Tert.am-ը գրում է.

Ընտրակեղծիքի մասին սուտ մատնության հարցի շուրջ այսօր ԱԺ-ում կայացած ընդդիմություն-իշխանություն կոնսենսուսի արդյունքում նոր Ընտրական օրենսգրքով ամրագրվեց, որ քրեական պատասխանատվության է ենթարկվում ինչպես ընտրակեղծիքի մասին դիտավորությամբ սուտ մատնություն տվողը, այնպես էլ՝ անփութության արդյունքում սուտ մատնության հեղինակը:

Ըստ այդմ՝ ընտրակեղծիքի մասին անփութությամբ սուտ մատնություն կատարելը Քրեական Oրենսգրքով կպատժվի 200-800 հազար դրամ տուգանքով, իսկ դիտավորյալ սուտ մատնության համար քաղաքացին կդատապարտվի մինչև 2 տարի ազատազրկման:

Արդեն իսկ մամուլում տեսակետներ կան, որ հաշվի առնելով իրավական համակարգի հանդեպ անվստահությունը՝ այս օրենքի ընդունումից հետո քաղաքացիները կխուսափեն ընտրակեղծիքների առթիվ բողոքներ ներկայացնել, քանի որ անգամ անզգույշ մատնության դեպքում ընտրակեղծիքի մասին հայտարարությունը տվողը կենթարկվի քրեական պատասխանատվության:

Tert.аm-ն այսօր մի քանի հարց ուղղեց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին:

- Պարո՛ն Սահակյան, ԸՕ շուրջ կոնսենսուսը իշխանության հաղթանա՞կ եք համարում:

- Սա որևէ մեկի հաղթանակը չի, ընդհանուր մեր պետության, մեր ժողովրդի, մեր բոլորի հաղթանակն է: Եթե կա ընդհանուր համաձայնություն, բոլորիս հաղթանակն է:

-Սակայն չե՞ք կարծում, որ անփութության դեպքում մարդուն քրեական պատժի դատապարտելը արդեն իսկ ընտրախախտման մասին հայտարարության բոլոր ճանապարհները փակում է:

- Ոչ, չեմ կարծում: Պարզ գրված է՝ անփութության որակավորումը որպես անզգույշ մեղքի ձև, և մեղքի ձևը լինում է դիտավորությամբ և անզգույշ: Անփութությունը շարադրված է, հետևաբար անփութության դեպքում ավելի մեղմ պատիժ է՝ տուգանք, իսկ դիտավորության դեպքում պատիժը ավելի բարձր է՝ ազատազրկում: Որովհետև եթե դու դիտավորությամբ մի ամբողջ գործընթաց տանում ես դեպի փակուղի ու այլ տեղ, որի հետևանքները շատ ավելի ծանր են, ապա պետք է լինի նաև ազատազրկում: Իսկ եթե դու դա չես ցանկացել, անփութությամբ է դրսևորվել քո մեղքի ձևը, այդ դեպքում պատիժն ավելի մեղմ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել