BlogNews-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 19-ին «Պատանի լրագրողների» դպրոցում սպանված 22-ամյա Լևոն Սահակյանի գործով մեղադրյալ ճանաչված Վահան Ղազարյանը սպառնացել է նաև հրազենով։

Մեր աղբյուրը մանրամասներ է պատմել դեպքի մասին, որոնք մինչ այս չէին հրապարակվել։ Ներկայացնում ենք դեպքի մասին նրա պատմածը։ Դանակահարված երիտասարդն ու դպրոցի տնօրենը դեպքից ամիսներ առաջ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Վահան Ղազարյանը Լևոն Սահակյանի նշանածի աշխատավարձը կվճարի հոկտեմբերին: Հոկտեմբերի 19-ի երեկոյան նրանք կրկին հանդիպել են, քանի որ սահմանված վերջնաժամկետը լրացել էր։ Հանդիպումը կայացել է Վահան Ղազարյանի աշխատասենյակում։ 

Մեր աղբյուրը հայտնում է, որ զրույցի ընթացքում գործով մեղադրյալ Վահան Ղազարյանը եղել է շատ լարված, անընդհատ ասել է, որ մի շարք պարտքեր ունի և չի կարող տալ գումարը։ Լևոնը հիշեցրել է իրենց պայմանավորվածության մասին, ինչն առաջացրել է Վահան Ղազարյանի վրդովմունքը։ Առաջացել է վիճաբանություն, քաշքշոց, որի ընթացքում Վահան Ղազարյանը դանակահարել է Լևոն Սահակյանին (Վահան Ղազարյանն ընդունել է, որ դանակահարել է Լևոն Սահակյանին)։

Այդ ժամանակ Լևոնի գիտակցությունը տեղն է եղել։ Մեր տեղեկություններով՝ Լևոնն ու ընկերն արդեն մեքենայի մեջ են եղել, երբ Վահան Ղազարյանը նրանց հետևից դուրս է եկել, այս անգամ՝ ձեռքին հրազեն։ Նա հրազենը պահել է Լևոնի ուղղությամբ և սպառնացել։ Դեպքի վայրից Վահան Ղազարյանին հեռացրել է երրորդ անձ։

Այս ընթացքում դեպքի առթիվ տարբեր վարկածներ են շրջանառվում։ Մասնավորապես քննարկվում է, որ Լևոնը դանակահարությունից հետո գնացել է տուն, հետո միայն հիվանդանոց։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ դեպքից հետո Լևոնն անմիջապես գնացել է հիվանդանոց։ Մեքենան ինքն է վարել, քանի որ կարծել է՝ թեթև վնասվածք է ստացել, այդ պահին ասել է, որ իրեն լավ է զգում: Այդ ամբողջ ընթացքում նա հեռախոսային կապի մեջ է եղել հարազատների հետ: Հիվանդանոց գնալուց հետո Լևոնն ինքուրույն լրացրել է իր անկետան, քանի որ ֆիզիկապես իրեն լավ է զգացել։

Հիշեցնենք, որ տուժողի նշանածը նախկինում համագործակցել է «Պատանի լրագրողների» դպրոցի հետ, սակայն խոստացված աշխատավարձը չվճարելու պատճառով առաջացել են տարաձայնություններ և աղջիկը դադարեցրել է համագործակցությունը։ Վարձատրության գումարն ամբողջությամբ վճարելու շուրջ տնօրենի հետ խոսել է Լևոն Սահակյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել