«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը «Տարբեր» երգով: Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը: Այսօր՝ ասուլիսի ժամանակ, «Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակությունը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Այս տարի մենք կատարեցինք ներքին ընտրություն, հավաքեցինք բազմաթիվ մանուկներ մեր երգի ստուդիաներից և մասնագետների աշակերտներից: Լսումներն անցկացնելուց հետո մենք հասկացանք, որ կան երկու աղջիկներ, որոնցից ընտրություն անելը բարդ է: Նրանք երկուսն էլ տարբեր են և ունեն հզոր ձայներ: Մենք պարզապես չկարողացանք կողմորոշվել և հասկացանք, որ ամենաազնիվ տարբերակը կլինի նրանց երկուսին ուղարկելը»,- նշեց «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։  

Աղջիկների հետ միասին բեմում կլինեն պարուհիները, իսկ պարուսույցն է Արտյոմ Գևորգյանը, ով անցած տարի ևս աշխատել է «Եվրատեսիլ»-ի պատվիրակության հետ. «Այս տարի պատրաստել ենք լրիվ աղջկական բեմադրություն, շեշտը դրել ենք տարբերության վրա, քանի որ, ինչպես տեսնում եք, աղջիկները շատ տարբեր են»,- ավելացրեց Գոհարը։ 

Եվրատեսիլի կանոններն այս տարի փոխվել են՝ sms քվեարկություն չի լինելու, փոխարենը յուրաքանչյուր երկիր ունենալու է պրոֆեսիոնալ ժյուրիի կազմ, որում կլինի մեկ երեխա: Նրանք մասնակիցների ելույթից հետո կդնեն իրենց գնահատականները, բացի դրանից՝ դահլիճում կլինեն երեք փորձագետներ, ովքեր երեխաների ելույթի ընթացքում գնահատական են տալու. «Իհարկե, ավելի բարդանում է պայքարը, բայց մեր երեխաները ջանք ու եռանդ չեն խնայում, օր ու գիշեր աշխատում են: Մի բան կարող եմ հաստատ ասել՝ այս տարի կհաղթի նա, ով կկարողանա կենդանի շատ լավ երգել, քանի որ ժյուրիի անդամները հենց դա են գնահատելու: Եթե աղջիկները չհուզվեն և անեն այն ամենը, ինչ մենք պլանավորել ենք, վստահաբար կարող եմ ասել, որ մենք բարձր հորիզոնականներ կզբաղեցնենք»:

Թե՛ Մերիի և թե՛ Անահիտի համար երազանք էր «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը: Աղջիկները լրագրողների համար կատարեցին մի փոքր հատված իրենց երգից: Հանդիպմանը եկել էր նախորդ տարվա Եվրատեսիլի մասնակից Միկան, ով անակնկալ էր պատրաստել. «Անցյալ տարի, երբ իմ դպրոցի տնօրենը ինձ թալիսման նվիրեց, դա ինձ հաջողություն բերեց, իսկ այս տարի ես ձեզ նվիրում եմ այս թալիսմանները, որ ձեզ հաջողություն բերի»:    

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի Մալթայի մայրաքաղաք Վալետայում նոյեմբերի 20-ին՝ Երևանի ժամով՝ 19:00-ին:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել