Tert.am-ը գրում է.

Ես կյանքի կոչեցի իմ երազանքը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը՝ խոսելով իր նկարած ֆիլմի մասին, որը 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի մասին էր ու ներկայացվել էր «Օսկար» մրցանակաբաշխությանը, սակայն մերժվել: Կինոռեժիսորն ասաց, որ ինքը դեռևս մանկության տարիներից հիշում է, թե ինչպես էին մարդիկ ամեն տարի դեկտեմբերի 7-ին հիշողությունների գիրկն ընկնում: Սարիկ Անդրեասյանը պատմեց, որ բավական երկար են աշխատել ֆիլմի վրա, զրուցել են փրկվածների հետ, ականատեսների, անգամ բժիշկների ու փրկարարների, այցելել են Գյումրի՝ ուսումնասիրելու տեղանքը, որպեսզի ժապավենը լինի ազդեցիկ ու արժանահավատ: 

- «Երկրաշարժ» անվամբ Ձեր ֆիլմը, որը ներկայացվել էր «Օսկար» մրցանակաբաշխության, չընդգրկվեց որևէ անվանակարգում: Ո՞րն է Ձեր կարծիքով պատճառը: 

- «Օսկարի» հանձնաժողովի կողմից մենք ստացանք պաշտոնական նամակ, որտեղ գրված է, որ ֆիլմի վրա աշխատող թիմի անվանացանկում շատ են ռուսական ազգանունները, իսկ «Օսկարի» կանոնակարգի համաձայն, կինոժապավենի նկատմամբ ստեղծագործական վերահսկողությունը պետք է արվի այն երկրի քաղաքացիների կողմից, որը ներկայացրել է ֆիլմը: Ֆիլմի վրա աշխատել են սցենարիստներ, պրոդյուսերներ, կոմպոզիտորներ Հայաստանից, դերասանների ճնշող մեծամասնությունն էլ հայ է: Այնպես որ մենք վիճարկել ենք որոշումը, սպասում ենք պատասխանի:

- Որքան դժվա՞ր էր աշխատել ֆիլմի վրա:

- Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը ողբերգություն էր, որը միավորեց ոչ միայն Խորհրդային միությանը, այլև ողջ աշխարհին: Ֆիլմում պատմվում է այս միավորման մասին, մարդկանց մասին, որոնք ԽՍՀՄ տարբեր երկրներից, այլ պետություններից մեկնեցին Գյումրի, որպեսզի օգնեն տեղաշարժել փլուզված բեկորները, դուրս բերեն ողջ մնացածներին, փրկեն մարդկանց կյանքեր:  Ֆիլմում պատմվում է մարդկանց մասին, որոնք հաց էին բերում, դեղորայք, ջուր, հագուստ: Ֆիլմը փաստավավերագրական հիմքով է նկարահանվել: Մենք մեկ տարուց ավել ուսումնասիրել ենք վիդեոարխիվը, լուսանկարները, գրքերը, որոնք առնչվում են երկրաշարժի հետ: Մեր նկարահանող խումբը մեկնել էր Գյումրի, ուսումնասիրել տեղանքը: Քաղաքում գրեթե ամեն ինչ վերակառուցված է, բայց յուրաքանչյուր բնակիչ հիշում է այն օրերի իրադարձությունները:

Սցենարը ներառել է բազմաթիվ պատմություններ, որոնք պատվում են աղետի ականատեսների կողմից: Մենք զրուցել ենք ԱԻՆ աշխատակիցների հետ, բժիշկների, որոնք այդ ժամանակ աշխատել են, մարդկանց հետ, որոնք ղեկավարել են փլատակներից տարածքն ազատելու աշխատանքները, զրուցել ենք նրանց հետ, ովքեր փրկվել են: Դժվար էր, ծանր էր, լսել նրանց պատմությունները. դրանք սարսափելի հիշողություններ են: Մարդիկ լալիս էին ու լինել սառնասիրտ, անտարբեր, չէր հաջողվում: Բայց առանց այս ամենի չէր լինի… Առանց այս փաստերի ֆիլմը արժանահավատ չէր լինի: 

- Իսկ ինչպե՞ս ծագեց գաղափարը՝ նկարահանել ֆիլմ 1988 թ.-ի իրադարձությունների մասին:

- Դեռևս մանկության տարիներից հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ ամեն տարի դեկտեմբերի 7-ին հիշողությունների գիրկն ընկնում: Հիշելով ողբերգության մասին, մենք հարգում ենք մարդկանց, որոնց կյանքն ընդհատվեց այդ ողբերգության հետևանքով: Սա հարգանքի տուրք է:  Ես կիսվել եմ հարազատներիս հետ այն մտքով, որ անհրաժեշտ է նկարահանել ֆիլմ երկրաշարժի մասին, որի մասին տարեց տարի ավելի ու ավելի քիչ են խոսում: Շուրջ վեց տարի առաջ ես հանդիպեցի իմ ընկերների հետ՝ սցենարիստներ Արսեն Դանիելյանի և Հրանտ Բարսեղյանի: Արսենը խանդավառվեց այս գաղափարով ու գրեց սցենարի առաջին տարբերակը: Մենք այն ներկայացրինք «Մարս մեդիա» կինոընկերությանը՝ Ռուբեն Դիշդիշյանին: Ռուբենն առաջարկեց Սերգեյ Յուդակովին, Ալեքսեյ Գռավիցկիին վերանայել սցենարը: Այս գործընթացը մի քանի տարի տևեց: Ինչից հետո մեկ տարի էլ մենք պատրաստվում էինք նկարահանումներին:  Այդպես էլ ծնվեց մեր ֆիլմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել