Image result for georgia parliamentՎրաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը, և վերջնական ձևավորվեց ութերորդ գումարման խորհրդարանը։ Վրաստանի խորհրդարանի ութերորդ գումարման 2016-2020 թվականների աշխատանքներում ընդգրկված կլինեն թվով երեք հայ պատգամավորներ՝ երկուսը՝ Ջավախքից (Սամվել Մանուկյանը և Հենզել Մկոյանը), մեկը՝ Թիֆլիսից (Ռուսլան Պողոսյանը)։ Երեք պատգամավորներն էլ ներկայացնում են Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։

150 մանդատ ունեցող Վրաստանի ութերորդ գումարման խորհրդարանում ներկայցված կլինեն «Վրացական երազանք» կուսակցությունը 115 մանդատով, Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 27 մանդատով և «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը՝ 6 մանդատով, մեծամասնական ընտրակարգով մեկական մանդատով ներկայացված կլինեն նաև «Արդյունաբերողների» կուսակցության ներկայացուցիչը և անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին։

Այսպիսով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ութերորդ գումարման խորհրդարանում, ունենալով 115 երեսփոխան, ձևավորեց սահմանադրական մեծամասնություն: Սա նշանակում է, որ նա կարող է միայնակ, առանց որևէ քաղաքական ուժի աջակցության ձևավորել կառավարություն, Վրաստանի սահմանադրության մեջ կատարել փոփոխություն, ընդունել և փոփոխել ցանկացած օրենք, ասել է թե՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ստանձնել է ողջ պատասխանատվությունը բոլոր այն գործընթացների, որոնք տեղի կունենան երկրում 2016 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Հետաքրքիր է, գոնե այս գումարման խորհրդարանի հայազգի պատգամավորները առաջիկա չորս տարիներին ձեռնամուխ կլինեն Վրաստանում ու մասնավորապես Ջավախքում ապրող հայերի՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրների լուծմանը, առաջ կքաշեն և կբարձրաձայնեն հայոց լեզվի խնդիրը, կձեռնարկեն Հայոց ցեղասպանության ճանաչումը Վրաստանի խորհրդարանի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել