Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռուբեն Մուրադյանին առաջին գլխավոր դերը վստահել են տասնվեց տարեկանում: Ռուբենը երբեք չի երազել բալետային պարող դառնալու մասին. բացի բալետում պարելուց` նա նկարահանվում է սերիալներում, ֆիլմերում: Վերջին դերը, որ Ռուբենը կերտել էր, «Հին արքաներ» նախագծում Մուշեղի կերպարն էր: BlogNews.am-ն անկեղծ զրույց է ունեցել Ռուբենի հետ, որի ընթացքում խոսել է բալետի, ընտանիքի, ֆիլմերում և սերիալներում նկարահանվելու մասին:
- Ռուբեն, հեռուստադիտողը հնարավորություն ունի ձեզ տեսնելու «Հին արքաներ» նախագծում: Ո՞ւմ առաջարկով սկսեցիք նկարահանվել հեռուստաֆիլմում:
- Նախագծում շատ պատահական եմ հայտնվել: Թատրոնի իմ գրաֆիկը շատ է խանգարում մասնակցել այս նախագծերին, քանի որ հիմնականում թատրոնում եմ լինում: Սա է հիմնական պատճառը, որ չեմ մասնակցում այլ նախագծերի: «Հին արքաներ»-ում նկարահանվելու համար ինձ հրավիրեցին Ռուբեն Մխիթարյանը և Դավիթ Բաբախանյանը, ովքեր ցանկացան ինձ տեսնել Մուշեղի կերպարում: Ինձ շատ գայթակղեցին այդ դարաշրջանը, սցենարը, դերասանական կազմը. շատ հաճելի էր աշխատել իմ կոլեգաների հետ:
- Իսկ կերպա՞րը:
- Մուշեղի կերպարում եմ, ով սպարապետի ապօրինի որդին է: Արդար տղա է և ամեն ինչում արդարություն է փնտրում: Հեռուստաֆիլմում մի լավ կերպար էլ կա՝ Սիմոսը, ում Ներսեսն է մարմնավորում: Մուշեղը և Սիմոսը մանկության ընկերներ են, հաճախ են իրար օգնության հասնում: Ընթացքում շատ հետաքրքիր զարգացումներ են լինում:
- Դերասանները, խոսելով բարդությունների մասին, հիմնականում նշում էին հագուստների անհարմարությունը: Ձեզ համար է՞լ էր դա բարդություն:
- Անկեղծ ասած՝ իմ դեպքում դա ավելի ակտուալ է, որովհետև բալետում և թատրոնում կա այդ խնդիրը: Իհարկե, բարդ էր կրել այդ հագուստները, բայց շուտ ընտելացանք: Մեզ՝ երիտասարդներիս համար, գոնե տանելի էին, բայց մեծահասակ դերասանների համար ավելի բարդ էր: Ամեն դեպքում կարծում եմ՝ լավ գաղափարի համար պետք է միանշանակ դժվարություններ էլ հաղթահարել, որը, կարծես, ստացվեց մեզ մոտ: Խոսքը ևս բարդ էր և սկզբնական շրջանում մի քիչ անսովոր: Հետո այնքան էինք ընտելացել, որ անգամ տանը կարող էի ասել՝ մի գավաթ ջուր տվեք: Ես հույս ունեմ, որ «Հին արքաներ»-ը երիտասարդների մոտ ինչ-որ բան կփոխի:
- Բարդություններից եք խոսում, իսկ ինքներդ շուտ հանձնվողներից ե՞ք:
- Ոչ, եթե մի նպատակ դնում եմ իմ առաջ, հասնում եմ: Վերջին շրջանում մի քիչ ծույլ եմ դարձել, չգիտեմ՝ ինչի հետ է կապված: Գուցե նրանից, որ թատրոնում մի քիչ ազատ ժամանակ ենք ունենում: Հիմա նպատակ ունեմ վերականգնվելու, քանի որ չգիտեմ՝ իմ բուժումները ինչ արդյունք կտան: Պետք է ասեմ, որ այս ընթացքում մի քանի նախագծերում էլ նկարահանվեցի, որոնք ինձ հետաքրքրեցին: Գեղարվեստական ֆիլմ էլ կար, որի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն էր:
- Ռուբեն, ի՞նչ ժանրի ֆիլմեր են ձեզ հետաքրքրում։
- Եթե պատմականը չլիներ այս ընթացքում, կասեի՝ պատմական: Հիմա արդեն նկարահանվել եմ պատմական ֆիլմում: Ամեն դեպքում չեմ սիրում, երբ մեր առօրյան են սկսում նկարել և փորձում արվեստի և մշակույթի ձևով մատուցել: Օրինակ, երբ ես մտնում եմ թատրոն կամ կինոթատրոն, ուզում եմ այդ մի քանի րոպեները լրիվ ուրիշ լիցքերով լցվել: Ես ուզում եմ այդ մի քանի րոպեները հեքիաթով ապրել:
- Ձեր հեքիաթը ձեր թատրո՞նն է։
- Այո՛, միանշանակ, ինչպես նաև իմ շատ գեղեցիկ մասնագիտությունը: Ես շատ պատահական եմ հայտնվել այստեղ և դրա համար չեմ զղջում: Մի քանի բան կա իմ կյանքում, որ եթե նորից ծնվեի, կուզեի այդպես լիներ: Կուզեի հայ լինել, կուզեի հայրս ու մայրս իրար հանդիպած լինեին, և հենց նրանք իմ ծնողները լինեին, կուզեի այդ ընտանիքում լինեի և գոնե քույր ունենայի:
- Ռուբեն, իսկ Ձեր առաջարկները ո՞ւմ հետ եք քննարկում։
- Հիմնականում քննարկում եմ մեծ եղբորս՝ Արտակի հետ, ով, ի դեպ, մասնագիտությամբ ռեժիսոր է, բայց հաղորդավար է, լուրեր է վարում: Կնոջս հետ եմ խոսում նաև:
- Ձեր կնոջ հետ ինչպե՞ս ծանոթացաք։
- Կինս էլ է պարել: Մենք իր հետ Պարարվեստի ուսումնարանում ենք ծանոթացել: Կինս մինչև 8-րդ դասարան պարել է, այդ ամենի հետ զուգահեռ՝ դաշնամուրի էլ է գնացել: Նա արվեստագետների ընտանիքից է:
- Իսկ ընտանիքին հասցնում ե՞ք ժամանակ տրամադրել։
- Ցավոք, ոչ: Աղջիկս այս ընթացքում սկսել է խոսել, իսկ ես տեղյակ չեմ եղել: Մենք Գյումրիում նկարահանումների էինք, երբ նա սկսեց խոսել: Մինչ այդ ինչ-որ բառեր ասում էր, բայց երբ արդեն մի ամբողջ նախադասություն էր ասում, դա ես չէի իմացել: Առավոտյան, երբ արթնացա, ասաց՝ պապա, Աննան մենակով իջնի, մի պահ սառեցի: Կնոջս արթնացրեցի, ասացի՝ երեխեն խոսում է, ասաց՝ երեխեն քսան օր է, ինչ խոսում է, որ մի քիչ էլ ուշ գաս, արդեն դպրոց էլ կգնա: Շատ համովիկ աղջիկ ունեմ, մի քիչ չար է, բայց հետաքրքիր երեխա է: Լավ պարում է, բայց երբ սկսում է պարել, ջղայնանում եմ, ասում եմ՝ երգի, չեմ ուզում՝ իմ ճանապարհով գնա:
- Ռուբեն, դասական տարբերակ է, երբ ծնողները չեն ուզում, որ իրենց երեխաները իրենց ճանապարհով գնան: Հաճախ ասում են՝ չենք ուզում, որ այդ դժվարությունների միջով անցնեն: Ինչո՞ւ։
- Կարծում եմ՝ ես էլ պետք է ծեծված նույն բաներն ասեմ, որովհետև իմ մասնագիտության մեջ գիտեմ, որ աղջիկների դժվարություններն ավելի շատ են՝ սնունդին հետևելը, պուանտները, դիետաները: Շատ-շատ խնդիրներ կան, հետո թատրոնը հեշտ բան չէ, որքան էլ որ հեքիաթ է: Իհարկե, հոգուս խորքում ասում եմ՝ վերջնական ընտրությունը նրանն է, բայց շատ կարևոր է, որ նա իր մասնագիտությունը սիրի:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի