղաքապետարանի այսքան նորմալ քայլերից հետո մանկապարտեզների տնօրենները «փչացնում են» այդ գործը: Կարծում եմ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի այս արատավոր ավանդույթները վերանան մակապարտեզներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել