Exclusive

Դերասան Վահագն Ստեփանյանը՝ Դելոն, մոտ 3 տարի է, ինչ ԱՄՆ-ում է։ Այս ընթացքում նրա ընտանիքում մեծ փոփոխություն է եղել՝ որդի է ունեցել։ BlogNews-ի հետ զրույցում դերասանը պատմել է ընտանեկան կյանքի, որդու ծննդից հետո փոփոխությունների և կնոջ հետ հարաբերությունների մասին։

- Դելո, ի՞նչ է փոխվել տղայիդ ծննդից հետո։

- Հայր դառնալն ինձ ուրիշ մարդ է դարձրել։ Ես հիմա ունեմ կյանքիս ամենակարևոր նվերն Աստծո կողմից, որին շատ եմ սպասել։ Նույնիսկ չեմ կարող նկարագրել՝ ինչ եմ զգում։

- Երեխայի խնամքի հարցում օգնու՞մ ես կնոջդ։

- Իհարկե։ Միշտ եմ օգնում։ Ես այն տղամարդկանցից չեմ, որոնք կնոջը երեխայի հետ մենակ են թողնում ու գնում իրենց էգոն բավարարելու։ Ընտանիքում բոլորը պետք է ունենան իրենց դերը և ճիշտ կատարեն այն, որպեսզի ընտանիքը լինի ներդաշնակ և ուրախ։

- Երեխան յուրաքանչյուր ընտանիք ավելի լիարժեք է դարձնում։ Ընտանիքում նոր մարդու ներկայությունը փոխե՞լ է քո և կնոջդ հարաբերությունները։

- Իհարկե փոխել է։ Ավելի ենք կապվել և միասնական դարձել։ Մինչև երեխայի ծնունդը մենք պատասխանատու էինք մեկս մյուսի սիրո կամ հարգանքի նկատմամբ։ Հիմա ունենք մեր սիրո պտուղը, երկուսս էլ հասկանում ենք, թե Աստված մեզ ինչ հրեշտակ է ուղարկել։ Պետք է ճիշտ մեծացնենք իրեն։

- Երազու՞մ էիր տղա ունենալու մասին, թե՞ քեզ համար երեխայի սեռը կարևոր չէր։

- Անկեղծ ասած՝ կարևոր չէր, Աստված ինչպես կամենար։ Հոգուս խորքում ես ուզում էի, որ լույս աշխարհ գար կյանքիս ամենակարևոր ընկերը՝ իմ Նարեկ Քրիստոն։ Կրկին շնորհակալություն Աստծուն և կնոջս՝ Ռուզանին, որին աշխարհի չափ սիրում եմ։ Հիմա արդեն տիեզերքից շատ եմ սիրում Ռուզանին, որովհետև այդ ցավերը, որ ինքն է տարել, որպեսզի տղաս առողջ լույս աշխարհ գա, անգնահատելի է։ Շնորհակալ եմ իրեն իմ կյանքով։

- Երեխայի դաստիարակության հարցում որո՞նք են կարևոր սկզբունքները, որ առաջնորդելու են քեզ ու Ռուզանին։

- Ամենակարևորը՝ երեխան պետք է հավատք ունենա Աստծո նկատմամբ։ Իր ծնողներին, ինքն իրեն հավատա, սուտ չխոսի։ Ես ամեն ինչ կներեմ՝ բացի ստից։ Քանի որ ես բարի մարդ եմ, ինքն էլ բարի կլինի։) Ամենակարևորը մարդու մեջ, որ Աստծուն հաճելի է, մեծին հարգելն է։ Մնացածը ժամանակի ընթացքում կլինի։

- Դու և կինդ բոլոր հարցերում համակարծի՞ք եք։

- Բոլոր հարցերում դժվար է համակարծիք լինել։ Այդպես շատ անհետաքրքիր կլինի։ Ամեն դեպքում պետք է գալ ընդհանուր հայտարարի։ Եթե սեր կա, կարելի է երկկողմանի հարգել միմյանց կարծիքը։ Ես բռի ու չոբան տղամարդ չեմ։)

- Փոքրիկդ մեծանալու է ամերիկյան միջավայրում։ Որո՞նք են դրա առավելություններն ու թերությունները։

- Իմ տղան կոնկրետ ամերիկյան միջավայրում չի մեծանալու։ Նա Հայաստանում ունի տատիկ, պապիկ, հորեղբայր, եղբայրներ ու քույրիկ։ Երբ նա մի քիչ մեծանա, Աստծո կամքով, կգանք Հայաստան։ Ես արտիստի կյանքով եմ ապրում։ Միշտ ասել եմ, որ իմ տունը Հայաստանն է, ուղղակի շրջագայում եմ։

Որդիս մեծանալու է լավ, բարի ու դրական մարդկանց մեջ, կապ չունի՝ այստեղ, թե այդտեղ։ Շատ դրական և բացասական բաներ կան թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում։ Չեմ ուզում թվարկել, միայն կասեմ, որ բացասականն այստեղ ավելի շատ է, քան այդտեղ։

- Ամեն դեպքում շրջագայությունդ այս անգամ ավելի երկար տևեց։ Ի՞նչն է քեզ պահում ԱՄՆ-ում։

- Թղթաբանության հետ կապված որոշ հարցեր կան։ Պետք է ապրելու իրավունքս օրինականացնեմ։

- Շատ դերասաններ, որոնք թվում է՝ շատ հաջողակ են, ֆինանսապես ու որակապես իրենց բավարարված չեն զգում Հայաստանում։ Այստեղ ռեալիզացված չէի՞ր քո մասնագիտության մեջ։

- Ես իմ մասնագիտության մեջ ռեալիզացված եմ 12 տարեկանից։ Այդ տարիքից Հայաստանում սկսել եմ գումար աշխատել իմ մասնագիտությամբ։ Ես ինձ թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես, ամեն կերպ միշտ բավարարված եմ զգացել իմ հայրենիքում։ Ես արյունով արտիստ եմ, Աստված ինձ տվել է շնորհք, որ դրանով ապրեմ։ Դա ինձ համար գործ չէ, ես չեմ աշխատում որպես դերասան, ես ապրում եմ իմ կյանքը, որի համար ամեն րոպեն սիրում եմ, ինչքան էլ դժվարություններ լինեն։

- Կմանրամասնե՞ս՝ ինչ դժվարությունների մասին է խոսքը։

- Կյանքը տրված է փորձությունների համար, որպեսզի հաղթահարես դրանք։ Ես էլ իմ փորձություններն անցա, պատվով հաղթահարեցի, և Աստված ինձ որդի կամեցավ, որը նոր լույս, նաև՝ նոր փորձություն է։ Ես միշտ պատրաստ եմ փորձություններին։ Առանց դրա կյանքն անհետաքրքիր է։

Դժվար է, երբ գալիս ես նոր երկիր, նոր աշխարհ է, նոր մտածելակերպ, նոր մարդիկ։ Պետք է ժամանակ անցնի, որ հասկանաս՝ ուր ես ընկել և ինչ միսիա ունես։ Ամեն մարդ այս կյանքում ինչ-որ միսիա ունի։ Եթե Աստված ինձ բերել է այս մեծ երկիր, ուրեմն՝ իմացեք՝ հաստատ մեծ միսիա ունեմ։ Ես անում եմ այն, ինչ ինձ մոտ լավ է ստացվում՝ ծիծաղ պարգևել մարդկանց և երկարացնել իրենց կյանքը, թեկուզ ես տխուր լինեմ։ Այ դա է դժվարությունը։

- ԱՄՆ-ում շատ դերասաններ մասնագիտական գործունեություն չեն ծավալում։ Այդտեղ այլ աշխատանքով զբաղվե՞լ ես։

- Հունվարին կլինի 3 տարի, ինչ այստեղ եմ։ Աշխատում եմ իմ մասնագիտությամբ։ Շատ մարդիկ կարող է չիմանան, բայց ես պրոդյուսերական գործով եմ զբաղվում։ Տարբեր գովազդային հոլովակներ եմ նկարահանել այստեղի բիզնեսների համար։ Արդեն 5 հոլովակ եմ նկարել։ 2 ներկայացման մեջ եմ խաղացել և այսօր աշխատում եմ բոլորովին նոր նախագծի մասին, որի փակագծերն առայժմ չեմ բացի։ Առաջ Աստված։

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել