Փարիզը կանանց նորաձևության կենտրոն է. կանացի նրբագեղությունը և ճաշակն այստեղ շատ է գերակշռում: Մեր պատկերացրած լայնեզր գլխարկներով ու բարձրակրունկներով չեն կանայք. ֆրանսուհիներն ավելի շատ նախընտրում են հարմարավետ հագուստ: Տղամարդկանց ոճի մասին շատ բան չես ասի, երևի միակ հետաքրքիր դետալը նորաձև շարֆերն են, որ կապում են նրանք: Եթե տղամարդկանց նորաձևություն եք փնտրում, գնացեք Միլան. այստեղ կտեսնեք ամենաոճային տղամարդկանց, դե իսկ հագուստը բավականին կոնսերվատիվ է: Չնայած շատ հայտնի դիզայներներ իտալացիներ են, բայց չմոռանանք, որ Ֆրանսիան ամբողջ աշխարհին տվել է այնպիսի հայտնի դիզայներներ, ինչպիսիք են Շանելը, Իվ Սեն Լորանը, Դիորը, և այս ամենի հետ ֆրանսիական էլեգանտ նրբագեղություն:

Հարմարավետություն և պարզություն. այս բառերով կարելի է բնորոշել ֆրանսուհիների ոճը: Ցերեկային զբոսանքների ժամանակ Փարիզում երբեք չես տեսնի վառ դիմահարդարմամբ և չափից շատ բաց հագուստով կանանց: Էպոտաժը և ավելորդ բաց հագուստը բացակայում է ֆրանսիական ոճում, փոխարենը գերակշռում է պարզությունը և  հարմարավետությունը: Դա է հիմնական պատճառը, որ ֆրանսուհիները բարձրակրունկ կոշիկները թողնում են իրենց զգեստապահարանում և հագնում միայն երեկոյան՝ երեկույթների ժամանակ:

«Եթե չգիտես ինչ կրել, հագիր սև հագուստ». սա այն հիմնական կանոնն է, որ գործում է ֆրանսիական նորաձևության մեջ: Եթե դուք մտադիր եք նորաձև համարվել Փարիզում, ապա պետք է հիշեք ոսկե կանոնը՝ որքան հասարակ, այնքան լավ: Դե իսկ հագնվելու կանոնները ֆրանսիացիները լավ գիտեն՝ ընդհանուր տեսքը պետք է կազմված լինի երեք գույնից, շարֆը պետք է համապատասխանի կոշիկների գույնին, և որպեսզի սեքսուալ տեսք ունենան, նրանց բավական է միայն վերնաշապիկ և ջինսե տաբատ:

Հայտնի փաստ է, որ ֆրանսուհիները հետևում են իրենց կառուցվածքին, և դա է պատճառը, որ գրեթե ցանկացած հագուստ համապատասխանում է նրանց կառուցվածքին: Ջինսե տաբատը երևի նրանց սիրելի հագուստն է, որը կրում են զբոսանքի, աշխատանքի, պիկնիկի ժամանակ և, որ ամենակարևորն է, գիտեն՝ ինչի հետ համադրեն: Նրանք բացարձակ չեն վախենում սևի և կապույտի համադրությունից, չէ՞ որ դա նրանց Իվ Սեն Լորանն է սովորեցրել:

Փարիզը բարձր նորաձևության մայրաքաղաք է: Այստեղ կան բարձր նորաձևության տների խանութներ և բազում առևտրի կենտրոններ: Շատ աղջիկներ Փարիզ այցելում են Շանելից և Դիորից գնումներ կատարելու համար, դե իսկ այս խանութներում հերթերն անխուսափելի են: Փարիզի շոփփինգի կարևոր առավելություններից մեկն էլ այն է, որ  թեքս ֆրին վերադարձնում են հենց խանութում և ստիպված չես դրա համար հասնել օդանավակայան: 

Ի դեպ, Փարիզի նորաձև աղջիկները վաղուց արդեն չեն հագնվում հայտնի նորաձևության տներից՝ համարելով դա շաբլոն, փոխարենը նախընտրում են բացահայտել սկսնակ և խոստումնալից դիզայներների: Դե իսկ եթե բախտ է վիճակվել, և հայտվել եք Փարիզում, մի՛ գնեք այնպիսի հագուստ, որը կարող եք ձեռք բերել ցանկացած վայրում, փնտրեք էքսկլյուզիվը:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել