«Էլի լավ ա»-ից մինչև «Ավելի լավ ա». «Ռեինկարնացիան» տևական դադարից հետո կրկին համերգ ունեցավ Երևանում, որի ժամանակ ներկայացրեց տարբեր ժամանակների սիրված երգերը։ BlogNews-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։
Այս փուլում ԱՄՆ-ում ապրող և գործունեություն ծավալող Ռոլանդը նշեց, որ Հայաստան է եկել Գյումրիի և «Մեցցո»-ի համերգների համար։ «Մի քանի ամիս ստուդիայում մենակ աշխատելուց հետո սա իմ առաջին ակումբային համերգն է։ Շատ կարոտած համերգ էր»,- ասաց երաժիշտը։ Այս անգամ խումբը լարային քառյակի հետ չներկայացավ. «Այսօր միայն բենդով ենք, սակայն որոշել ենք, որ 2017-ից պետք է միշտ լինենք ամբողջական կազմով։ Կլինեն համերգներ նաև միայն լարային քառյակով»։
Համերգի ժամանակ հնչեցին ինչպես հին ու սիրված, այնպես էլ երգեր խմբի նոր ալբոմից՝ «Լուսաբաց», «Հոգիս» և այլն։ Ի դեպ, «Հոգիս» երգի հիմնա վրա «Ռեինկարնացիան» տեսահոլովակ կնկարահանի։ «Շատ շուտով հետաքրքիր նորություն կլինի։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Աշխատանքները մի քիչ երկար են տևում, քանի որ տեսահոլովակն անիմացիոն է լինելու»,- հայտնեց Ռոլանդը։
«Ռեինկարնացիան» այլ նորություններ էլ է խոստանում։ Ռոլանդը նշեց, որ մի շարք նորություններ են սպասվում, սակայն չի ուզում դրանց մասին նախապես խոսել։ «Ամեն ինչ իր հունով առաջ է գնում։ Մեզ հետևողները գիտեն, որ սկզբում անում ենք, հետո՝ խոսում կամ անում ենք, չենք խոսում։ Էդպես ավելի լավ է, որովհետև գործն արդեն ամեն ինչ ասում է»,- ասաց նա ու հավելեց, որ երկու մեծ ալբոմ են թողարկելու, որոնք շատ կարևոր են։
Այս տարին Ռոլանդի ընտանիքում շատ կարևոր էր։ Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ եկավ երաժշտի առաջնեկը՝ Զիոնան։ Ռոլանդը դժվարացավ խոսել զգացողությունների մասին. «Ցանկացած բարձր զգացողություն, երբ սկսում ես բառերով ասել, ոչ մի արժեք չի ունենում։ Խոսքերն այնքան փոքր են։ Ես իմ կյանքում շատ-շատ լավ օրեր եմ ունեցել, զարմանալի լավ, բայց սա լրիվ ուրիշ երջակություն է։ Կան ընտանեկան զգացողություններ, որոնք ոչ մի հեղինակ, պոետ չի կարող նկարագրել։ Ես ստացել եմ այն, ինչին, երևի, արժանի էի»,- ասաց նորաթուխ հայրիկը, ում համար բավականին դժվար է եղել նորածին դստերն ու կնոջը թողնել ԱՄՆ-ում և գալ Հայաստան։ «Ինձ համար շատ դժվար էր, սակայն այնքան երկար էր ստոպ եղել, որ արդեն չէի դիմանում։ Այս ընթացքոմ շատ-շատ համերգներ եմ չեղյալ համարել, այս անգամ չէի կարող։ Այսօրվա համերգից հետո վերադառնում եմ ԱՄՆ՝ ընտանիքիս մոտ»,- ասաց երաժիշտը, սակայն չնշեց, թե որքան ժամանակով, քանի որ ինքն էլ չգիտի։
Համերգների ժամանակ կինը՝ Գայանեն, միշտ ուղեկցում է Ռոլանդին։ Հիմա, երբ Գայանեն ԱՄՆ-ում չէ, ամուսնուն հեռախոսով է հաջողություն մաղթում։ «Հազվադեպ դեպքերում, երբ Գայանեն կողքիս չի լինում, սովորություն ունենք հեռախոսով կապի մեջ լինելու։ Զանգում եմ, ասում՝ սկսվեց, պաչում եմ ու բարձրանում բեմ»,- ասաց երաժիշտը, ով բեմում էլ չէր մոռացել կնոջը։ «Սիրում եմ քեզ» երգը կատարելիս Ռոլանդը զանգեց Գայանեին, որպեսզի վերջինս լսի իրեն նվիրված կատարումը:)
Ինչ վերաբերում է դստեր՝ ԱՄՆ-ում լույս աշխարհ գալուն, Ռոլանդը նշեց, որ դա հատուկ որոշում չի եղել։ «Առհասարակ, ես և կինս ոչինչ չենք որոշում։ Ամեն ինչ լինում է էնպես, ինչպես պետք է լինի։ Նույն կերպ եղել է մեր հրաշք գանձի ծնունդի ժամանակ։ Այդ փուլում աշխատում էի ամերիկյան լեյբլների հետ, ու էնպես ստացվեց, որ ԱՄՆ-ում էի։ Բնականաբար, չէր կարող Գայանեն կողքիս չլինել, որովհետև երկարատև էի մեկնում»,- ասաց նա։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի