Դերասանուհի Շողեր Թովմասյանը «Հին արքաներ» հեռուստաֆիլմում մարմնավորում է բացասական կերպարի: Ասում է, որ միայն ուրախ կլինի, եթե փողոցում տեսնեն և ասեն՝ բայց դու ինչ չարն ես: Օրեր առաջ երիտասարդ դերասանուհու հետ BlogNews.am-ն անկեղծ զրույց է ունեցել: Քննարկել ենք ամուսնական կյանքի դժվարությունները, երկրորդ կնոջ կարգավիճակը, ստեղծագործական գործունեությունը և չենք մոռացել նաև խոսել քննադատությունների մասին:  

- Շողեր, ինչպե՞ս հայտնվեցիք «Հին արքաներ» հեռուստաֆիլմում։

- Մինչ «Հին արքաներ» հեռուստաֆիլմում նկարահանվելը, ես ունեի առաջարկ սիթքոմում նկարահանվելու: Երբ ինձ զանգահարեցին «Արմենիա» հեռուստաընկերությունից, և երբ լսեցի պատմական հեռուստաֆիլմում նկարահանվելու առաջարկը, միանգամից մոռացա սիթքոմի մասին: Ինձ շատ գրավեց պատմական ֆիլմի գաղափարը, չնայած իմ կերպարի բաց տեսարաններն ավելի շատ էին: Շատ էի անհանգստանում, բայց հիշում եմ՝ մայրս ասաց՝ այնպես ես խաղացել, որ հավատում եմ քեզ: Ես միայն ուրախ կլինեմ, երբ փողոցում ինձ տեսնեն և ասեն՝ բայց դու ինչ չարն ես: 

- Դա ձեզ վախեցրե՞ց։

- Իհարկե, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, չնայած ռեժիսորի հետ կար արդեն նախնական պայմանավորվածություն, որ կադրում ոչ մի վուլգար բան չի երևալու: Ամեն դեպքում ես սովորել եմ՝ այն, ինչ տրված է, պետք է հոգով անես, իսկ եթե տեսարանում պահանջվում է համբույր, պետք է միանշանակ համբուրվես: Բայց երբեմն ես մտածում եմ՝ ինչու պետք է համբուրվեմ, եթե դրա համար լավ չեմ վճարվում: «Հին արքաներում» իմ խաղընկերները Կառլոսը և Արմանն էին։ Վերջինս իմ ամուսնու դերում էր: Երկուսին էլ ֆիլմի նկարահանումների ժամանակ եմ ճանաչել, Կառլոսն անգամ այնպես էր մտել դերի մեջ, որ թևիս խալը վնասեց:

- Բաց տեսարաններում խաղացած դերասաններին հասարակությունն ավելի շատ է հիշում, երբեմն էլ առաջարկներն էլ շատ լինում: Երբևէ՞ չի եղել միտք՝ խաղալ այդ տեսարանում, որը գուցե հետո հաջողություն կբերի:

- Իհարկե, դա էլ կա, բայց ես ֆինանսի հետևից չեմ ընկնում. ինձ համար ավելի կարևոր է, որ դերս լավ կերտեմ և իմ աշխատասիրությունը ցույց տամ: Եթե ինձ հիմա առաջարկեն սերիալում սիրուհի, կասեմ՝ կներեք, բայց ես կկերտեմ այն միայն գեղարվեստական ֆիլմում։ Ինձ համար ամեն դեպքում որակը նշանակություն ունի: «Հին արքաների» նկարահանումները բարդ էին, մենք օրերով չէինք քնում, բայց ես չեմ նեղվել այդ փաստից: Մարդ պետք է սիրի և գնահատի այն աշխատանքը, որն անում է:

- Ֆինանսը չեք կարևորում գուցե այն պատճառով, որ ամուսնացած եք և ապահովվա՞ծ եք:

- Այո՛, բայց եթե ապահովվածությունը չլիներ, ես դերասանի մասնագիտությունը չէի ընտրի: Ես միանշանակ կընտրեի բժշկությունը, բայց դերասանի մասնագիտությունն այնքան իմն է, որ ես դրան չեմ նայում որպես աշխատանքի: Իհարկե, ամուսնուս դերն էլ է մեծ, բայց ես ինքս էլ ինքնուրույն մարդ եմ: Լինում են նաև հիասթափության պահեր, բայց ես հիշաչար մարդ չեմ, ես կարող եմ նեղանալ, հետո արագ մոռանալ դրա մասին:

- Դերասանական կազմի հետ առաջին անգամ էիք նկարահանվում։ Ձեր խառնվածքը և բնավորությու՞նն էր պատճառը, որ կարողացաք շուտ մերվել ստեղծագործական կազմի հետ:

- Թող ինքնագովեստ չլինի, բայց ես բոլորի հետ կարողանում եմ մերվել և շփվել: Այսքան ժամանակ ոչ մի տարաձայնություն չի եղել ստեղծագործական խմբի հետ: Հիշում եմ՝ գնում էինք «պենոպլաստ» էինք բերում և յոթ հոգով քնում էինք դրա վրա: Ես մինչև հիմա խրոնիկ բրոնխիտ ունեմ: Նկարահանման առաջին օրերը նեղվում էի՝ մտածելով՝ կարո՞ղ եմ այս պայմաններում աշխատել, հետո, իհարկե, ինձ հավաքեցի: Քեզանից է կախված, թե դու ինչքան լավ կարող ես յուրաքանչյուր գործ անել:

- Բնույթով պայքարող և չհանձնվո՞ղ եք։

- Այո՛: Ինքս իմ անձի նկատմամբ պահանջկոտ եմ, մինչև վերջ կարող եմ իմ խոսքի տերը լինել: Շատ կարևոր է, երբ դնում ես քո առաջ նպատակ և կարողանում ես այդ նպատակին հասնել, չվախենալ: Սիրում եմ լիդերություն, բայց այդ բնավորությամբ չես կարող ընտանիք կազմել, այն էլ՝ հայկական ընտանիք: Ամեն դեպքում, ինքան էլ քո կողակիցը ժամանակակից է, դու չես կարող քո սահմաններից դուրս գալ:

- Ձեր և Գրիշայի միջև քսաներեք տարվա տարբերություն կա։ Ի՞նչ տարաձայնություններ եք ունենում: Կա՞ն կանոններ, որոնք չի կարելի խախտել։

- Իհարկե, լինում են, տարաձայնություններից չես կարող խուսափել: Օրինակ՝ կարող է ասել՝ Շողե՛ր, ինչքան շատ ես խոսում: Գրիշան դրսում ուրիշ է, իսկ տանն՝ այլ, ամեն բան կարող է հումորով ասել: Եթե գա մի պահ, որ այդ ամենը նեղություն տա, և չկարողանանք իրար հետ լեզու գտնել, պետք է իրար ժամանակ տանք:

- Ընտանեկան սիրելի զբաղմունք ունե՞ք։  

- Սիրում ենք միասին ֆիլմ դիտել: Գիտե՞ք, մեր զբաղվածությունն այնքան շատ է, որ անգամ չենք հասցնում միասին ընթրել, բայց դա չենք բարդացնում: Մենք կյանքին շատ թեթև ենք նայում:

- Շողեր, ինչո՞ւ Գրիշան:

- Ես և Գրիշան միանգամից չենք ամուսնացել, մենք երկար ճանապարհ ենք անցել միասին. ուղիղ հինգ տարի: Նա շատ դրական մարդ է: Ես և նա հոգու խորքում ռոմանտիկ ենք, բայց դրսում մենք դա ցույց չենք տալիս: Դա երևի տարիքից է և քո կողակցից: Երբեմն ուզում ես բացվել, բայց նա ասում է՝ ստոպ: Ավելի շատ ինքն է իմ խորհուրդները լսում, կարող եք անգամ Գրիշայից հարցնել, բայց մասնագիտության հարցում ես եմ նրա խորհուրդները լսում:  

- Կարծիք կա, որ Գրիշայի հայտնի լինելու փաստը նպաստում է նաև ձեր կարիերայի աճին: Համաձա՞յն եք:  

- Ո՛չ, իհարկե: Հիշում եմ, երբ «Հին արքաներում» նկարահանվելու առաջարկը ստացա, Գրիշային հարցրի՝ քո մատը խա՞ռն է: Ասաց՝ ոչ: Ես ինքս եմ ընդունվել ինստիտուտ, ավելին ասեմ՝ մինչև երկրորդ կուրս ոչ ոք չգիտեր, որ Գրիշան իմ ամուսինն է: Եղել են դեպքեր, երբ  ինձ առաջարկ անելու համար զանգահարել են Գրիշային, իսկ նա մերժել է: Ես և Գրիշան, բացի նրանից, որ ամուսիններ ենք, նաև անհատականություններ ենք: Ես երբեք չեմ մտածել Գրիշային օգտագործել ինձ համար կարիերա հարթելու համար:  

- Իսկ երկրորդ կնոջ կարգավիճակից չե՞ք նեղվում:

- Բացարձակ, ինչի՞ համար: Ինձ համար նշանակություն չունի՝ ամուսնացած է եղել, քանի երեխա ունի, մարդուն նայում ես որպես զույգի: Չեմ կարող միանշանակ ասել, որ հասարակության կարծիքը ինձ համար կարևոր չէ, կխաբեմ: Ես մենակ չեմ ապրում, ես ապրում եմ հասարակության մեջ, իսկ ինձ պետք է վաստակել նրանց սերը:

- Շողեր, երկրորդ երեխա չե՞ք ուզում։

- Ո՛չ, չեմ ուզում երկրորդ երեխա, կարծում եմ՝ բավական է:

- Ձեր ներկայացրած ֆոտոշարքը բուռն քննարկման առիթ դարձավ: Դա Ձեզ չխանգարե՞ց։

- Ես չեմ սիրում այն հանրային մարդկանց, ում մասին նյութ են գրում, իսկ նրանք սկսում են խառնվել իրար և սկսել մեկնաբանել: Բնական է, որ պետք է քննարկվի, բայց հետո մարդիկ ի վերջո հասկանում են, թե ով ես դու իրականում: Ես փորձում եմ պարզապես անցնել այդ թեմաներով, անգամ եթե բացասական է գրվում, մարդիկ էլի ինձ չեն վնասում, հակառակը՝  ավելի շատ են սկսում խոսել իմ մասին: Այդ լուսանկարների պատճառով անգամ կոնֆլիկտ չունեցա ընտանիքումս, որովհետև լուսանկարները ես և Գրիշան միասին էինք ընտրել: Իմ կարծիքով՝ բավականին գեղեցիկ լուսանկարներ էր արել Արվին Քոչարյանը:

- Ի՞նչ դերի մասին եք երազում։

- Ես շատ կուզեի կույր և գիժ խաղալ: Այդ երկու դերերը միշտ իմ ուղեղում են: Այնպիսի դեր, որը ինձ ինչ-որ բան կտա: Հիմա զբաղված եմ մի ներկայացմամբ, որի մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել