Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը դեռևս էկրան չբարձրացած հայտնվեց քննադատությունների կիզակետում։ Նախ հայտնի դարձավ, որ ֆիլմն ուզում են ներկայացնել «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, ապա, որ Ամերիկյան կինոակադեմիան բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային կինոակադեմիա` նշելով, որ ֆիլմի ստեղծագործական կազմում ներառված են առավել մեծ թվով ռուսներ, քան հայեր, ինչը բավարար չէ «Օսկար» մրցանակի առաջադրման համար:
Մյուս կողմից՝ Հայաստանում բուռն քննարկվում էր՝ արդյո՞ք սա այն ֆիլմն էր, որն արժանի էր ներկայացվելու «Օսկարի»։ Քննարկումները բուռն էին, ֆիլմը քչերն էին տեսել։ Երեկ կայացավ «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան, որի առաջին հանդիսատեսը ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, լրագրողները, կինոյի և թատրոնի աշխատակիցները։ Հանդիսատեսն այն կարող է դիտել նոյեմբերի 18-ից։
BlogNews-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային և զրուցել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ։ Ֆիլմի հիմքում 1988 թվականի Սպիտակի երկարաշարժի առաջին 3 օրերն են։ Հաշվի առնելով թեմայի ցավալիությունը հայ հասարակության համար՝ այն կարող է հուզիչ լինել հայ հանդիսատեսի համար՝ անկախ գեղարվեստական արժեքից։ Սարիկից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով՝ լսարանին ֆի՞լմն է հուզում, թե՞ իրականության հետ ասոցիացիաները։
«Ռուսներն էլ են դիտել ֆիլմը։ Նրանք չեն ապրել երկրաշարժը, բայց լացել են ֆիլմի ժամանակ։ Մոսկվայի ցուցադրությանը 150 մարդ կար։ Ֆիլմից հետո նրանք հոտնկայս ծափահարում էին մեզ։ Մենք ցույց ենք տվել ֆիլմն ԱՄՆ-ում։ Մարդիկ սուբտիտրերով նայել են այն ու կրկին արտասվել։ Իրենց հուզում է հենց ֆիլմը, իրենք չգիտեն այս պատմությունները։ Ես հասկանում եմ, որ աղետից անցել է 28 տարի։ Շատերը հիշում են այն, և միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն՝ գրիմն այն չէր, վարսահարդարումն այն չէր։ Կարծում եմ, որ ֆիլմում ամենակարևորն այն է, թե դու ինչ ես զգում: Եթե ֆիլմից հետո դու հուզվել ես, նշանակում է՝ ֆիլմի միտքը հասել է քեզ։ Կարծում եմ՝ արդեն նշանակություն չունի, եթե ինչ-որ տեղ վավերագրությունը չի պահպանվել, ինչ-որ բանում կմեղադրեն մեզ»,- ասաց ռեժիսորը։
Ֆիլմում աղետի իրադարձությունների ֆոնին ծավալվում է երկու հերոսի պատմություն: Հանդիպում են 45-ամյա Կոնստանտին Բերեժնին և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանը: Շատ տարիներ առաջ Բերեժնու մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել են Ռոբերտի ծնողները: Կոնստանտինը 8 տարի ազատազրկվել է, իսկ Ռոբերտին որդեգրել են բարեկամները: Բերեժնին տուն է վերադառնում հենց երկրաշարժի օրը, նրան սպասում են կինը, դուստրը, որդին և Ռոբերտը, ով Կոնստանտինին այդպես էլ չէր ներել ծնողների մահվան համար: Հերոսները հայտնվում են միևնույն փրկարարական թիմում։ Աղետի գոտու նկարագրությունն ուղեկցվում է նաև այդ օրերին գողության պատմություններով, որը հանգուցային է դառնում, քանի որ սպանությունների շարան է բերում։ Գողերի հետ բախման ժամանակ Բերեժնին անձնազոհության է գնում՝ փրկելով Ռոբերտի կյանքը և որբ թողնելով երկրաշարժից ողջ մնացած միակ հարազատին՝ 8-ամյա որդուն։ Ռեժիսորից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ էին փորձել մարդկանց էմոցիաների վրա ազդել լրացուցիչ դրամատիզմով ու սպանություններով։ Ըստ Սարիկի՝ դրանում գեղարվեստական արժեք կար։ «Ժամանակին նա հերոսի ծնողների կյանքն է խլել և հիմա նա զոհեց իր կյանքը հանուն նրա։ Մենք խնդիր չունեինք պատմությունը չափազանց դրամատիկ դարձնելու։ Ճիշտ հակառակը, մոնտաժի ժամանակ քչացնում էինք դա, որպեսզի մարդիկ ամեն պահի չարտասվեին»,- ասաց նա։ Ռեժիսորի խոսքով՝ 21-րդ դարում ամեն կինո չէ, որ ինչ-որ էմոցիա է առաջացնում։ Իրենք նկարահանել են ֆիլմ մարդկանց մասին։
Ռեժիսորին հարցրին՝ ինչը կշտկեր ֆիլմում։ «Եթե ժամանակը հետ տայի, ֆիլմն ավելի մասշտաբային կանեի։ Ֆիլմը երկրաշարժի առաջին 3 օրերի մասին է, ես կընդլայնեի պատմությունը, ցույց կտայի՝ ինչպես եկան Մայր Թերեզան, Շառլ Ազնավուրը, Միխայիլ Գորբաչովը։ Հնարավոր է՝ այդ ամենը պետք էր ցույց տալ, սակայն ֆիլմը շատ երկար կտևեր»,- ասաց նա։
Ֆիլմում հիմնականում չի հնչում դերասանների ձայնը։ Հնչյունավորումն արել են գյումրեցի դերասաններ. «Ինձ թվում է՝ ճիշտ էր, որ հնչյունավորումն արեցին հենց գյումրեցի դերասանները, քանի որ մեր դերասանների դեպքում երևում էր, որ իրենք խաղում են գյումրեցիների։ Գյումրու բարբառի կոլորիտը չկար»։
Անդրադառնալով «Օսկարի» հետ կապված պատությանը՝ Սարիկն ասաց. «Ո՛չ ես, ո՛չ Ռուբենը, ո՛չ Հրանտը, ո՛չ էլ Կոնստանտինը չենք լրացնում փաստաթղթերը։ Չգիտեմ՝ ինչու այդպես եղավ։ Ֆիլմը չի նկարահանվել, որպեսզի «Օսկար» ստանա։ Իհարկե, ներքուստ ցանկանում ես, որ աշխատանքդ գնահատվի, սակայն ամենակարևորն այն է, որ ֆիլմը դուր գա հանրությանը, ամբողջ աշխարհի հայերը և ոչ միայն հայերը դիտեն այն։ Շատերը, ովքեր չգիտեին այս աղետի մասին, այս ֆիլմով իմացան»,- եզրափակեց նա։
Ֆիլմի սցենարի հեղինակներն են՝ Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը, Հրանտ Բարսեղյանը: «Երկրաշարժում» խաղում են Կոնստանտին Լավրոնենկոն, Վիկտոր Ստեփանյանը, Տաթև Հովակիմյանը, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Սաբինա Ահմեդովան, Հրանտ Թոխատյանը, Իրինա Բեզրուկովան, Միքայել Պողոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Ջանիբեկյանը, Արմեն Մարկարյանը, Արսեն Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Հասմիկ Ալեքսանյանը, Արևիկ Մարտիրոսյանը, Միքայել Արամյանը, Վրույր Հարությունյանը, Սեբաստյան Կիսակը:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի