Exclusive
Հաղորդավարուհի Մերի Շահինյանը մոտ մեկ ու կես տարի առաջ ամուսնացավ: Այսօր արդեն նա մայրիկ է, ուշադիր, հոգատար, մի քիչ անհանգիստ մայրիկ: Փոքրիկ Միքայելը գրեթե 4 ամսական է: Մայրանալուց հետո բացառիկ հարցազրույցը և որդու առաջին լուսանկարները Մերին վստահել է BlogNews-ին:)
-Մերի, որդիդ՝ Միքայելը գրեթե 4 ամսական է: Ի՞նչ է փոխվել նրա ծննդից հետո:
-Մինչ երեխայի ծնունդը անհնար է պատկերացնել այդ մեծ երջանկությունը, որը համեմված է շատ մեծ պատասխանատվությամբ և պարտականություններով: Փոքրիկի ծնունդը գլխիվայր ամեն ինչ շրջեց: Մինչ ծնող դառնալը բոլորն էլ որոշակի ծրագրեր են կազմում, սակայն պլանավորումը հեշտ է, իրագործելն է դժվար։ Օրինակ՝ ես ծրագրում էի նույն տեմպով աշխատել, և ճիշտ պլանավորման դեպքում, վստահ էի, որ մեծ փոփոխություններ չեն լինի: Բայց իրականությունն այլ է։ Փոքրիկը պահանջում է, որ ամբողջ ժամանակդ իրեն տրամադրես և, բնականաբար, ոչինչ համարժեք չէ նրան: Ու եթե կա ընտրություն՝ ինչ-որ տեղ գնալ կամ մնալ փոքրիկի հետ, դեռևս չեմ կարող ընտրություն կատարել հօգուտ ինձ: Ամուսինս՝ ևս:
-Ամուսնությունից մոտ 1 ,5 տարի հետո արդեն ունեք Միքայելին: Շատ զույգեր նախընտրում են միասին վայելել կյանքը, հետո երեխա ունենալ:
-Մենք նման խնդիր չենք ունեցել: Ես և ամուսինս շատ եք ճանապարհորդել, հիմա էլ նույնը երեքով ենք պատրաստվում անել: Փոքրիկին երբևէ չենք նայել որպես ազատության խոչընդոտ:
- Մերի, ո՞ր փուլում սկսեցիր լիովին գիտակցել, որ մայրիկ ես:
-Ամբողջ հղիության ընթացքում ես շատ զգույշ էի, այդ փուլում երջանկությունը և անհանգստությունը միախառնվում են: Երբ փոքրիկս ծնվեց, մի քանի օր մի փոքր դժվար էր: Մի խոսք կա, երբ երեխան լացում է կամ ինչ-որ բանի կարիք ունի, նրան հանգստացնում ես՝ ասելով, թե մայրիկը շուտով կգա ու բոլոր խնդիրները կլուծի, մեկ էլ հասկանում ես, որ մայրիկը դու ես :)
-Ինչպիսի՞ մայրիկ ես:
-Ես ավելի շատ կրեատիվ մամա եմ: Փորձում եմ յուրաքանչյուր գործողություն երեխայի հետ անել: Մեր օրը շատ ուրախ է սկսվում, անընդհատ շփվում ենք միմյանց հետ: Կարծում եմ՝ շատերի խնդիրն այն է, որ իրենք չեն խոսում իրենց երեխաների հետ՝ մտածելով, թե երեխան փոքր է, չի հասկանա: Ես փորձում եմ խոսել ու լսել իմ երեխային:
- Երեխայի դաստիարակության հարցում ի՞նչ սկզբունքներով ես առաջնորդվում:
- Երեխայի բնավորությունը մինչև երեք տարեկան է կազմավորվում, իսկ դաստիարակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Ինձ նախապատրաստում եմ, որ որոշակի ժամանակ անց մեր ցանկությունները կարող են և չհամընկնել: Բացի այդ՝ ես տեսակով խիստ չեմ: Ես ուզում եմ երեխայիս համար հետաքրքրությունների լայն սպեկտոր ստեղծել, որպեսզի նա կարողանա ընտրություն կատարել: Մինչ Միքայելի ծնվելը, ինչպես յուրաքանչյուր ապագա մայրիկ, «պետք է»-ների ցուցակ ունեի, այժմ ավելի ինտուիտիվ եմ շարժվում: Յուրաքանչյուր մայր հասկանում է իր երեխային: Օրինակ՝ կա կարծիք, որ երեխան չպետք է փորիկի վրա քնի: Ես գիտեմ, որ տղաս այդպես է իրեն լավ զգում և հանգիստ քնում: Մենք նորմայի մեջ չենք մտնում կամ գուցե մտնում ենք, չգիտեմ, ամեն դեպքում ես չեմ փորձում փոխել դա: Սխալ է ինչ-որ բան ստիպելը:
- Անփորձությունը բարդություններ ստեղծե՞լ է փոքրիկի խնամքի հարցում, թե՞ մայրական բնազդն իր գործն անում է:
- Երբ երեխան ծնվում է, շատ ես վախենում: Մի քանի ժամ անց այդ ամենը վերանում է․ բնությունն է այդպես ստեղծել կանանց, ամեն բան ինքն իրեն ստացվում է։
Ինձ առաջարկում էին դիմել դայակի օգնությանը: Ես երկար տատանվում էի, մինչև հիմա էլ դեռ չունեմ որոշում: Ամեն դեպքում երեխայի ծնվելուց առաջ վստահ էի, որ դայակի օգնությանը կդիմեմ: Այժմ պատրաստ չեմ ոչ ոքի վստահել իմ փոքրիկին:
- «Կտոր մը Հայաստանի» երկրորդ եթերաշրջանն արդեն սկսվել է: Ինչպե՞ս ես համատեղում, ո՞ւմ խնամքին ես թողնում փոքրիկին:
- Ես այժմ իմ ուժերի 20 տոկոսով եմ աշխատում: «Կտոր մը Հայաստանի» նկարահանումների մի մասն ամռանն էի արել, ընդհուպ մինչև 8,5 ամսական: Ամեն դեպքում, դա չի կարելի համեմատել Կենտրոնական բանկի իմ աշխատանքի կամ իմ ուղիղ եթերների նախկին տեմպի հետ:
Նկարահանումների գնալիս էլ որդուս թողնում եմ կա՛մ ամուսնուս, կա՛մ մայրիկիս խնամքին:
-Ամուսինդ շա՞տ է օգնում քեզ:
-Այո՛, իմ առօրյան հոգսաշատ չէ, որովհետև ես մենակ չեմ: Շատերը զարմանում են, որ երեխան ամուսնուս մոտ է, իսկ ես նկարահանման եմ գնում:
- Երբ ընտանիքում նոր անդամ է ավելանում, նաև դերերի վերաբաշխում է լինում: Միքայելի ծննդից հետո քո և ամուսնուդ հարաբերությունները փոխվե՞լ են:
- Միայն այն, որ երկուսս էլ ամբողջ սերն ու հոգատարությունը փոքրիկին ենք նվիրում: Մենք շատ լավ ընտանիք ունենք, նաև՝ շատ լավ ընկերներ ենք: Միշտ է այդպես եղել: Իսկ երեխան ընտանիքը լիարժեք է դարձնում: Մնացածը, կարծում եմ, ուղղակի կարծրատիպեր են: Դրա համար չեմ կարող ասել՝ երեխան ավելի է միավորել մեզ, միշտ ենք այդպես եղել:
- Մերի, դու ցանկանում էիր դուստր ունենալ: Ինչպե՞ս արձագանքեցիր, երբ իմացար, որ որդի ես ունենալու:
- Ես վստահ էի, որ աղջիկ եմ ունենալու, նույնիսկ աղջկա անուն էի որոշել, հագուստ էի ընտրում: Զարմացել էի, երբ իմացա, որ որդի եմ ունենալու: Այժմ այնքան երջանիկ եմ, որ տղայի մայր եմ: Երեխաների մեջ սեռի տարբերություն չկա:
- Հիմա մտածո՞ւմ ես երկրորդ երեխայի մասին:
- Իհարկե, կցանկանամ, բայց դա Աստծո կամքով պետք է լինի: Կնոջ համար ամենակարեւոր ու հաճելի դերը կին և մայր լինելն է։
- Ամուսնությունից հետո շա՞տ ես փոխվել:
- Ավելի տնակյաց եմ դարձել: Միգուցե դրսում շատ ավելի մեծ իրադարձություններ կան, սակայն ինձ համար ավելի հետաքրքիր են իմ տան եղանակն ու մթնոլորտը: Բնականաբար, նաև ինչ-որ արժեքներ են փոխվում: Ընդհանրապես չեմ հավատում մարդկային մեծ փոփոխություններին, շտկումներին՝ այո, փոփոխություններին՝ ոչ:
- Դու և ամուսինդ հե՞շտ եք գնում զիջումների:
- Ամուսնությունը չպետք է հիմնված լինի զիջումների ու կոմպրոմիսների վրա: Ամեն զիջում նորն է բերում: Միևնույն ժամանակ, կա հակառակ կողմը` եթե դու ոչինչ չես զիջում, քեզ էլ չեն զիջում: Մենք որոշ հարցերում փորձում ենք գալ ընդհանուր հայտարարի: Երբ կա միմյանց հասկանալու ցանկություն, կարող ես պայմանավորվածություն ձեռք բերել ցանկացած հարցի վերաբերյալ:
-1,5 տարվա ամուսնական կյանքում զիջումների կարիք չի՞ եղել:
-Մեզ մոտ ամեն ինչ շատ սահուն է գնացել: Ամուսինս ցանկանում էր, որ ես տեղափոխվեմ Գերմանիա, բայց ես բացատրեցի, որ դա դեռևս դժվար որոշում է ինձ համար: Ամուսինս համաձայնեց ինքը գալ Երևան: Այժմ, կարծում եմ, տարվա մի մասը այստեղ, մյուս մասն այնտեղ կանցկացնենք: Միմյանց զիջեցինք, պարզվեց՝ այսպես ավելի լավ է:
- Շատերը փորձում են մեկնել արտերկիր, հնարավորության դեպքում այնպես անել, որ իրենց երեխան դրսում ծնվի: Դու ունեիր այդ հնարավորությունը, սակայն չընտրեցիր: Ի՞նչն է քեզ պահում Հայաստանում:
- Ես շատ էի ցանկանում, որպեսզի տղաս Հայաստանում ծնվի: Եթե ասեմ՝ շատ սիրում եմ իմ երկիրը, կարող է ամպագոռգոռ հնչել, բայց իմ ամբողջ կյանքն այստեղ է անցել, իմ ծնողներն ու հարազատներն այստեղ են: Ինձ համար դժվար է այդպիսի փոփոխությունը: Բացի դրանից՝ երբեք ինքդ քեզնից չես փախչի: Եթե էստեղ ոչինչ չես կարողանում անել, վստահ եմ, դրսում էլ չես կարողանա: Ինձ համար ամենահաջող տարբերական այն է, որ ես որոշ ժամանակ բնակվեմ Հայաստանում, որոշ ժամանակ՝ արտերկրում: Ամեն դեպքում, տղայիս առաջին Ամանորը արտերկրում կանցկացնենք:
- Ամուսինդ հե՞շտ ադապտացավ հայկական իրականությանը:
- Շատ արագ: Նա փայլուն խոսում է հայերեն: Ինձանից լավ գիտի՝ Երևանում ինչը որտեղ է: Երբեմն ինձ թվում է, որ նա է այստեղ մեծացել, ոչ թե ես:)
-Ամեն դեպքում վեճերը նորմալ երևույթ են յուրաքանչյուր ընտանիքում: Ինչի՞ վերաբերյալ կարող եք տարաձայնություններ ունենալ:
-Իսկապես, չենք ունենում վեճեր: Միգուցե կենցաղային մակարդակի փոքր մի բան լինի, սակայն հիմա նույնիսկ չեմ կարողանում հիշել:
- Ինչպե՞ս եք կարողացել ստեղծել համերաշխ ընտանիքի մոդելը:
- Եթե ասեմ՝ դա մենք ենք ստեղծել, կստեմ: Կարծում եմ՝ դա իմ ամուսնու ծնողների, իմ ծնողների տված դաստիարակությունն է: Սակայն խելացի կինը գիտի՝ երբ է պետք լռել: Երևի թե բալանսը պահելու մեջ է: Չգիտեմ՝ որն է գրավականը, հարաբերություններն են թելադրում:
- Դուք ծնողներից առանձին եք ապրում: Նորաստեղծ ընտանիքի համար որքանո՞վ ես կարևորում առանձին ապրելը:
- Եթե նորաստեղծ ընտանիքը ունի հնարավորություն առանձին բնակվելու, այդպես պետք է անել:
- Մերի, ե՞րբ ես պատրաստվում վերադառնալ աշխատանքի նախկին տեմպով:
- Հեռուստատեսությունը երբևէ բաց չի թողնում ինձ: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը: «Կտոր մը Հայաստանի» նոր եթերաշրջանն արդեն մեկնարկել է, առաջիկա կես տարվա ընթացքում միայն դա կլինի: Շատ եմ կարոտել լուրերի մեկնաբանի աշխատանքը, 11 տարվա ուղիղ եթերի փորձը հանգիստ չի տալիս ինձ: Այն միշտ քեզ զգոն է պահում, սակայն դեռ պատրաստ չեմ նույն տեմպին վերադառնալ: Ուղիղ եթերը որոշակի կանոններ է թելադրում: Փոքրիկս մի փոքր մեծանա, նոր կմտածեմ այդ տեմպին վերադառնալու մասին: Հեռուստադիտողների հետ դեռևս կհանդիպեմ միայն «Կտոր մը Հայաստանի» ֆորմատով:
Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան
Զգեստները՝ Արփինե Կոշտոյանի
Դիմահարդարումը և վարսահարդարումը՝ «Սերգեյ Զվերև» վարսահարդարման սրահի
Ձեռագործ խաղալիքը՝ «Իլիկ» խանութ-սրճարանի