Image result for мишел аун ливан«Սպիտակ երկուշաբթի». այսպես է բնորոշվել նոյեմբերի 31-ը Լիբանանում, երբ վերջապես նշմարվեց շուրջ 2,5 տարի նախագահական ընտրությունների 45 անհաջող փորձից հետո առավել խորացած ներքաղաքական փակուղու հաղթահարման ուղին: Նախօրեին 46-րդ փորձի և երկրորդ փուլի երրորդ քվեարկության արդյունքում միայն լիբանանյան խորհրդարանը նախագահ ընտրեց «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցության ղեկավար, երկրի քաղաքական դաշտի վետերան, 81-ամյա գեներալ, քրիստոնյա մարոնի Միշել Աունին:
«Սպիտակ երկուշաբթին» իսկական տոնի վերածվեց ամբողջ Լիբանանում:

Հարկ է նշել, որ դեռևս 2014 թ. մայիսին նախկին նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Աունի թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրել է «Մարտի 8-ի» դաշինքը (նրան են պատկանում խորհրդարանի 128 տեղից 61-ը), որում առանցքային դերակատարություն ունի Հասան Նասրալլահի գլխավորած «Հիզբալլահ» ռազմաքաղաքական խմբավորումը: Լիբանանում ծագած ներքաղաքական ճգնաժամի և որպես դրա բաղադրիչ՝ նախագահական ընտրությունների՝ նախկինում տապալված բոլոր փորձերի հիմնական պատճառը նաև մերձավորարևելյան տարածաշրջանում հատկապես «արաբական գարնան» և սիրիական հակամարտության հետևանքով սրված «սուննի-շիա» դիմակայությունն էր, որը յուրօրինակ դրսևորում էր ստացել նաև ներլիբանանյան քաղաքական հարթակում: Ասել է թե՝ շիայական Իրանի լիբանանյան գլխավոր հովանավորյալ «Հիզբալլահի» առաջարկած նախագահի թեկնածուին դեմ էր վահաբիական Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանակին մի շարք սուննիական պետությունների կողմից աջակցվող «Մարտի 14-ի» ուժերի դաշինքը (60 տեղ խորհրդարանում), որում առանցքային դերակատարություն ունի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի «Ալ-Մուստակբալ» շարժումը: Վերոնշյալի համատեքստում ակնհայտ է, որ քաղաքական փակուղուց դուրս գալուն միտված համաձայնությունը մինչև նախագահի հերթական ընտրության փորձը, արդեն իսկ կայացել էր ներլիբանանյան քննարկումներում:

Մասնավորապես, դեռևս հոկտեմբերի 18-ին Բեյրութ Սաադ Հարիրիի վերադարձից և լիբանանյան քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչների ու կրոնական համայնքների առաջնորդների հետ ունեցած մի շարք հանդիպումներից, հնչեցված հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ հակառակորդ քաղաքական ուժերի միջև սկզբունքային համաձայնություն է կայացել՝ երկիրը տևական ճգնաժամից դուրս բերելու հարցում, որի առաջին քայլը եղավ նախագահի թեկնածության հարցում ընդհանուր հայտարարի գալու իրողությունը:

Իսկ նման փոխզիջման դիմաց Սաադ Հարիրին ստանալու է վարչապետի պաշտոնը, ինչի շուրջ կայացած ընդհանուր համաձայնության մասին հայտարարվել էր դեռևս հոկտեմբերի 23-ին՝ «Ալ-Մուստակբալի» և «Հիզբալլահի» առաջնորդների հանդիպումից հետո: Արդեն առաջիկա օրերին Լիբանանի նորընտիր նախագահը վարչապետի պաշտոնում պետք է առաջադրի Սաադ Հարիրիի թեկնածությունն, ինչին կհաջորդի նոր կառավարության ձևավորման գործընթացը:

Այսպիսով՝ կարելի է փաստել, որ Լիբանանում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանը միտված առաջին քայլերն արդեն իսկ արված են, մինչդեռ կասկածից վեր է, որ այս գործընթացը ենթադրում է բավական խրթին մի շարք այլ շրջափուլեր, մասնավորապես՝ նոր ընտրական օրենքի ընդունում, արդեն 2 անգամ՝ 2013թ. և 2014թ. հետաձգումներից հետո ընտրական գործընթացի նախապատրաստում: Իսկ նշված քայլերի վրա, անշուշտ, իրենց բացասական ազդեցությունն են ունենալու տարածաշրջանում առկա հակամարտային իրավիճակները, և հատկապես սիրիական ճգնաժամը, ինչն էլ թույլ է տալիս կանխատեսելու, որ Լիբանանին, այնուամենայնիվ, նոր փորձություններ են սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել