_59062037_geo_rose_rev_g13 տարի առաջ նոյեմբերի 23-ին Վրաստանում հեղափոխության միջոցով իշխանափոխություն եղավ: Այժմ արդեն նորից ընդդիմադիր Միխեիլ Սաակաշվիլին այն ժամանակ հազարավոր մարդկանց աջակցությամբ գահընկեց արեց Շեվարդնաձեին:  «Վարդերի հեղափոխության» մասին 13 տարի անց…
Հոդվածը՝ Հասմիկ Մելիքսեթյանի` «Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները (2003-2015 թթ.). զարգացման հնարավորություններն ու հեռանկարները» մագիստրոսական թեզից մի հատված է:

Երրորդ հազարամյակի առաջին տարիները Վրաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության համար շրջադարձային եղան: 1995 թվականից երկիրը ղեկավարող Էդուարդ Շեվարդնաձեի (1995-2003թթ.) իշխանության դեմ էր դուրս եկել 2001 թվականից ընդդիմադիր, իսկ մինչ այդ տարբեր իշխանական պաշտոններ զբաղեցրած Միխեիլ Սաակաշվիլին: Նույն թվականին Սաակաշվիլին հիմնադրում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ու հսկայական թվով համախոհներ հավաքում:

Արդեն 2003 թվականի նոյեմբերին Սաակաշվիլին և իր համախոհները պայքարում էին Շեվարդնաձեի հրաժարականի համար: 2003թ. նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվեց Շեվարդնաձեն, սակայն միջազգային կառույցները, մասնավորապես, ամերիկյան “Global Strategy Group”-ը ընտրությունները օրինական չհամարեցին: Ընտությունների արդյունքների հետ համաձայն չէին նաև ընդդիմադիր 3 կուսակցություններ` «Միացյալ ազգային շարժում», «Բուրջանաձե-դեմոկրատներ», «Պատիաշվիլի-միասնություն»: Սաակաշվիլին պահանջնեց նոր ընտրություններ անել և կոչ արեց մարդկանց դուրս գալ փողոց և սատարել իրեն: Արդեն նոյեմբերի կեսերից Թբիլիսիում մասսայական ցույցեր էին, որոնք տարածվում էին նաև Վրաստանի մյուս քաղաքներում և շրջաններում: Այդ ժամանակ Վրաստանի նախագահն անձամբ գնաց ինքնավար Աջարիա` տեղի ղեկավար Ասլան Աբաշիձեի հետ հանդիպման և օգնություն խնդրելու[1], թեև նշված ժամանակահատվածում Թբիլիսիի և Բաթումի պաշտոնական հարաբերությունները շատ սառն էին: Չնայած սրան` Աջարիայի ղեկավարը միշտ օգնել է Շեվարդնաձեին բոլոր հարցերում:

Նոյեմբերի 22-ին վրաստանյան ամենահայտնի եկեղեցկան տոներից մեկի` «Գիորգոբայի» նախօրյակին, Շեվարդնաձեն պետք է բացեր խորհրդարանի նոր կազմի անդրանիկ նիստը, սակայն քվորում այդպես էլ չէր ապահովվում, իսկ վերջինս շարունակում էր սպասել պատգամավորների ժամանելուն: Վրաստանի կաթողիկոս Իլյա 2-րդը, ով սովորաբար ներկա էր լինում այդ գործընթացին ու օրհնում, այդ օրը չէր եկել` պատճառաբանելով, որ եկեղեցում պատարագ ունի: Երբ քվորումն արդեն ապահովված էր, նախագահը հանգիստ սկսեց կարդալ իր ճառը: Հսկայական չափերի հասնող ընդդիմությունն առանց լուրջ դիմադրության հանդիպելու ճեղքեց խորհրդարանի պաշտպանությունն ու ներս մտավ շենք: Ցուցարարները` Սաակաշվիլիի գլխավորությամբ վարդերը ձեռքերին ներս մտան խորհրդարան: Շեվարդնաձեն, ասես ոչինչ չի եղել, շարունակում էր ամբիոնից կարդալ իր տեքստը, իսկ պագամավորներից մի մասը լքում էր դահլիճը, ոմանք ձեռնամարտի էին բռնվում դահլիճ ներխուժած ցուցարարների հետ:

Sakartvelo! Vardebis revolutsia! Georgia! Rose Revolution!

Արդեն երբ տաքացած ամբոխը մոտենում էր նախագահին, վերջինիս անվտանգության աշխատակիցները նրան դուրս հանեցին խորհրդարանի շենքից: Շեվարդնաձեն երկրում արտակարգ դրություն հայտարարեց և օգնության կանչեց ոստիկանությանն ու զինված ուժերին: Բայց նույնիսկ էլիտար ստորաբաժանումները հրաժարվեցին աջակցել նրան:

Նոյեմբերի 23-ին Վրաստան ժամանեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը: Վերջինս ելույթ ունեցավ ընդդիմադիրների ցույցի ժամանակ` արժանանալով նրանց ծափահարություններին: Այնուհետև գնաց երկրի նախագահի հետ բանակցելու: Նույն օրը Սաակաշվիլին և ևս մեկ ընդդիմադիր` Զուրաբ Ժվանիան, ով հետո դարձավ խորհրդարանի նախագահը, գնացին Կրծանիսի (Թբիլիսիի արվարձաններից)` Շեվարդնաձեի հետ հանդիպման: Այն ժամանակ Կրծանիսիում էր տեղակայված նախագահի նստավայրը: Հանդիպումից հետո ներս են հրավիրում լրագրողների, որոնց հետ զրույցում Շեվարդնաձեն հայտարարում է իր պաշտոնաթողության մասին: Լրատվամիջոցներն ու փորձագետները նշում են, որ 75-ամյա նախագահը կարողացել է իրեն արժանի պահել, նույնիսկ մի քանի անգամ կատակել է, իսկ լրագրողի այն հարցին, թե ուր է հիմա գնալու, պատասխանել է` տուն:

Այսպիսի վերջաբան էլ ունեցավ «թավշյա» կամ «վարդերի» հեղափոխությունը: Այսպիսով` անկախ Վրաստանի երկրոդ նախագահը նույնպես իշխանությունից զրկվեց ոչ սահմանադրական ճանապարհով:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել