BlogNews.am-ը մեկ ամիս շարունակ օնլայն հարցումներ է անցկացրել և փորձել պարզել՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կարծիքով ովքեր են Ֆեյսբուքի ամենացանկալի փեսացուները:
Փեսացուներին գտնելուց հետո նրանց հետ բավականին հետաքրքիր ֆոտոշարք ու հարցազրույց ենք իրականացրել, որը Ձեր դատին ենք ներկայացնում:
Արտուշ Չիբուխչյան, 24 տարեկան
Սովորում է ԵՊՀ ասպիրանտուրայի 3-րդ կուրսում տեսական ֆիզիկա մասնագիտությամբ, բայց աշխատում է որպես ծրագրավորող:
Համաստեղությունը՝ ցուլ
Բնավորությունը 3 բառով՝ լավատես, համառ, համբերատար
Կյանքում կարևորում է ազնվությունը, մաքրությունը, սեփական սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ մնալը, դրա հետ մեկտեղ՝ ոչ մի դեպքում չհանձնվելը ու նպատակին հասնելը։

Լևոն Իգիթյան, 26 տարեկան
Կրթությամբ՝ մանկավարժ աշխարհագետ
Նորընտիր ավագանի, «Ախուրյան» հասարակական կազմակերպության նախագահ
Համաստեղությունը՝ կշեռք
Բնավորությունը 3 բառով՝ ընկերասեր, մեղմ-բարի և հանդուրժող
Կյանքում կարևորում է կյանքը, որը կապրի իմաստալից, և ընտանիքը, հանուն որի արժե արթնանալ ամեն առավոտ:

Մաքսիմ Սարգսյան, 29 տարեկան
Մասնագիտությամբ իրավագետ է
Համաստեղությունը՝ ցուլ
Բնավորությունը 3 բառով՝ ընկերասեր, համբերատար, ինքնավստահ
Կյանքում կարևորում է ընտանիքը, ընկերությունն ու հայրենիքը: Չափազանց կարևորում է մաքրությունը ցանկացած տեսակի հարաբերություններում:


Ռուբեն Խաչատրյան
Կրթությամբ տնտեսագետ է, աշխատում է որպես սոցմեդիայի խորհրդատու
Համաստեղությունը՝ առյուծ
Բնավորությունը 3 բառով՝ տաքարյուն, աշխատասեր, պատասխանատու
Կյանքում իր համար շատ կարևոր բաներ կան, սակայն առանձնացնում է հետևյալ երեքը՝ ընտանիք, ընկերներ և կարիերա: Ճիշտ է, շատերի կարծիքով դրանք համատեղելը դժվար է, բայց ինքը թերևս գտել է լավագույն լուծումը:

Վահագն Մարտիրոսյան, 26 տարեկան
Մասնագիտությամբ տնտեսագետ է
Համաստեղությունը՝ ձուկ
Բնավորությունը 3 բառով՝ ճշտապահ, համբերատար, ռեալիստ
Կյանքում կարևորում է միշտ առաջ շարժվելը, կարծում է, որ մարդ պետք է կարողանա իր կյանքում, անկախ ամեն ինչից, առաջ շարժվել, չէ՞ որ հետ գնալու հնարավորություն ամեն դեպքում դեռ գիտությունը չի հայտնաբերել, իսկ տեղում կանգնելով՝ ոչինչ չես փոխի:


Հարաբերություններում առաջին քայլը միշտ պետք է տղամա՞րդն անի:
Մաքսիմ Սարգսյան. Կարծում եմ՝ ոչ, քանի որ սխալ է, երբ աղջիկն ունենում է զգացմունք ու լուռ տանջվում է՝ կարևորելով այլոց կարծիքը։ Վերջիվերջո, աղջիկներն էլ մարդ են ու ունեն զգացմունքներ :)
Ռուբեն Խաչատրյան. Կարծում եմ՝ հարաբերություններում պատասխանատվության չափը պետք է լինի հավասար: Ուստի՝ ոչ:
Արտուշ Չիբուխչյան. Կա ընդունված տեսակետ, որ տղամարդը պետք է միշտ առաջին քայլն անի, իմ կարծիքով՝ դա պարտադիր պայման չէ, սակայն եթե աղջիկը որոշել է առաջին քայլն անել, պետք է դա անի շատ զգույշ, որովհետև չափից շատ համարձակության դեպքում կարող է ոչ այդքան լավ էֆեկտ ստանալ։ Եթե աղջիկը խելացի է, համարձակ, կարող է ուղղակի այնպես անել, որ տղան անի առաջին քայլը :)
Վահագն Մարտիրոսյան. Հարցը շատ իրավիճակային է, որին միանշանակ պատասխան տալ չի լինի, սակայն կարծում եմ, որ հիմնականում, այո՛, պետք է տղամարդը անի, սակայն բոլորովին պարտադիր չէ, հակառակ իրավիճակն էլ եմ պատկերացնում:
Լևոն Իգիթյան. Այո՛, առաջին քայլը պետք է տղամարդն անի, բայց վատ չեմ նայում այն դեպքերին, երբ աղջիկն էլ է ձեռնարկում (սիրտ է դե հիմա, տղա թե աղջիկ, որ սիրում է, պիտի արտահայտվի), քանի որ շատ դեպքերում լինում է այնպես, ինչպես ցանկանում և պլանավորում է աղջիկը: Չնայած չգիտեմ՝ դա ինչպես են անում:

Ինչպե՞ս եք վերաբերվում սոցիալական ցանցերում ծանոթություններին:
Վահագն Մարտիրոսյան. Նորմալ, կարծում եմ, որ ծանոթության համար վայրը էական չէ, կարևորը, թե ինչպես կզարգանա այդ ծանոթությունը:
Մաքսիմ Սարգսյան. Կարելի է ասել բացասական (աչքիս տակ ունենալով նաև դրական դեպքեր, երբ նման ծանոթություններն ունեցել են դրական՝ ամուսնական ավարտ), քանի որ նման ծանոթություններով մարդուն չես կարող լրիվ ճանաչել։
Լևոն Իգիթյան. Շատ լավ, և շատ շնորհակալ եմ որոշ սոցիալական ցանցեր ստեղծողներից, որոնց միջոցով լիքը հարազատ, մտերիմ ընկերներ եմ ձեռք բերել, ովքեր շատ թանկ են ինձ համար:
Ռուբեն Խաչատրյան. Վատ բան չեմ տեսնում, քանի որ մեր օրերում սոցիալական ցանցերի դերն ու նշանակությունը այնքան են մեծացել մարդու կյանքում, որ ծանոթյունները հիմնականում հենց դրանց միջոցով էլ լինում են: Բացի այդ՝ սոցկայքերը օգնում են մեծացնել սոցիալական կապիտալը:
Արտուշ Չիբուխչյան. Նորմալ, ժամանակները փոխվում են, փոխվում են նաև կապի միջոցները։ Եթե մարդ օրվա մեծ մասը անցկացնում է սոցիալական ցանցերում, ապա բնական է, որ մեծ է հենց այդտեղ նոր ծանոթություն հաստատելու հավանականությունը։ Բայց գտնում եմ, որ վիրտուալ կյանքում շփումը շատ երկար չպետք է շարունակվի, այլ այն պետք է արագ տեղափոխվի իրական դաշտ, թե չէ կարող է ստացվել՝ տարիներով շփվենք ջոլիների հետ, սիրահարվենք, ու պարզվի՝ էկրանի մյուս կողմում հարևան տատին ա նստած))
Եթե տղան երկար ժամանակ չի պատասխանում աղջկա նամակին, դա նշանակում է, որ նա նրան դուր չի՞ գալիս:
Ռուբեն Խաչատրյան. Եթե տղան երկար ժամանակ չի պատասխանում աղջկա նամակին, դա նշանակում է, որ էտ մարդը ուղղակի զբաղված է :)
Վահագն Մարտիրոսյան. Պատճառները կարող են տարբեր լինել, և ես չէի ցանկանա առաջնահերթ շեշտադրությունը բացասականի վրա դնել, ինչպես որ անում է աղջիկների մեծ մասը, ընդամենը խորհուրդ՝ փորձեք մի փոքր ավելի լայն մտածել, այ օրինակ, որ, կարող է, տղան ուղղակի մեռել է (կատակում եմ, բայց դա նույնպես տարբերակ է):
Լևոն Իգիթյան. Կարող է լինել նման դեպք, բայց ոչ իմ պարագայում. ես անպատասխան նամակներ չունեմ: Բոլորի համար ժամանակ գտնում եմ և անհատական վերաբերմունք եմ ցուցաբերում՝ կապ չունի համակրում եմ, թե ոչ:
Մաքսիմ Սարգսյան. Կա՛մ դուր չի գալիս, կա՛մ աղջկա ընտրած թեմաներն են անհետաքրքիր։
Արտուշ Չիբուխչյան. Կամ խաղում է նրա հետ :)

Ի՞նչն է կարևոր աղջկա համար՝ խե՞լքը, թե՞ գեղեցկությունը:
Լևոն Իգիթյան. Աղջիկներին հասկանալ շատ դժվար է, ու դժվարանում եմ պատասխանել՝ իրենց համար որն է կարևոր, իսկ ինձ համար՝ գեղեցիկ խելացին:
Ռուբեն Խաչատրյան. Կարծում եմ՝ կնոջ խելքն ու ինտելեկտը կարող են նրան դարձնել չափազանց գեղեցիկ և հակառակը՝ անկախ արտաքին տեսքից, բայց, ինչ խոսք, կան դեպքեր, որ ինտելեկտն անզոր է:
Մաքսիմ Սարգսյան. Կարևորում եմ թե՛ խելքը, թե՛ գեղեցկությունը, որովհետև շատ արագ կհոգնեմ անխելք «տիկնիկից» ու նաև ինձ անհարմար կզգամ չափազանց խելացի, բայց արտաքնապես ոչ իմ պատկերացումներին համապատասխան աղջկա հետ։
Արտուշ Չիբուխչյան. Եթե ասեմ, թե գեղեցկությունը կարևոր չէ, կարևորը միայն խելքն է, հաստատ կստեմ, իհարկե, չի լինի նաև անխելք տիկնիկի հետ ապրել։ Ես հավատում եմ երկու երնեկ մի տեղում գտնվելու հնարավորությանը։ Բայց ամենակարևորը երևի այն է, որ աղջկա հետ չձանձրանաս, կարողանաս նստել, ժամերով խոսել ու դրանից չհոգնես :)

Կարո՞ղ եք ստել Ձեր ընկերուհու՝ «Չե՞ս կարծում, որ գիրացել եմ, սիրելի՛ս» հարցին պատասխանելիս:
Վահագն Մարտիրոսյան. Ո՛չ, ստելու կարիք չեմ տեսնում, իմ ընկերուհին ինձ համար անկրկնելի կլինի ամեն դեպքում:
Ռուբեն Խաչատրյան. Կարող եմ, բայց չեմ ստի ))
Արտուշ Չիբուխչյան. Եթե չի գիրացել, իհարկե կարող եմ :)
Մաքսիմ Սարգսյան. Ո՛չ, ես առհասարակ չեմ ստում, առավել ևս սիրելիիս։
Լևոն Իգիթյան. Կարող եմ, եթե նա գիրացել է հղիությունից:

Կշարունակե՞ս աղջկա հետ հարաբերությունները, եթե նա կտրականապես հրաժարվի պատմել իր անցյալի մասին:
Լևոն Իգիթյան. Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ բոլորս իրար գիտենք, ու մեկ զանգով կարող ես իմանալ, ինչ քեզ հետաքրքրում է, իսկ եթե սիրում եք իրար և փոխվստահություն կա, ապա չեմ կարծում՝ նման խնդիրներ կառաջանան:
Արտուշ Չիբուխչյան. Միանշանակ ոչ, որովհետև կարծում եմ, որ լուրջ հարաբերությունները պետք է հիմնված լինեն ազնվության ու անկեղծության վրա, ինչ-որ բան թաքցնելով՝ չի կարելի հարաբերություններ կառուցել, վաղ թե ուշ ամեն ինչ իմացվելու է։ Եթե կա սեր, ուրեմն՝ պետք է իրար ընդունել այնպես, ինչպես կա կամ եղել է անցյալում։
Ռուբեն Խաչատրյան. Աղջիկը կարող է չպատմել իր անցյալից, բայց Երևանը փոքր քաղաք է: Հետևաբար աղջկա «քչախոսությունը» չի կարող ազդել հարաբերությունների հետագա զարգացման վրա մինչև «հետաքննության» ավարտը:
Վահագն Մարտիրոսյան. Ո՛չ։ Իսկ եթե նա նախկինում տղա է եղել, բա չիմանա՞մ։
Մաքսիմ Սարգսյան. Ո՛չ։ Անկեղծությունը կարևորում եմ ցանկացած հարաբերություններում ու առավել ևս անձնական հարաբերությունների դեպքում ակնկալում եմ մաքսիմալ անկեղծություն, որի դեպքում կհասկանամ ու կընդունեմ շատ ու շատ քայլեր, որոնք չեմ հասկանա այլ մարդուց իմանալու դեպքում։

3 բան, որ նյարդայնացնում է աղջկա մեջ:
Մաքսիմ Սարգսյան. Парадный հագ ու կապն ու նույն ոճում շպարը, ամենուր բարձրակրունկներ հագնելը, սեփական զգացմունքները թաքցնելը։
Ռուբեն Խաչատրյան. Գոռոզությունը, պաթոսը, 3 քայլը մեկ «check in» լինելը:
Լևոն Իգիթյան. Ես համբերատար մարդ եմ ու, ինչպես ասում են ընկերներս, մեղմ-բարի, ինձ հունից հանել ու նյարդայնացնել շատ դժվար է, բայց կան բաներ, որ կարող են նյարդայնացնել, օրինակ՝ սուտը, բամբասելը և անկայունությունը:
Վահագն Մարտիրոսյան. Չափազանց շատ ուշադրություն պահանջելը, շաաատ հանգիստ բնավորությունը, գռեհկությունը։
Արտուշ Չիբուխչյան. Ես ընդհանրապես քիչ եմ նյարդայնանում, բայց կառաձնացնեմ գոռոզությունը, բամբասկոտությունը, ուշանալը:

Ինչո՞վ են հայ աղջիկները տարբերվում այլազգի աղջիկներից: Արդյո՞ք «հայուհու» կերպարը և դրան վերագրվող հատկանիշները չափազանցված չեն:
Լևոն Իգիթյան. Համեմատելու համար պետք է ինչպես հայ աղջիկներին, այնպես էլ այլազգի աղջիկներին լավ իմանալ: Աշխարհում մոտ 3000-ից ավելի ազգ կա, յուրաքանչյուրը իր մշակույթի և արժեքների կրողներն են: Համեմատելը դժվար է, բայց, որ մեր աղջիկները սիրուն են ու խելացի, դա կարող եմ ասել:
Արտուշ Չիբուխչյան. Երևի ավելի շատ դաստիարակությունն է առանձնացնում, քանի որ հայ ընտանիքում շատ մեծ տեղ են տալիս աղջիկների ճիշտ դաստիարակությանը, բացի այդ՝ հայուհիները աշխարհի ամենասիրուն աղջիկներն են, չնայած ուկրաինուհիները ու ռուսները մերոնց մի քիչ են զիջում )):
Մաքսիմ Սարգսյան. Հայուհու կերպար ասվածն ինձ համար ծիծաղելի է։ Մեր աղջիկներն էլ մարդ են ու մնացած ազգերի աղջիկների նման ունեն ցանկություններ, զգացմունքներ ու սեփական կյանքի իրավունք։ Այլ հարց է, թե ինչքանով են մեր աղջիկները ճիշտ ընկալում ազատություն կոչվածը։
Ռուբեն Խաչատրյան. Դե չափազանցված են, մանավանդ մեր օրերում, բայց ամեն դեպքում յուրահատկություն ունեն մեր աղջիկները: Չեմ համեմատել աշխարհի բոլոր երկրների աղջիկների հետ, սակայն կարծում եմ՝ մերոնց բնորոշ է հոգատարությունը:
Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ տղաների սիրելի «տուն տանելու աղջիկ» արտահայտությունը:
Մաքսիմ Սարգսյան. Ինձ համար դա ծիծաղելի արտահայտություն է։
Լևոն Իգիթյան. Այս հարցին շատ հետաքրքիր կպատասխանեի 2007-2010 թթ-ին, իսկ հիմա կասեմ՝ ամեն մարդ յուրովի է պատկերացնում՝ որն է իրենց «տան հարմար աղջիկը»:
Ռուբեն Խաչատրյան. «Տուն տանելու աղջիկը» այն աղջիկն է, ում սիրում ես ու վստահ ես, որ կարող ես հետը կենցաղ կիսել:
Արտուշ Չիբուխչյան. Կարծում եմ մեծամասնության համար «տուն տանելու աղջիկը» խելոք, համեստ, հեզիկ աղջիկներն են։ Ինձ համար «տուն տանելու» պայմանը կապված է նրա հետ, թե կկարողանամ էտ աղջկա հետ մինչև խոր ծերություն մի տան մեջ ապրել, պապիկ-տատիկ դառնանք, բայց դեռ իրարից չհոգնենք, թե չէ։ Իսկ տուն տանելու հատկանիշներից կառանձնացնեի ազնվությունն ու առաքինությունը։

Ինչի՞ն եք առաջինն ուշադրություն դարձնում աղջկա մեջ:
Արտուշ Չիբուխչյան. Աչքերին ու մատներին:
Լևոն Իգիթյան. Ուշադրություն եմ դարձնում ոտքերին, հետո՝ աչքերին:
Մաքսիմ Սարգսյան. Խնամվածությանը (դա չի որոշվում շպարի շատ լինելով):
Ռուբեն Խաչատրյան. Մեյք ափի տեսակարար կշռին…
Վահագն Մարտիրոսյան. Արտաքինից՝ հայացքին և ձեռքերին, ներքինից՝ հումորի զգացումին։
Աղջիկներն իրո՞ք գեղեցիկ են առանց դիմահարդարման, թե՞ նորաձև է այդպես կարծել:
Արտուշ Չիբուխչյան. Ասում են՝ աղջկան տուն տանելուց առաջ պետք ա մի հատ առավոտը քնաթաթախ տենաս )): Չափի մեջ ճաշակով դիմահարդարումը կարա աղջկան ավելի գեղեցկացնի։
Լևոն Իգիթյան. Յուրաքանչյուր աղջիկ մայր է, իսկ մայրերը միշտ գեղեցիկ են՝ անկախ նրանից՝ դիմահարդարված են, թե ոչ:
Մաքսիմ Սարգսյան. Ոմանք՝ այո, իրոք ավելի գեղեցիկ են առանց դիմահարդարման։
Վահագն Մարտիրոսյան. Ոմանք գեղեցիկ են, ոմանց անհրաժեշտ է։ )))
Ռուբեն Խաչատրյան. Ես վերևում արդեն նշել եմ՝ կան դեպքեր, երբ ինտելեկտը և դիամահարդարումն անզոր են: Գեղեցկություն ասելով՝ նկատի ունեմ հենց բնական գեղեցկությունը:

Ինչպե՞ս հասկանալ «Դու ինձ դուր ես գալիս, բայց ես պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների» արտահայտությունը:
Լևոն Իգիթյան. Ուղղակի, ոնց կա, այդպես էլ պետք է հասկանալ, սրտին ստիպել չես կարող:
Ռուբեն Խաչատրյան. Դա նշանակում է, որ ես էլ քեզ եմ հավանում, բայց սենց շուտ չեմ հանձնվի:
Մաքսիմ Սարգսյան. Դե կարող է ասվել հարաբերությունների սկզբում, երբ աղջիկն արտաքնապես դուր է գալիս, բայց քանի որ մարդ տեսակի մասին պատկերացում չունես, ցանկություն կարող է լինել շփման, տվյալ աղջկան ավելի լավ ճանաչելու համար, որից հետո կա՛մ կցանականաս լուրջ հարաբերություններ, կա՛մ ոչ։
Վահագն Մարտիրոսյան. Ուրեմն՝ բավականաչափ չի դուր գալիս։
Արտուշ Չիբուխչյան. Դա կարա լինի ուղղակի «ցրելու» շատ նրբանակատ ձև։

Ի՞նչ տիպի աղջկա հետ երբեք հարաբերերություններ չեք կառուցի:
Ռուբեն Խաչատրյան. Անլուրջ:
Մաքսիմ Սարգսյան. Ստախոս, շահամոլ, քյառթու աղջիկներից մաքսիմալ խուսափում եմ։
Լևոն Իգիթյան. Բամբասող և սուտասան և անկայուն, որոնք ինձ, ինչպես նշեցի, նյարդայանացնում են:
Վահագն Մարտիրոսյան. Անհետաքրքիր աղջկա հետ, բացի արտաքին գրավչությունից՝ հարաբերություններում անհրաժեշտ է հետաքրքրություն մտցնելը, իսկ եթե մարդ ինքը իր բնույթով անհետաքրքիր է, հարաբերությունները հետաքրքիր պահելը դժվարանում է:
Արտուշ Չիբուխչյան. Հումորի զգացում չունեցող, ճաշը սոխով եփող ու կինո չսիրող աղջկա հետ, մենք հաստատ իրար հետ յոլա չենք գնա։
Դուք Ձեզ ամուսնության համար պատրաստ համարո՞ւմ եք:
Լևոն Իգիթյան. Ո՛չ, դեռ ջահել եմ պատժվելու համար: Ուշ թե շուտ բոլոս էլ պատժվելու ենք:
Արտուշ Չիբուխչյան. Չէ, ես դեռ պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների)))։ Իսկ եթե լուրջ, կարծում եմ՝ ամուսնությունը կյանքի ամենալուրջ ու պատասխանատու քայլերից մեկն է, ես ինձ պապա պատկերացնում եմ, բայց դեռ պատրաստ չեմ պամպերս փոխելուն :)
Ռուբեն Խաչատրյան. Այո՛…
Մաքսիմ Սարգսյան. Ո՛չ :)
Վահագն Մարտիրոսյան. Ո՛չ:
Նյութը՝ Անի Հակոբյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



