Այսօր կեսօրին՝ ժամը  12:58-ի սահմաններում ԼՂՀ ՊՆ հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ ժամը 12:15-ից սկսած՝ հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Պարզելու համար ինչ իրավիճակ է այս պահին տիրում առաջնագծում, BlogNews.am-ը կապ է հաստատել ԼՂՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանի հետ: Մեզ հետ զրույցում  Հասրաթյանը մասնավորապես նշել է. «Ներկա դրությամբ առաջնագծում առանձնապես լարված իրավիճակ չկա, հարաբերական անդորրը պահպանվում է, սակայն  մեր հակառակորդի պարագայում ամեն ինչ անկանխատեսելի է: Ամեն դեպքում՝ ՊԲ-ն պատրաստ է իրականացնել իր առջև դրված ցանկացած մարտական առաջադրանք՝ իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում»:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունը գնահատել է որպես ադրբեջանական կողմի նախաձեռնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել