Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմը երեկ ցուցադրվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, ինչին հաջորդեց ստեղծագործական թիմի հանդիպումը ուսանողների հետ: Ներկաներին ուրախացրեց այն լուրը, որ այժմ նկարահանվում է ֆիլմի երկրորդ մասը։ Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը նշեց, որ երկրորդ ֆիլմում դերասանական կազմը լրիվ այլ է լինելու։

Ներկայացնում ենք ստեղծագործական թիմի պատմությունները ամենաբարդ նկարահանումների մասին։

Մհեր Մկրտչյան - Ամենադժվարն այն տեսարանները նկարելն է, որտեղ կադրում 200-ից ավելի մարդ կա։ Դա ամենասարսափելին է, որովհետև համարյա հնարավոր չէ, որ կարողանաս կառավարել բոլորին և ստանալ այն, ինչ ուզում ես։ Դա ամենաշատ էներգիան է խլում։

Դավիթ Հակոբյան - Նկարահանումներից հետո մի բան իմացա, որը եթե նախապես իմանայի, չէի նկարվի։)  Հոգեբանորեն չէի կարող։ Չգիտեմ ով ռեժիսորին ասել էր, որ ես ժամանակին սրտի խնդիր եմ ունեցել, իրականում դա սուտ է, կինս է տարածել, որ ինձ արգելեն ծխելը։) Պարզվում է՝ բարկության տեսարանը նկարելու համար բակում շտապ օգնության մեքենա է կանգնած եղել, որովհետև իմ «սադիստ» ռեժիսորը պատրաստ էր նույնիսկ սրտի նոպայի գնով ստանալ այդ տեսարանը:) Ամեն դեպքում մարդասիրական քայլն արել էր՝ շտապ օգնությունը կանչել էր։)

Այդ տեսարանները կտոր-կտոր են նկարահանվում, սակայն փորձեցինք մի կադրով անել, որպեսզի ճշմարտությանը մոտենանք։ Թե ինչքան ենք մոտեցել, դուք դատեք։

Սամվել Թադևոսյան – Ինձ համար ամենադժվարն ամենապարզ տեսարանն է։ Օրինակ՝ պարզ խոսակցությունը կադրում՝ ինչպե՞ս ես, լա՞վ ես։ Քանի որ այստեղ կեղծելու հավանականությունը զրոյականի է հասցված։

Նաև՝ եկեղեցու տեսարանը ֆիլմային տարբերակում մի քիչ կրճատված է։ Դա բարդ տեսարան էր. պետք է խոսես, ու հանդիսատեսն էկրանից հավատա քեզ։ Այդ տեսարանը 2 անգամ ենք նկարել։  Իմ կարծիքով՝ երկրորդ օրն ավելի ստացված էր։ Կառանձնացնեմ նաև ընկերոջս դիակը տեսնելու տեսարանը։

Անի Խաչիկյան - Հուզական առումով ինձ համար ամենաբարդն այն կտորն էր, երբ իմանում եմ, որ հայրս մահացել է։ Դա նկարահանման առաջին օրն էր։ 5-6 դուբլ նկարել ենք այդ կտորը։ Մինչև հիմա չգիտեմ՝ ինչու այդքան կրկնվեց, բայց ես ամեն անգամ վերապրում էի այդ տեսարանը ու չգիտեմ ինչ աստիճանի զգում, որ ես պապա չունեմ։ Չէի հասկանում, թե ինչու ռեժիսորը չի ասում՝ «стоп, снято»: Այդ տեսարանը նկարահանելուց հետո իսկապես շատ վատ էի։

Իսկ տեսարանը կառուցելու, հասկանալու, կեղծ չլինելու առումով բարդ էր եկեղեցու տեսարանի վերջին կտորը։ Պետք էր ամեն ինչը հասկանալ, գնահատել, այդ իրականության մեջ մտնել, որպեսզի կեղծ չլիներ։

Հայկ Պետրոսյան - Հեռուստատեսային տարբերակում կլինի մի տեսարան, որը ֆիլմում չկար։ Լևոնը քեֆը լավ գալիս է Տիգրանի մոտ և ասում՝ չե՞ս ուզում հաշտվել էն մտքի հետ, որ Աննան իմ կինն է։ Ե՛վ ջղայնանում է, և՛ սիրտը բացում, ասում՝ սա մենակ քո կռիվը չէ, ես էլ եմ կռվում, զենք, դեղամիջոցներ եմ ուղարկում։ Այդ ընթացքում ներողություն է խնդրում ու բարիշում են։ 2 րոպեում շատ տարբեր էմոցիաներ են։ Ինձ թվում էր՝ չի ստացվի, բայց ստացվեց։ Պարոն Մկրտչյանը զարմանալի մի կարողություն ունի։ Նկարահանումից առաջ քեզ հետ խոսում է լրիվ ուրիշ բանի մասին, մեկ էլ դու հայտնվում ես էն տրամադրության  մեջ, որը պետք էր նկարահաման համար։

Էլեն Սարգսյան - Ինձ համար ամեանդժվարը Սամվել Թոփալյանի հետ պատկերասրահի տեսարանն էր։ Ռեժիսորը մի քիչ ջղային էր, ու մի քիչ երկար տևեց։ Վերջում, երևի ստացվեց։)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել