Image result for վարչապետՎարչապետը հաճախ է շեշտում հետադարձ կապի կարևորության, տնտեսության զարգացման վերաբերյալ առաջարկների մասին և այլն: Բայց ներկա փուլում մեր երկրի զարգացման համար իսկապես ամենևին էլ պետք չեն համաշխարհային ու դասական տնտեսագիտական մոտեցումներ: Կա ընդամենը մի քանի ռեալ քայլերի անհրաժեշտություն, որպեսզի նախ՝ տնտեսության քայքայումը կանխվի, այն դրվի զարգացման ընթացքի մեջ, ապա՝ նոր անցում կատարվի տարատեսակ մոդելների մշակմանը, ինստիտուտների ներդրմանն ու կատարելագործմանը:

Այլ կերպ ասած՝ սկզբում պետք է համակարգն առողջացնել, այլապես դեֆեկտիվ համակարգում էֆեկտիվ ինստիտուտ ունենալն անհնար է. կարճ ժամանակ հետո այն նույնպես սկսելու է դեֆեկտներ տալ:

Հիմա, այսպես ասած, այդ հետադարձ կապի մեխանիզմով ընդամենը մի քանի առաջարկ.
1. Նաիրիտի հարցը քննել, հասկանալ, թե ուր գնացին այդ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող վարկերը,
2. Օֆշորային խնդիրները բացահայտել, որոնց պատճառով Հայաստանից ապօրինի կերպով դուրս է բերվել մի քանի միլիարդ դոլար,
3. Բացահայտել, թե ինչպես հանկարծ ՀՀ-ն Գազպրոմին պարտք մնաց 300 միլիոն դոլար,
և ևս մի երկու նման մութ խնդիր:

Այս ամենը բացահայտելուց հետո մենք բոլորս շատ կարճ ժամանակում կտեսնենք, թե ինչպես եկավ ու հաստատվեց այն փոփոխությունը, որը մեր հասարակության համար ձեռք է բերել անիրականանալի երազանքի «կերպար»: Կտեսնենք, թե ինչպես արագորեն մենք ունեցանք մի նոր որակ թե՛ արդարության, թե՛ տնտեսության զարգացման, թե՛ վստահության առումներով:

Սա կախարդական փայտիկին չի հասնի, բայց համազոր ուժ ունի:

Թե չէ, քանի դեռ ամենախոշոր ու մութ պատմությունները, որոնք դարձել են մեր երկրի աղքատացման հիմնական պատճառները, գտնվում են ստվերում, որևէ հարակից կամ օժանդակ քայլ, օբյեկտիվորեն, ի զորու չէ դրական ազդեցություն ունենալու համակարգային ախտով վարակված տնտեսության, ինստիտուցիոնալացված անարդարության ու զոռբայության և մշտական դարձած անվստահության վրա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել