Լենկթեմուրյան մղձավանջից հետո Հայաստանում իշխում էր կարա-կոյունլու թուրքմենական ցեղը: Կարա-կոյունլու տիրակալ Ջհանշահը (1437-1467 թթ.) համեմատաբար մեղմ քաղաքականություն էր վարում հայերի նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել երկրի ավերված տնտեսությունը։ Նրա թույլտվությամբ 1441-ին Հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայի Սիս քաղաքից փոխադրվեց Էջմիածին։ Ջհանշահն անգամ ընդառաջեց Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Աղթամարցու խնդրանքին՝ վերականգնելու Վասպուրականի թագավորությունը։

Զաքարիա կաթողիկոսը սերում էր Արծրունիների թագավորական ընտանիքից՝ «Գագիկ Արծրունի մեծ թագավորի արմատից ու ցեղից»։ Նա Հայոց թագավորի թեկնածու է առաջարկում իր եղբորորդուն և ստանալով Ջհանշահի համաձայնությունը՝ 1465թ. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Սմբատ Արծրունուն օծում է Հայոց թագավոր։ «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եւ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել...»։


Սմբատին չհաջողվեց ստեղծել համահայկական թագավորություն: Նրա իշխանությունը տարածվում էր Աղթամար կղզու եւ Վանա լճի առափնյա մի քանի բնակավայրերի վրա (Ռշտունիք գավառ)։ Կարա-կոյունլուներին պարտության մատնելուց հետո՝ ակ-կոյունլուները 1468-ին վերացրին նաեւ Սմբատի թագավորությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել