Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988թ. սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար: Իլհամ Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում:

«Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքի իրացումը երեք սկզբունքներից մեկն է տարածքային ամբողջականության և խաղաղ կարգավորման հետ մեկտեղ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի կազմում Նախիջևանի ինքնավար Հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ հայերը չեն կարող ապրել ինքնավար հանրապետության քաղաքացու կարգավիճակում Ադրբեջանի կազմում:

«Ի՞նչ տեղի ունեցավ Նախիջևանում: Մենք տեսանք, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը և ադրբեջանցիները ոչ միայն հայ ժողովրդին էր հետապնդում, ոչ միայն կազմակերպում էր ջարդեր Սումգայիթում և Բաքվում, այլ նրանք կազմակերպեցին հոգևոր մշակութային հուշարձանների՝ համաշխարհային ժառանգություն համարվող տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումը: Ադրբեջանցիներն անգամ հայկական խաչքարերի նկատմամբ չկարողացան հանդուրժող լինել, հայ ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս կարող են հանդուրժող լինել»,- ընդգծեց նա:

Շարմազանովի խոսքով՝ Արցախի ժողովուրդը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և կայացնի իր որոշումը: Նա վստահություն հայտնեց, որ նոր հանրաքվեի դեպքում Արցախի բնակչությունը կկայացնի նույն որոշումը, որը կայացրել է 1991թ.: «Ես կարծում եմ, որ Ալիևի հայտարարությունները, մանավանդ ռուսական լրատվամիջոցներին, անտեղի են: Եթե պարոն Ալիևը ցանկացել է ասել անկախ հանրապետություն, միգուցե, դա է ճիշտը»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել