Վարդուհի Վարդանյան՝ հայկական շոուբիզնեսի ամենապայծառ, դրական ու բարի մարդկանցից մեկը, ով, արդեն տասը տարի է, ֆիզիկապես մեզ հետ չէ։ Նրա ընկերներն այս տարիների ընթացքում ամեն բան անում են, որպեսզի երգչուհու հիշատակը վառ մնա հանրության սրտում։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացավ Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված համերգը, որին ներկա էին հայկական շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները։ BlogNews-ը ներկայացնում է միջոցառման բոլոր մանրամասները։
Համերգին ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը, սակայն միջոցառումը կառուցված էր նոն-ստոպ ձևաչափով։ Որքան էլ Վարդուհու մասին պատմությունները շատ են, նրա ընկերները որոշեցին այս անգամ ասելիքն արտահայտել միայն երգով։
«Պարադոքսալ մի երևույթ է, երբ երգչուհու մահից տասը տարի անց դեռ կարողանում ենք պրեմիերաներ անել։ Դա անում ենք շնոհիվ իր ընկերների։ Արման Աղաջանյանի համակարգիչը պահում էր տեսանյութ, որը դարձավ տեսահոլովակ, և որքան էլ տարօրինակ է հնչում, այսօր կարող ենք պրեմիերա ներկայացնել Վարդուհի Վարդանյանից»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց Ավետն ու հավելեց, որ զգացողությունները շատ խառն են։ «Ուրախանում ենք, որ ունեցել ենք Վարդուհի, վշտում, որ կորցրել ենք Վարդուհի։ Զգացողությունները շատ սահմանային են։ Մենք վշտացած դեմքով չենք հիշում Վարդուհուն, չնայած տրագեդիկ ավտովթար էր։ Երբ բոլորեց նրա մահվան տասը տարին, գերեզմաններից գնացինք իրենց տուն։ Անգամ այդ ժամանակ, միևնույն է, այդ ծիծաղը, ժպիտը, պատմությունները մեզ տարան լիովին այլ դաշտ։ Ինքն անգամ իր մահից հետո մեզ թողել է այն ծիծաղն ու ժպիտը, որով ապրում էր։ Ամենակարևորը, որը ես ցանկանում եմ՝ ունենան բոլոր արտիստները, ինքն իր վրա ծիծաղելու արվեստն է»,- ավելացրեց նա։
Երգչուհի Սիրուշոն կատարեց «Էսքիզները» Վարդուհու երգացանկից, որն ընդգրկվել է նաև իր երգացանկում, և «Մեզ ոչինչ չի բաժանի» հեղինակային երգը, որը տարիներ առաջ գրել էր սիրելի ընկերուհու հիշատակին։
«Այդ շրջանում այս երգն արտահայտման միակ ձևն էր։ Բոլորը գիտեն՝ Վարդուհին ինչ մեծ դեր ունի իմ կյանքում։ Նա այնքան պայծառ մարդ էր՝ բառի ամբողջ իմաստով, որ նրան հիշելիս կրկին ապրում ես այդ դրական զգացողությունը։ Այնքան լուսավոր էր, որ հիշելիս ակամայից ժպիտ է առաջանում դեմքիդ, միաժամանակ՝ թախիծ։ Երբևէ հանդիպածս ամենադրական մարդկանցից էր։ Այնքան հիշողություններ ունեմ նրա հետ կապված։ Երկար տարիներ գրեթե ամեն օր միասին էինք։ Մենք անընդմեջ ծիծաղում էինք, չգիտեմ՝ նույնիսկ ինչի վրա էինք այդքան ծիծաղում։ Օրուգիշեր աշխատում էինք... Դրանք հայկական երգարվեստում դժվար տարիներն էին, երբ ես էլ էի դեռ նոր ճանապարհ հարթում։ Ամեն օր համերգների ու հյուրախաղերի էինք։ Եղել են դեպքեր, որ ստուդիայում աշխատել ենք մինչև լուսաբաց կամ մեքենայով երկար ճանապարհներ ենք գնացել, անքուն շատ գիշերներ ունեցել միասին, սակայն մի վայրկյան անգամ վատով չեմ հիշում այդ ամենը, ու դա նաև իր շնորհիվ էր,- հետնաբեմում պատմեց Սիրուշոն ու հավելեց,- ուրախ եմ, որ այսքան մարդ հավաքվել և եկել է իրեն տոնելու։ Նա այնպիսի մարդ էր, ում պետք է տոնել, միշտ լավ էմոցիաներով հիշել։ Հուսով եմ՝ կկարողանամ հանդիսատեսին փոխանցել այն էներգիան, որն ինքն էր կարողանում փոխանցել»։
Սիրուշոն իր խոսքում հաճախ ներկայով էր խոսում Վարդուհու մասին։ Սյուզան Մարգարյանն էլ նկատեց, որ մինչև հիմա չեն կարողանում անցյալով խոսել իր մասին. «Ամեն առիթի հիշում ենք իրեն, ինչպես էր ներս մտնում ու ուրախություն բերում։ Վարդուհուն հնարավոր չէր չսիրել։ Նա մարդկային առումով անթերի տեսակ էր, տաղանդի մասին էլ չեմ խոսում։ Շատ ուժեղ մեջք էր որպես ընկեր։ Շատ ծանր էր կորցնել նման ընկերոջ, հարազատի, նման արտիստի մեր բեմում։ Մենք բոլորովին պատրաստ չէինք։ Մեր ընտանիքում երեքս էլ շատ մեծ սթրես տարանք»։
Երգչուհին շեշտեց, որ Վարդուհին 30 տարեկան էր, բայց բավականին մեծ ժառանգություն է թողել։ «Մենք մասունքների պես դողում ենք այդ ամենի համար, և ամեն համերգի փորձում ենք գոնե մեկ պրեմիերա ներկայացնել։ Այսօր ներկայացնում ենք Արման Աղաջանյանի և Վարդուհու զուգերգը։ Նրան սիրող մարդիկ հավաքվեցին և ստեղծեցին այդ սքանչելի տեսահոլովակը։ Մենք փորձում ենք կատարել այն աշխատանքը, որը նա կկատարեր այսօր։ Վարդուհին շատ ասելիք ուներ, փորձում ենք ներկայացնել գոնե մի մասը»,- ասաց նա։
Քրիստինե Պեպելյանն էլ հիշեց, որ երբ առաջին քայլերն էր անում, Վարդուհին առաջիններից էր, որ բռնեց իր ձեռքը։ «Մեր ընկերությունը սկսվել է դեռ այն ժամանակվանից, երբ դպրոցական էինք։ Վարդուհին շատ ուրախ կերպար էր, բոլորին փորձում էր կոմպրոմիսի բերել, բոլոր կոնֆլիկտների մեջ լուծում էր գտնում։ Իր հետ շատ հեշտ ու ուրախ էր։ Իմ առաջին ելույթները պրոֆեսիոնալ բեմում Վարդուհու մենահամերգներն էին Երգի պետական թատրոնում, որոնք ինձ համար ճակատագրական էին։ Ո՛չ ես, ո՛չ ինքը երբեք չէինք խնայում տեքստերը մոռանալու մեր կարողությունները։) Բեմում մոռանում էինք երգերի տեսքտերը, սկսվում էր Թութուշի ծիծաղը։ Դա մի աննկարագրելի բան էր, որովհետև երբ նա միանում էր, վերջ... Վարակիչ ծիծաղն անցնում էր ինձ ու դահլիճին։ Նույնիսկ եթե հիշեինք բառերը, վերջ, էլ երգը չկար։ Հետո դուրս էր գալիս Գրիգորիչը, ասում էր՝ ծիծաղեցի՞ք, դե հիմա նորից նորմալ երգեք նույն երգը։)»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ շատ լավ հիշողություններ ունի՝ կապված երգչուհու հետ։ «Մենք շատ ենք ճամփորդել իրար հետ, գիշերները չենք քնել, սոված ենք եղել, կուշտ, կռվում էինք, բարիշում, բայց դրանք ուրախ վեճեր էին։ Ամենակարևորն այն էր, որ այդ վեճերում չկար անձնական հարթություն»,- եզրափակեց Քրիստինեն։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի