Կրասնոյարսկից 89-ամյա թոշակառու Լենա տատիկը ճամփորդում է վերջին 7 տարում: Ինքնուրույն պատրաստվում է ճամփորդություններին, հավաքում է իր ոչ մեծ ուսապարկն ու վայելում է իր ծերությունը: Նա ունի դուստր և երկու թոռ: Լենա տատիկի երիտասարդությունը անցել է պատերազմի մեջ: Թիկունքում կատարած ծանր աշխատանքները՝ խոտ հնձելն ու բերքահավաքը ճաքեր են դաջել տատիկի ձեռքերին:
Լենա տատիկը ճամփորդում է միայն իր թոշակի հաշվին, ոչ մեկը նրան այդ հարցում չի ֆինանսավորում: Տարվա մեջ նրան հաջողվում է 1-2 անգամ ճամփորդել, իսկ ճանապարհին նրան օգնում են բարի մարդիկ, ովքեր էլ հետո նրա ընկերներն են դառնում:
Այս տարիների ընթացքում Լենա տատիկը հասցրել է լինել մի քանի երկրներում՝ Գերմանիա, Թուրքիա, Լեհաստան, Չեխիա: Ամեն տարի Լենա տատիկը լինում է Պրահայում և կազդուրվում է այնտեղ մեկ-երկու շաբաթ: Վերջին ճամփորդությունը նա արել է դեպի Վիետնամ, որտեղ համտեսել է տեղի էկզոտիկ ուտեստները և անգամ զբոսնել է մոտոցիկլետով:
Լենա տատիկն ասում է, որ մոտոցիկլավարը երկար ժամանակ չէր ուզում բաժանվել իրենից, որովհետև Լենա տատիկի նման կենսուրախ ու երջանիկ մարդ իր կյանքում առաջին անգամ էր տեսնում: Նա բոլորին վարակում է իր լավատեսությամբ ու ներքին էներգիայով: Նա իր օրինակով ապացուցում է, որ ծերությունը բոլորովին էլ ձանձրալի «զբաղմունք» չէ: Լենա տատիկի համար կյանքը լի է անակնկալներով ու նորանոր բացահայտումներով:
Թարգմանությունը՝ BlogNews.am