Hraparak.am-ը գրում է.

«X Factor»-ի պատմական հաղորդման մասին համացանցային աղմուկ- աղաղակը, վիրավորանքը ստիպեց ինձ, որ ես էլ նայեմ հաղորդումը: Մի անգամ նայելուց հետո կրկին անդրադարձա՝ գուցե ինչ որ բան ճի՞շտ չեմ զգում, հասկանում: 

Որ ժյուրիի անդամները «շատ թիթիզացան», բան չունեմ ասելու, շոու է:

Ասեմ, որ երիտասարդն ինձ, կարծում եմ նաև շատերին դուր եկավ իր լրջությամբ, անկեղծությամբ, բնականությամբ: Չնայած Եղիշեն 17 տարեկան էր, բայց նրանից հորդում էր առնականության ուժը: Երգի կատարման մասին բան չունեմ ասելու, մասնագետ չեմ, բայց Եղիշեի՝ տարիքին ոչ բնորոշ լրջությունը, որը հավանաբար կապված էր տղայի լարվածության հետ, ժյուրիի անդամների մոտ, առանց միմյանց հետ պայմանավորվածության, երիտասարդին ուրախացնելու ցանկություն առաջացրեց: Ես այդպես հասկացա:

Ժյուրիի անդամների հայացքներում բարություն, ուրախություն կար, ախր հաճախ չես հանդիպում բնության պես անկեղծ մաքրություն, պարզություն, անկեղծություն: 

Հիշեցի, երբ կյանքումս առաջին անգամ Երևան էի եկել՝ ընդունելության քննությունների մասնակցելու, ի՜նչ միամիտն էի: Ինձ ասացին՝ Հասմիկ, դե պատասխանիր, ցնցվեցի. -Որտեղի՞ց գիտեք անունս,- հարցրի միամիտ,- չիմանալով, որ թղթերս նրանց մոտ է: Հանձնաժողովի անդամներն այնպես բարձր ծիծաղեցին, մի կին նույնիսկ շոյեց գլուխս՝ փոքրիկս, սարերից եկած միամիտս… Իրենք ի՞նչ գիտեն, որ սարերից եմ եկել,- մտածեցի ու չհարցրի, որ ծիծաղի նոր ալիք չբարձրացնեմ: Հիմա մեր Եղիշեն է:

Մաքու՜ր- մաքու՜ր… Կարծում եմ ժյուրիի անդամներից գոնե մեկի մտքով անցած կլիներ՝ շոյել երիտասարդի գլուխը: Բայց դրա փոխարեն բոլորն աշխուժացան, պարեցին, որ տղայի դեմքին ժպիտ տեսնեն: Բայց չտեսան, որովհետև Եղիշեն լարված էր՝ էդ ես ինչքա՜ն լավ եմ երգում, որ մեր էդ հայտնի ժյուրին շուրջս թռվռում է: Միայն մի հարցում ժյուրիի հետ համաձայն չեմ: Որ ասում են՝ Եղիշեի մեջ կյանք չկա, էմոցիա չկա: Երիտասարդի մեջ այնքա՜ն կյանք կա, որը ստիպեց ձեզ՝ իրարից անկախ, տեղներիցդ թռնեք ու պարեք… Քննադատողներին խնդրում եմ մի բան հաշվի առնեն:

Ժյուրիի անդամները երիտասարդի համար մե՜ծ հեղինակություն են, այդպես անխնա մի ծաղրեք նրանց, թույլ տվեք Եղիշեն տեսնի այն բարձունքը, որը ինքը պատկերացնում էր: Նա դեռ սար է բարձրանալու: Ու հաղթահարելու է բարձունքը, կարևոր չէ որ ասպարեզում կլինի, նրա թևերը անվնաս թողեք: Ժյուրիի անդամներին հողին հավասարեցնելով, տղայի համար լավ բան չենք անում:

ՀԳ Ես այդպես եմ մտածում: Կարծում եմ կարծիքի համար ինձ էլ բրդի պես չեք գզզի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել