Картинки по запросу վանաձոր–Ալավերդի–ՎրաստանՊետության համար կոմունիկացիաների կարևորության մասին խոսվել է բավականին շատ, նշվել է, թե այն ինչքան կարևոր է պետության զարգացման համար: ՀՀ համար առանձնակի կարևորություն ունի Վրաստանի հետ միջպետական ժամանակակից հանգույց ունենալը, ուստի ներկայումս ընթացող ՀՀ Մ6 միջպետական մայրուղու Վանաձոր-Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգումը վկայում է հենց դրա մասին:

Կառավարությունը դեռևս 2011 թվականի նոյեմբերին հավանություն է տվել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգին, որի մեծ մասը վերաբերում է Մ6 Վանաձոր-Ալավերդի ու մինչև Վրաստանի հետ պետական սահման հասնող միջպետական ճանապարհի վերականգնման ծրագրին: Ծրագրին ընթացք տալու նպատակով 2013թ.-ին Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել է 1 մլն. եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ:

Այս ճանապարհի տնտեսական նշանակությունը ստրատեգիական է, այն հանդիսանում է ռեզերվային հատված Հյուսիս-հարավի համար: ՀՀ մուտք գործող բեռնատարների 60 տոկոսը, չնայած ռելիեֆային բարդ պայմաններին, նախապատվությունը տալիս է հենց այս հատվածին: Նշեմ նաև, որ այս հատվածով օրական անցնում է 2500-3000 մեքենա, և այն իրականում տնտեսապես կարևոր հանգույց է:

Ընդհանուր հիմնանորոգման աշխատանքների ընթացքում նախատեսվում է երեք կամուրջների քանդում, նորի կառուցում և ինը կամուրջների հիմնանորոգում: Աշխատանքներ պետք է տարվեն նաև մայրուղում առկա երեք թունելների վերակառուցման և վերանորոգման վրա: Ճանապարհահատվածը տարիներ ի վեր անմխիթար վիճակում է։ Բացի ռելիեֆային առանձնահատկություններից, ոլորապտույտ ճանապարհ՝ վերելքներով ու վայրէջքներով, այն նաեւ կիսաքանդ վիճակում է։

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր–Ալավերդի–Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Վանաձոր–Թումանյան հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվեց և փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ըստ մասնագետների և փորձագետների հաշվարկների ճանապարհն ամբողջովին փակ կմնա մոտավորապես 14 ամիս, որից հետո այն կսկսի մասամբ շահագործվել հարակից գյուղերի կենսապայմաններն ապահովելու համար: Սակայն բուն աշխատանքների համար նախահաշվարկով նախատեսված է 36 ամիս ժամանակահատված: Ծրագրի նպատակն է բարելավել խճուղու Վանաձոր-Բագրատաշեն հատվածով տրանսպորտային արդյունավետությունն ու անվտանգությունը: Նշված հատվածի մոտ 51.5կմ-ի վերակառուցումից՝ բարելավված ճանապարհածածկով, անվտանգության ապահովման և կլիմայի փոփոխությանը հարմարվելու միջոցառումներով:

ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել Վանաձոր-Բագրատաշեն բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եվրոյի չափով: Այս ծրագրով նախատեսվում է բարելավել սոցիալական ծառայությունների, գյուղատնտեսության, տուրիզմի և զբաղվածության հասանելիությունը՝ նպատակ ունենալով նվազեցնել տնտեսական և սոցիալական տարածաշրջանային անհամապատասխանությունները:

Հ.գ. 1. ՀՀ և Վրաստանի միջև պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի տարածքում տեղի ունեցած Դեբեդ գետի վրա նոր կամուրջի կառուցման մասին: Նշեմ, որ Բարեկամության կամուրջը կառուցելու նպատակով ստեղծվել է հայ-վրացական աշխատանքային խումբ: Աշխատանքների հետ կապված տեղի է ունեցել կամրջի շինարարության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած մեկ տասնյակից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում։ Կամրջի կառուցման, նախագծման և շինարարության արժեքը մոտ 9 միլիոն եվրո է, որի կեսը ֆինանսավորելու է վրացական կողմը:

Հ.գ. 2. Պետք է փաստել, որ ճանապարհային հատվածի փակման ընթացքում երթևկությունը կաթվածահար չի լինի. Ստեփանավան-Օձուն շրջանցիկ երթուղին կարող է ծառայել հանրությանը որպես այլընտրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել