Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ուեյն քաղաքում գտնվող Farms View Roadstand ընտանեկան ֆերմայից հափշտակել են մոտ 200 դդում։

Ֆերմայի տիրոջ որդին՝ Թոդ Քյումը, լրագրողներին ու ոստիկանությանը հայտնել է, որ տեսախցիկները ֆիքսել են հանցագործների ֆուրգոնը։ Կասկածյալները եղել են չորսը, որոնց չէր հաջողվել ողջ գողոնը տանել միանգամից, ինչի համար էլ նրանք ստիպված են եղել հետ վերադառնալ։

120 տարվա պատմություն ունեցող ֆերմայի տերերը պնդում են, որ իրենց պատճառվել է 2500-3000 դոլարի վնաս։ Նրանք խոստացել են 1000 դոլար վճարել այնպիսի տեղեկատվության համար, որը ոստիկանությանը կօգնի ձերբակալել հանցագործներին։

Դդումների հափշտակությունը տեղի է ունեցել Հելոուինից քիչ առաջ, որն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 31-ին։ Հելոուինի ժամանակ ԱՄՆ-ում ավանդաբար մեծ դեր է վերապահված դդումներին։ Այդ տոնի ժամանակ սովորաբար թխում են նաև դդմի կարկանդակներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել