Tert.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում հակադարձեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հայտարարությանը, թե եթե Վանաձորի ավագանի ընտրված 3 կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» բոյկոտեն ավագանու նիստերն ու Վանաձորի բյուջեի քվեարկությունը, բյուջեն չհաստատվելու դեպքում նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն առաջնորդվելու է նախորդ տարվա բյուջեով՝ գործող կարգի համաձայն:

«Նման կարգ գոյություն չունի: Ես չգիտեմ՝ մարզպետն ինչ կարգով է առաջնորդվում, բայց կա օրենք: Կա ՏԻՄ-ի մասին  օրենք, որով, եթե նիստ չի գումարվում, իսկ 15 հոգով նիստ չի կարող գումարվել, 3 ամսվա ընթացքում ավագանին լուծարվում է, ի՞նչ բյուջեի մասին է խոսքը»,- մարզպետի հայտարարության առթիվ տարակուսանք հայտնեց Քրիստ Մարուքյանը՝ շարունակելով. «Ավագանու նիստն իրավազոր է, եթե մասնակցում են ավագանու անդամների կեսից ավելին, իսկ կեսից ավելին դա 17 հոգին է: Կամ պետք է իրենք նիստը գումարելու համար հրավիրեն այն 4 հոգուն, կամ 4-ից գոնե 2-ին, որոնք ձայն են տվել Մամիկոն Ասլանյանին և դրանով բացահայտեն, թե ովքեր են այդ ընդդիմադիրները, կամ այս պարագայում 3 ամիս հետո ավագանին կլուծարվի»:  

Հարցին, թե համոզված է, որ 3 կուսակցությունների բոյկոտը 3 ամիս կտևի, Մարուքյանն ասաց. «Բոյկոտն ունի կոնկրետ խնդիր՝ հասկանալ, ովքեր են այն մարդիկ, որոնք քվեարկել են ՀՀԿ թեկնածուի օգտին: Պարզապես մարդիկ թող բացատրեն՝ ինչ պայմաններում ու ինչ ազդեցության ներքո են փոխել իրենց որոշումը՝ դրանով հանրության համար պարզ կլինի, թե ինչու եղավ այն, ինչ որ եղավ: Երբ ստորագրվեց այդ հուշագիրը, բոլորը շատ ոգևորված էին և դա վանաձորցու պահանջն էր: Այդ նույն վանաձորցուն պետք է պարզաբանել, թե ինչու դա տեղի չի ունեցել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել