EXCLUSIVE

Ռուսական հայտնի երգչուհի Անժելիկա Ագուրբաշն օրեր առաջ Հայասատում էր: Երգչուհին Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու կորպորատիվ միջոցառմանը, որտեղ էլ կայացել է իր և Արամեի «Было и прошло» երգի երևանյան պրեմիերան: BlogNews.am-ը թռիչքից առաջ հանդիպել է երգչուհու հետ, լուսանկարել և զրուցել:

Շատերն են լսել Անժելիկայի և Արամեի համատեղ զուգերգը, որն արդեն զույգին հաջողություն է բերում. «Համատեղ դուետով հանդես գալու առաջարկը եղավ Արամեի կողմից: Մինչև մեր համագործակցությունը ես ծանոթ չէի նրա ստեղծագործություններին: Երբ լսեցի նրա երգերը, իսկապես շատ հավանեցի: Բացի այն, որ տաղանդավոր է, նաև շատ հմայիչ տղամարդ է: Դրական պատասխան տվեցի, քանի որ միանգամից հասկացա, որ մեր դուետը հաջողված կլինի»,- պատմում է երգչուհին և ավելացնում, որ Արամեի հետ պատրաստվում են ներկայացնել ևս մեկ աշխատանք:

«Մենք Արամեի հետ ստեղծագործական լավ զույգ ենք, դա ակնհայտ է: Ես շատ սիրում եմ Արամեի կատարմամբ հայերեն երգերը, թե ինչպես է ժողովրդական կատարում և թե իր հեղինակայինները: Շատ սիրում եմ նրա «Մամա» երգը, «Հայաստանը»: Ես վստահ եմ՝ Արամեն ձեր կանանց սիրելին է, և այժմ էլ կարող եմ վստահաբար ասել, որ ռուս կանայք էլ են նրան սիրահարված»:

Երգչուհին Հայաստան էր եկել՝ կորպատիվ միջոցառման մասնակցելու, որն անցկացրել է Դմիտրի Դեբրովի հետ. «Երեկոյի ժամանակ նաև զուգերգ եմ կատարել Դմիտրի Մալիկովի հետ, իսկ Արամեն մեր երգը կատարելու համար մեկ օրով վերադարձել էր Երևան՝ դադարեցնելով իր համերգային շրջագայությունը: Ի դեպ, երգն առաջին անգամ էինք Երևանում կատարում, և պետք է ասեմ, որ արձագանքները հրաշալի էին»: 

Անժելիկան նշում է, որ Հայաստանում էլ ունի երկրպագուներ: Արամեի հետ դուետից հետո նրա հայ երկրպագուների քանակն ավելացել է. «Ինձ հաճախ են գրում, ասում, թե որքան են հավանում իմ երգերը, իսկ դա ինձ համար շատ հաճելի է»:

Երգչուհին Հայասանում մոտ յոթ տարի առաջ էր եղել, ասում է՝ շատ գեղեցկացել է քաղաքը. «Ես շատ եմ սիրում ձեր քաղաքը, այն հատուկ էներգետիկա ունի և ջերմություն»: Անժելիկան չի բացառում, որ գուցե մի օր հայերեն երգ էլ կատարի, եթե, օրինակ, համերգով գա Հայաստան. «Դուք շատ լավ կատարողներ և երգահաններ ունեք: Ես կորպորատիվի ժամանակ ծանոթացա ձեր լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ և հիացած եմ, թե ինչպես էր դուդուկ նվագում: Դուդուկը իմ սիրելի երաժշտական գործիքն է, որը, կարծես, իմ հոգուց հնչի»:

Անժելիկան չի սիրում անձնական կյանքի մասին խոսել: Միայն խոսում է իր երեք երեխաների մասին. «Երեխաներս լավ դաստիարակություն և կրթություն են ստանում: Միջնեկս՝ տղաս, սովորում է Միլանում, փոքրս տասներկու տարեկան է, սովորում է դպրոցում, իսկ աղջիկս լրիվ ստեղծագործ անհատականություն է: Ես հասցնում եմ զբաղվել նրանց հետ, ես լավ մայր եմ, չեմ դաստիարակում, ես նրանց պարզապես սիրում եմ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Ֆլորա Աբգարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել