Արթուր Ջանիբեկյան՝ ռուսական ամենավառ պրոդյուսերներից մեկը: Նա սկսեց ՈՒՀԱ-ից և հայտնի դարձավ որպես Comedy Club շոուի համահիմնադիր, որը հետագայում խոշորագույն պրոդյուսերական ընկերության վերածվեց ու դարձավ ТНТ հեռուստաալիքի բովանդակությունը թելադրող ընկերություն՝ հեղինակելով այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ «Наша Russia», «Универ», «Интерны», «Танцы» և այլն: 2011թ. ТНТ հեռուստաալիքը ավելի քան 10 մլրդ ռուբլով ձեռք բերեց Comedy Club Production-ի 75%-ը: 2015թ. մարտին «Газпром-медиа»-ն հայտարարեց, որ ТНТ-ն, ինչպես նաև նրա հետ միաժամանակ «Профмедиа» հոլդինգի կողմից գնված ալիքները («Пятница», ТВ-3 и «2x2») այսուհետ կներկայացնեն մեկ միասնական սուբհոլդինգ, որն էլ կղեկավարի Ջանիբեկյանը: Անցած դեկտեմբերին սուբհոլդինգը ձեռք բերեց ևս մեկ եթերային ալիք՝ ТНТ4: Եթերային հաճախականությունը այն ձեռք է բերել «2x2»-ից, որն այժմ հեռարձակվում է կաբելային ցանցի և արբանյակային օպերատորների միջոցով: Այժմ այդ ալիքները դիտում է ՌԴ-ի ամեն չորրորդ երիտասարդ հեռուստադիտողը:
Ինչպե՞ս է փոխվում պրոդյուսերը, երբ նստում է հեռուստաալիքի ղեկավարի աթոռին, մեծ հեռուստաալիքների համար ի՞նչն է ավելի սարսափելի, քան համացանցը, և ո՞ւմ է ТНТ-ն տվել իր թանկարժեք դրամատիկ հեռուստասերիալները՝ Ջանիբեկյանը պատմել է «Ведомости»-ի հետ հարցազրույցում:

- Եկեք սկսենք բավականին մասնավոր, բայց արդիական հարցից. այժմ քննարկվում է վիդեոսերվիսների արտասահմանյան սեփականատիրությունը սահմանափակելու հարցը: Ի՞նչ եք կարծում, արդյոք Netflix-ի մուտքը Ռուսաստան կարող է սպառնալիք լինել ձեր բիզնեսին: Ձեր որոշ գործընկերներ Netflix-ի մուտքը սեփական վիդեոսերվիսների համար որպես իրական վտանգ են դիտարկում:
– Կոնտենտի տարածման քաղաքականության համար մեր հոլդինգն է պատասխանատվություն կրում: Ես՝ որպես կոնտենտի արտադրության պատասխանատու, ոչ մի նման ռիսկ չեմ տեսնում: Սակայն, ինչպես մի լավ հայկական ֆիլմի՝ «Նվագախմբի տղաների» հերոսն է ասում՝ «մուզիկանտ նիխտ պոլիտիկ»: Այսպիսով՝ ես ևս այս պատմության մեջ կլինեմ «նիխտ պոլիտիկ»: Մեր ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը շատ ճիշտ պատմություն է, մենք դուրս ենք մրցակցությունից:
- Այդպես չինովնիկների կողմից ավելի քիչ հարցեր կառաջանան, ու հետևաբար քիչ ռիսկե՞ր.
- Այո՛, ես չեմ կարծում, որ քաղաքականությունը հետաքրքիր է: Մենք միանգամայն դիտավորյալ չենք զբաղվում ինֆոթայնմենթով, որովհետև մենք ստեղծում ենք նեթլինքեր: Գումար ներդնելու տեսանկյունից ինֆոթայնմենթը բացարձակ էֆեկտիվ չէ: Դա արտադրանք է, որի մեջ գումար ես ներդնում, հեռարձակում ես, և ինչ-որ մի պայմանական շաբաթ այն սկսում է նեխել, որովհետև հումորը այն ստեղծելու պահին ակտուալ իրադարձությունների մասին էր:
- Հասկանում եմ, սկզբում մեր հեռուստաալիքները պատմում են, որ Թուրքիայի նախագահը բռնապետ է ու մեր թշնամին, իսկ մի քանի ամիս անց՝ Թուրքիայի նախագահը Ռուսաստանի լավ բարեկամն է:
- Դա վերաբերում է ոչ միայն մեր պետական քաղաքականությանը, այլ ցանկացած իրադարձության, օրինակ՝ աստղերի ամուսնալուծություններին: Ինֆոթայնմենթում հանդիսատեսի էմոցիաները հիմնված են նրա վրա, ինչն իրական կյանքում հենց հիմա է: Իսկ մեր ժամանցային հեռուստաալիքների էկոնոմիկան խիստ կապակցված է սերիալների ու շոու-նեթլենքի կրկնության հետ։ Դու մի անգամ ներդրում ես կատարել, բայց դիտումների հաշվին վաստակում ես դրա վրա մի քանի անգամ: Հեռուստադիտողը սիրելի պատմությունները պատրաստ է դիտել մի քանի անգամ:
Արթուր Ջանիբեկյան.
«Газпром-медиа развлекательное телевидение»-ի գլխավոր տնօրեն
Ծնվել է 1976թ. Երևանում: Ավարտել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետրը
1994թ. հանդիսացել է «Новые армяне» ՈՒՀԱ թիմի համահիմնադիրն ու տնօրենը
2001թ СТС հեռուստաալիքի «Добрый вечер с Игорем Угольниковым» հաղորդման պրոդյուսեր
2003թ. ՈՒՀԱ-ի թիմի ընկերների հետ հիմնել է Comedy Club ակումբային շոուն, որը 2005թ-ից եթեր է հեռարձակվում ТНТ հեռուստաալիքով:
2007թ. հիմնել է Comedy Club Production-ը, 2011-2015թթ եղել է ընկերության գլխավոր տնօրենը, 2011թ. ТНТ-ն գնեց ակցիաների գլխավոր փաթեթը:
2015թ. մարտին նշանակվել է «Газпром-медиа развлекательное телевидение» սուբհոլդինգի գլխավոր տնօրեն:
Գլխավոր մարտահրավերը
- Եթե նայենք ТНТ սուբհոլդինգի կրկնությունների վարկանիշները, կտեսնենք, որ կրկնությունները սկսել են վատ աշխատել: Ավելի քիչ հեռուստադիտող է երրորդ, չորրորդ անգամ դիտում «Универ»-ը կամ «Интерн»-ը։ Ինչու՞։
- Դուք հենց նոր խոսեցիք մեր հիմնական խնդիրներից մեկի մասին: Գիտականորեն հիմնավորված պատասխան, թե ինչու են կրկնությունները վատ աշխատում, մենք չունենք: Վատ են աշխատում ոչ միայն կրկնությունները, վատ է աշխատում նաև կինոն: Ենթադրություն կա, որ դա տեղի է ունենում վերջին երկու տարիներին բոլոր վիդեոսերվերների հզոր զարգացման պատճառով: Մարդիկ հիմա սերիալներ և շոուներ դիտելու բազում հնարավորություններ ունեն նաև եթերից դուրս: Բայց սա ընդամենը տարբերակ է: Սա մեզ համար լուրջ մարտահրավեր է, որի շուրջ մենք շատ լուրջ ենք աշխատում:
- Իսկ կոնկրետ ինչպե՞ս եք աշխատում։
- Ծրագրավորումն ու մարկետինգը փոխելու որոշումների տարբերակներ ունենք, սակայն ես չեմ կարող պատմել մանրամասները:
- Այն, որ սուբհոլդինգի առաջատար ТНТ ալիքը տարեսկզբից կորցնում է հեռուստալսարանը, արդյոք կապ ունի՞ նրա հետ, որ կրկնությունները սկսել են վատ աշխատել: Եթե վերցնենք 2015թ․ առաջին 9 ամիսները, ապա ալիքը, TNS տվյալներով, օրական միջինում դիտել է 14-44 տարեկան ռուսական հեռուստալսարանի 12,8%-ը, այսինքն՝ այն թիրախային հեռուստալսարանը, որի հետ փոխադարձ կապը դուք վաճառում եք գովազդատուներին: Նույն ժամանակահատվածի ТНТ-ի այս տարվա մասնաբաժինը 11,4% է:
- Այնքան էլ այդպես չէ։ Տարվա առաջին 8 ամսվա ընթացքում ТНТ-ի մասնաբաժինը կրճատվել է, սակայն սեպտեմբեր-հոկտեմբերին մենք զգալի աճ ենք գրանցում՝ նախորդ ամիսների հետ համեմատած, այսինքն՝ սեպտեմբեր ամսվա մասնաբաժինը ընդհանուր կազմել է 12,8%։
- Բայց դա ամեն դեպքում ցածր է, քան նախորդ տարվա սեպտեմբերինն էր․ այն ժամանակ ձեր մասնաբաժինը 13,5% էր:
- Մասնաբաժնի կրճատման հիմնական պատճառը հեռուստալսարանի մասնատումն է: ТНТ-ն խոշոր հեռուստաընկերություններից ամենավերջինն է, որն առնչվել է այդ պատմության հետ: Շնորհիվ ուժեղ, վառ բրենդի՝ մենք երկար դիմակայեցինք, սակայն պրոցեսը կանգնեցնելն անհնար է։ Մարդիկ ավելի շատ ձևաչափային ալիքներ են դիտում: Տաս տարի առաջ Ռուսաստանում կար 20-30 հեռուստաալիք, այսօր դրանց թիվը 441 է: Այդ պատճառով էլ մենք որոշել ենք ղեկավարել գործընթացն ու ստեղծել ենք ТНТ4 ձևաչափային հեռուստաալիքը, որը հեռարձակում է ТНТ ալիքի արտադրանքի կրկնությունները: Ես գիտեմ, շատերն են ասում, որ իբր ТНТ4-ի արածը ինքնակերություն է ТНТ-ի լսարանի նկատմամբ: Բայց ТНТ4-ի մասնաբաժինն այժմ համարյա 2% է: Մեր հաշվարկներով միայն 1% է առաջանում ТНТ-ի հեռուստալսարանի տեղափոխվելու հաշվին, մնացածը մենք հափշտակել ենք մրցակից հեռուստաալիքներից: Այսինքն՝ հեռուստալսարանի հետ շփման բացարձակ քանակի առումով մենք հաղթել ենք:
- Բայց ТНТ4-ի ամեն մի հեռուստադիտողի հաշվին դուք ավելի քիչ եք վաստակում, քան դա արվում է ТНТ-ի դեպքում: Ֆինանսական շահն այնքան էլ ակներև չէ:
- Այո՛, հիմա դա այդպես է: Սակայն համոզված եմ, որ մեր կոմերցիոն ծառայությունների ու ձևաչափային ալիքների միասնական մեգահաղորդիչի քաղաքականության շնորհիվ նոր տարում մենք կավելացնենք ТНТ4-ի հեռուստադիտողի հետ մեր կապի (միջին) արժեքը:
Ինչպե՞ս և ինչի՞ վրա վաստակել
- Քանի որ խոսք գնաց սուբհոլդինգի ալիքների փոխկապակցված լինելու մասին, կարո՞ղ եք նկարագրել ժամանցային հաղորդումների ձեր փաթեթը և բացատրել՝ ինչո՞վ են նրանք միմյանցից տարբերվում:
- Սուբհոլդինգի հիմնական ալիքը ТНТ-ն է՝ երիտասրադ, սուր, հումորային հեռուստաալիք, որը գոյություն ունի 1997թ-ից: «Пятница»՝ հեռուստաալիք-գիդ, ճամփորդությունների, հաճույքների ու կյանքի համի մասին հեռուստաալիք: ТВ-3-ն իր բովանդակությամբ միստիկայից տեղափոխվել է դեպի գաղտնին, և հիմա ընդարձակվում է, այսպես ասած, իրականություն-պլյուս ուղղությամբ, այսինքն՝ ալիքը պատմելու է պատմություններ, որոնք տեղի են ունենում իրականության սահմաններից դուրս, պատմություններ, որոնք մեր երևակայության մասին են: Ալիքն, ի դեպ, աստիճանաբար սկսում է աշխատել ավելի երիտասարդ թիրախային լսարանի հետ՝ այն նույնի, որն ունեն ТНТ и ТНТ4 ալիքները՝ 14–44, այլ ոչ թե 25–59 տարեկաններ, որն ուներ ТВ-3-ը մինչ այժմ: «2x2» ալիքը, որն այժմ աշխատում է 11–34 տարեկանների հետ, նույնպես կշարժվի դեպի 14–44 տարիքային հեռուստալսարան, որովհետև 14–44 տարեկանների հեռուստալսարանը ամենապահանջվածն է գովազդատուների մոտ: Դա չի նշանակում, որ հենց վաղը մենք հայտարարելու ենք ТВ-3-ի կամ «2x2»-ի թիրախային լսարանի փոփոխության մասին: Խոսքը հեռուստաարտադրության նպատակակետի աստիճանական փոփոխության մասին է: «2x2»-ն կլինի սուբհոլդինգի համընդհանուր հեռուստալսարանի ամենացածր սահմանը, իսկ ТВ-3-ը՝ ամենավերինը: ТНТ-ի հեռուստալսարանի կորիզը մնում են 18-30 տարեկան հեռուստադիտողները, իսկ «Пятница» ալիքինը՝ 25–35 տարեկան հեռուստադիտողները:
Մենք անգամ հատուկ բրենդ կունենանք գովազդատուների համար՝ «Альянс развлекательных каналов «ГПМ РТВ», և այդ ալյանսը 2017թ., մեր կանխատեսումներով, գովազդատուներին կապ կտրամադրի մեր երկրի 14-44 տարեկան հեռուստադիտողների 25%-ի հետ:
- Ինչպիսի՞ք են ձեր ալիքների ֆինանսական ցուցանիշները.
- Մենք չենք բացահայտում առանձին ալիքների ֆինանսական ցուցանիշները: 2015թ.-ին «ГПМ РТВ»-ի ընդհանուր շահույթը 2,6%-ից աճել է մինչև 31,9 մլրդ ռուբլի: Ընդ որում՝ հեռուստագովազդի ողջ շուկան, հիշեցնեմ՝ ըստ ռուսական հաղորդակցության միավորումների տվյալների՝ ընկել է 14%-ով: 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա առաջին կեսի մեր համապարփակ եկամուտները աճել են 14%, իսկ գովազդից ստացված շահույթը՝ 18%։ Այնպես որ, գովազդից ստացված շահույթի առումով՝ մենք ևս առաջատարն ենք շուկայում: Բացարձակ թվերի առումով ամենաշատն ավելացրել է ТНТ-ն, տոկոսային առումով ամենաշատն աճում է ТНТ4-ը:
- Իսկ ինչպե՞ս է փոփոխվում այդ բիզնեսի շահութաբերությունը: Որքանո՞վ եք դուք կրճատել ձեր ծախսերը ճգնաժամի պատճառով: 2014-ի վերջում ТНТ-ի նախկին գլխավոր տնօրեն Իգոր Միշինը սերիալների ու շոուների արտադրողներին հայտնեց հեռուստաալքի արտադրության ծախսերի 20%-ով կրճատվելու մասին:
- Ես կասեի՝ արդյունքում մենք մեր գլխավոր նախագծերի ծախսերը թողել էինք նախկին մակարդակի վրա: Օպտիմալացրել ենք ամեն ինչ՝ բացի դեպի գլխավոր հեռուստաարտադրանք ու մարկետինգ արվող ներդրումներից: Նույն այդ ТНТ–ի ցանցի ընդհանուր արժեքը հիմա ընկնում է, քանի որ հիմա մենք չենք հեռարձակում այնպիսի փորձարկային ու թանկարժեք ֆորմատներ, ինչպիսիք են դրամատիկ սերիալները: Սակայն խիստ տնտեսելու մասին չի գնում խոսքը: Հիմա մեր եկամուտներն աճում են, հավասարաչափ աճում են նաև հեռուստաարտադրանքի ծախսերը:
- Հոլդինգին, նրա բաժնետերերին, ենթադրում եմ, ցանկալի կլինի վերադառնալ նախաճգնաժամային շահութաբերության մակարդակի, որպեսզի ծախսերը չաճեն այն նույն տեմպերով, ինչպես եկամուտը:
- Նման խոսակցություններ ես չեմ լսում: Սուբհոլդինգը մինչև 2021թ. մշակած մարտավարություն ունի: Տրամաբանությունն այն է, որ մենք մշտապես ներդրումներ ենք կատարում մեր հեռուստաարտադրանքի մեջ, որպեսզի թե՛ լսարանի և թե՛ եկամուտների առումով մենք այսուհետ էլ աճ գրանցենք: Մենք խնդիր չունենք մաքսիմալ վաստակելու հենց այս պահին և միայն այս պահին. մենք ուզում ենք հավերժ զարգանալ և հավերժ վաստակել:
- Ինձ պատմել են, որ հասուն լսարանի համար դրամատիկ սերիալներից հրաժարվելը կապված է ոչ միայն արտադրական բյուջեների առումով ТНТ–ի նախկին շահութաբերությունը վերականգնելու ցանկության հետ: Էքսպերիմենտը համարվել է անհաջող, քանի որ նման սերիալները վանում են ալիքի հեռուստալսարանը:
- Ահա թե ինչպես է եղել։ 2014-ի սկզբին մենք ТНТ-ի լսարանը ընդլայնելու գլոբալ որոշում ընդունեցինք՝ գրավել նոր հեռուստադիտողներ: Դրա համար նոր ֆորմատի նախագծեր էին պետք: Այդպես ծնվեցին «Танцы» նախագիծը, «Чернобыль», «Сладкая жизнь», «Измены» սերիալները և այլն: Այս ամենին հաջորդեց տնտեսական, իսկ հետո նաև նրան հաջորդած գովազդային շուկայի անկումները: Թանկարժեք փորձարկային սերիալներ թողարկելու իմաստ այլևս չկար: Այնպիսի զգացողություն էր, որ պատերազմ է, ծանր օդուժն արդեն օդում է, իսկ հետևակը մնացել է իր տեղում և ոչ մի տեղ չի գնում: Այնինչ ТНТ-ի հեռուստալսարանի հետ սկսեցին տարօրինակություններ կատարվել: Այսինքն՝ 10 տարի մենք հեռուստադիտողին մատուցել ենք հասկանալի, սովորական սնունդ, իսկ հետո փոխել ենք մենյուի հիմնական կետերը: Մեր հավատարիմ հեռուստադիտողներն այլևս չէին հասկանում՝ ինչ ենք մենք ցուցադրում նրանց համար: Իսկ նոր մարդիկ, որոնց մենք գրավել էինք մեր հասուն նախագծերով, մեր կոնտենտով ակնհայտորեն չէին բավարարվում, մենք չէինք կարողանում բավականաչափ բավարարել նրանց ճաշակը: Այդ պատճառով մենք կրկին մատուցում ենք այն, ինչը միշտ ունեինք, մենք ունենք մեր ընդարձակ ու հավատարիմ հեռուստալսարանը:
Մեծացած հեռուստադիտողները
- Բայց չէ՞ որ 10 տարվա ընթացքում ձեր հավատարիմ հեռուստադիտողները փոխվել են։ Նրանք մեծացել են, ունեն ընտանիք ու երեխաներ:
- Խնդիրը տարիքի մեջ չէ: Comedy Club և «Измены» նախագծերի հեռուստադիտողները գուցե և նույն տարիքի են, բայց տարբեր են: Նրանք տարբեր են (հեղ․ խորհում է): Ես անգամ չեմ ուզում ձևակերպել այս նրբությունները: Իմ գլխում հստակ է ու խիստ՝ պետք է վերադառնալ նախկին հեռուստալսարանին։ Վերջ:
- Այսի՞նքն՝ կարճ ու կոնկրետ՝ «ես այդպես եմ զգում»։
- Չէի ցանկանա, որ այստեղ առհասարակ հնչեր «ես» բառը: Comedy Club Production–ի համակարգում այն անտրամաբանական էր: Այն անտրամաբանական է նաև այս դեպքում: Ես, լինելով սիգարով մարդ, զգում եմ, որ ամեն ինչի գլուխը թիմն է: Ոչ ոք միանձնյա չի կարող որոշումներ կայացնել, հատկապես այնպիսի բարդ կառույցի ու հարցերի դեպքում, ինչպիսիք են հեռուստաալիքը կամ հեռուստաալիքի քաղաքականությունը: Նախկին գործելաոճին վերադառնալու անհրաժեշտությունը զգում էր ողջ թիմը՝ սկսած ալիքի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Դուլերայնից մինչև ТНТ-ի բոլոր պրոդյուսերները:
- Ինչպես հասկանում եմ, այդ որոշումը կայացվել էր դեռ գարնան վերջում: Սակայն վերջերս դուք հեռարձակեցիք «Ольгa»-ն, որն այն նույն փորձարկային նախագծերից էր:
- Չէ, ի՞նչ եք ասում: «Ольга»-ն դասական ТНТ-ն է՝ երիտասարդ, ծիծաղելի, սուր: Սերիալն էլ հրաշալի ցուցանիշներ ունեցավ: Նրա մասնաբաժինը կազմել է 23,9%։ Իսկ հոկտեմբերի 10-ին մեզ մոտ մեկնարկեց «Универ»-ը և գրանցեց 22% մասնաբաժին: Մի սերիալի համար, որը եթերում է, մեղմ ասած, ոչ առաջին տարին, սա հրաշալի արդյունք է: Վերադարձը նախկին ֆորմատներին աշխատում է. մեր հեռուստադիտողները նորից սկսում են մեզ շատ սիրել:
- Եվ այնուամենայնիվ, ТНТ-ի հեռուստադիտողները չափազանց մեծացել են: Ինչպես ես հասկանում եմ, Comedy Club-ի լսարանի միջին տարիքը 36-ն է: Այնուհետ մեզ բոլորիս սպասվում է դեմոգրաֆիկ անդունդը, և դա է ակնհայտ խնդիրը։ Գովազդատուները ձեզանից հենց երիտասարդության հետ կոնտակտներն են գնում:
- Այդպիսի ռիսկեր կան: Մենք դրանց ուշադիր հետևում ենք: Ինչպես մեզ վրա կանդրադառնա դեմոգրաֆիկ անդունդը՝ դժվար է ասել: Մենք միշտ ունենում ենք մեր նոր, երիտասարդ ունկնդիրները:
- Այդ դեպքում ինչու՞ է միջին տարիքը տեղաշարժվում դեպի ավելի հասուն տարիք:
- Դա կապված է դեմոգրաֆիկ մի քանի հանգամանքների հետ: Մենք ինչպես աշխատել ենք մեր հեռուստալսարանի կորիզի համար, այնպես էլ շարունակում ենք դա անել: Մենք կարողանում ենք խոցել հենց այդ կետը ու շարունակում ենք անել դա: Ու պետք է նկատի ունենալ ոչ միայն ТНТ-ի, այլ նաև ТНТ4-ի, ինչպես նաև այն հեռուստադիտողներին, որոնք մենք ձեռք ենք բերում համացանցի հաշվին: Մեր սերիալներն ու շոուները համացանցում ամսվա մեջ միլիոնավոր դիտումներ են գրանցում:
- Դուք շատ եք փորձարկումներ անում համացանցի հետ: Մե՛կ սերիալներից հատվածներ եք տեղադրում դրանց՝ եթեր հեռարձակվելուց անմիջապես հետո, մե՛կ հրաժարվում եք դա անելուց, իսկ հետո նորից դրան եք վերադառնում: Ի՞նչ եզրահանգման եք վերջիվերջո եկել. հայտնի սերիալների հատվածները համացանցի օգտատերերին հասանելի դարձնելը նվազեցնու՞մ է եթերային վարկանիշները:
- Գլոբալ առումով՝ հեռուստատեսությունն, իհարկե, հօգուտ համացանցի մի օր կորցնելու է իր լսարանի մի մասը: Սակայն ներկայումս դա այնքան էլ կոնցեպտուալ խնդիր չէ: Մենք ավելի շատ կորցնում ենք թեմատիկ ալիքների պատճառով: Մի քիչ էլ, ու այդ ալիքները կխլեն հեռուստադիտողների 20%-ը: Մեր՝ մեծ եթերաժամանակով ալիքներիս բախտը խոշոր հաշվով բերել է, որ այդպիսի թեմատիկ ալիքները հարյուրավոր են, և նրանց լավ չեն ճանաչում, ուստի և լավ չեն վաճառվում ու շատ գումար էլ չեն վաստակում: Իսկ ահա մեզ համար մեր կորցրած հեռուստադիտողները ֆինանսական լուրջ կորուստներ են: Ահա թե ինչու է կարևոր հիմնավորվել թեմատիկ հեռուստատեսության բնագավառում և սովորել այն լավ վաճառել: Ամեն ինչ պետք է անել սեփական ուժերով։ Ամեն ինչ պետք է տուն բերել, որպեսզի ամեն ինչը քոնը լինի:
- Ի՞նչ կլինի թանկարժեք դրամատիկ սերիալների հետ, որոնք փորձարկման շրջանակներում նկարահանվել են ТНТ-ի համար: Դուք դրանք դարակում կթողնեք, իսկ ծախսերն էլ կանտեսե՞ք:
- Ո՛չ, մենք դրանք փոխանցում ենք ТВ-3-ին: Ոչ բոլորն, իհարկե։ Միայն նրանք, որոնք համապատասխանում են ТВ-3-ի թեմատիկային: Տեսնենք, թե ինչպես դրանք կընդունի լսարանը: Ինչ-որ բան եթերում կթողնենք, ինչ-որ բան էլ կփորձենք մտքին հասցնել: ТВ-3-ով կհեռարձակվի Ալեքսանդր Ցեկալոյի «Среда»-ի նկարահանած Gogol-ը, «Чернобыль»-ի շարունակությունը: Ընդհանուր այդպիսի 4-5 մեգանախագծեր, որոնք ТВ-3-ը նախկինում երբեք չի ունեցել և չէր էլ կարող իրեն թույլ տալ ունենալ: Դրանք շատ որակով նախագծեր են, որոնք կխթանեն ТВ-3-ի աճը: Ես երբեք չեմ կարևորել հանրահայտ արտիստների մասնակցությունը այս կամ այն նախագծում, սակայն հեռուստադիտողի համար սա շատ կարևոր պահ է, հատկապես եթե մենք հեռուստալսարան ընդլայնելու խնդիր ունենք այդ նույն ТВ-3-ի համար: Մեր կողմից ընդգրկված արտիստները հետաքրքրություն կառաջացնեն նախագծերի նկատմամբ: Օրինակ՝ Gogol-ում նկարահանվում է Օլեգ Մենշիկովը:
- Արդյոք արմատական փոփոխություններ սպասու՞մ են «Пятница» ալիքին:
- Հոլդինգի կարծիքով՝ ամենաքիչ աշխատանքները «Пятница»-ն է պահանջում: Նրա լսարանը աճում է, եկամուտներն ամենաշատն են աճում, նրանց հովանավորները երջանիկ են: «Пятницa»-ի գլխավոր տնօրեն Կոլյա Կարտոզիան ամենահրաշալին ու ամենահանճարեղն է: «Пятниa»-ի գլխավոր գանձը Կարտոզիայի ուղեղն է: Կոլյայի նման մարդկանց պետք է փայփայել ու ստեղծել նրանց համար ճիշտ պայմաններ: Ստեղծել ճիշտ պայմաններ՝ սա ամենակարևորն է: Այս սկզբունքով ենք աշխատում նաև մեր արտադրող ընկերությունների՝ Good Story media-ի և Comedy Club Production-ի պրոդյուսերների հետ:

Մերոնք՝ մերոնց մեջ
- ГПМ РТВ-ն տարբերվում է նրանով, որ գնում է նախ և առաջ սեփական ստուդիաների արտադրանքը: Ձեր գործընկերների հետ հիմնել եք Comedy Club Production-ը, իսկ հետո, երբ այն գնեց «Газпром-медиа»-ն, աշխատանքի անցաք այդ հոլդինգում: Երկու տարի առաջ հոլդինգը գնեց Good Story media-ն: Այսպիսով, հոլդինգը երաշխավորեց, որ այդ թիմերը կաշխատեն միայն իր հետ: Այսպիսով չի պակասում արդյոք սեփական ընկերությունների ստիմուլը նորանոր նեթլենկեր ստեղծելու համար: Չէ՞ որ նրանց պատվերները երաշխավորված են:
- Նրանք ունեն երաշխավորված պատվերներ, սակայն երաշխավորված չեն դրանց դիմաց վճարները: Նրանց եկամուտներն անմիջականորեն կապված են սեփական արտադրանքի վարկանիշի հետ: Սա և՛ պլյուս է, և՛ մինուս: Կարևորը՝ մեր պրոդյուսերները հնարավորություն ունեն ազդել արտադրանքի նկատմամբ ալիքի քաղաքականության, արտադրանքի տարածման գործընթացի վրա: Good Story media-ի պրոդյուսեր Անտոն Շչուկինը, Անտոն Զայցևը և Արտյոմ Լոգինովը ТНТ թիմի հետ միասին քննարկել են «Ольга»-ի պրոմոհոլովակները, դրա համար էլ նախագիծը կրակեց՝ դարձավ ТНТ-ի հեռուստալսարանի տարվա ամենահաջողված սերիալը: Թիմը շատ կարևոր է, գլխավորն այն ճիշտ դասավորելն է:
Comedy Club Рroduction-ից և Good Story media-ից բացի՝ այժմ մենք ունենք սեփական «Пятница» ստուդիան: Նախկինում ալիքը գնում էր արտաքին արտադրողների հեռուստաարտադրանքը: Իսկ հիմա այդ ալիքով հեռարձակվող նախագծերի 1/3-ը ստեղծում է ներսի արտադրողը՝ «Ревизорро», «Магаззино», «Хэлоу, Раша!» և «Приманка».
- Սա ինչ-որ կերպ կա՞պ ունի այն փաստի հետ, որ «Пятница»-ն սկզբնական շրջանում հեռարձակում էր ուկրաինական ալիքների նախագծերից շատերը, իսկ այժմ դա քաղաքական ռիսկ է:
- Ո՛չ, Ուկրաինան այստեղ կապ չունի: Նախագծերը կարող էին արտադրվել Իրկուտսկում, և արդյունքը, միևնույն է, նույնը կլիներ: Պարզապես մեզ պետք չեն արտաքին ռիսկեր: Ինչպես ասացի, բոլոր մերը՝ մեր տուն: Այդպես մենք վերահսկում ենք հեռուստաարտադրանքի զարգացումը, բոլոր կրկնությունները, թիմերը: Մենք չենք ուզում լինի այնպես, ինչպես հաճախ է լինում գործընկերների հետ․ ТНТ-ն գովազդում է նախագիծը, իսկ այն հետո գնում է ուրիշ ալիք կերակրելու:
- Ստացվում է՝ սեփական արտադրողների հետ ամեն ինչ հրաշալի է, ու ռիսկեր չկա՞ն:
- Ռիսկեր շատ կան, և դրանք բոլորը հիմնված են մարդկային գործոնի վրա: Պրոդյուսերները ստեղծում են էմոցիաներ, և պետք է, որ նրանք էլ ճիշտ էմոցիաներ ստանան: Բայց սա իմ անհատական մոտեցումն է: Մեդիամենեջերների մոտ, ովքեր գործ ունեն գովազդի ու հանրային կապերի հետ, բոլորովին այլ մոտեցում կարող է լինել: Ես փրոդաքշն եմ ներկայացնում, և ինձ համար ամեն ինչի հիմքում ընկած է պայմանների ստեղծումը, համապատասխանելը բոլոր պայմանավորվածություններին: Դա է պատճառը, որ ես անձամբ եմ շփվում բոլոր այն պրոդյուսերների հետ, ովքեր մեզ համար հեռուստաարտադրանք են պատրաստում: Այդպես շփվել եմ Գարիկ Մարտիրոսյանի և Սեմյոն Սլեպակովի հետ: Եթե պրոդյուսերի հետ չպիտի շփվեմ որպես լավ ընկեր, ապա ոչինչ չեմ հասկանա: Ցավոք, մեծագույն ռիսկը մնում է կախվածությունը մարդկային գործոնից: Երջանկություն է, երբ հոլդինգի ղեկավարությունը հասկանում ու ողջունում է դա:
- Իսկ ի՞նչ է նշանակում «ողջունում է»։
- Պետք չէ ստեղծագործող մարդուն խրել կորպորատիվ հունի մեջ: Ցանկացած թղթաբանական-ֆինանսական չափորոշիչներ պետք է քայլեն ոչ թե ստեղծագործական մտքից առաջ, ինչպես որոշ կորպորացիաներում, այլ ստեղծագործ մտքից մեկ քայլ հետո:
- Եթե դուք ունեք այդքան հզոր թիմեր, ապա ինչպե՞ս է ստացվել, որ ТВ3-ի հեռուստալսարանը ընդլայնելու համար գլխավոր նախագիծը նկարահանել է Ալեքսանդր Ցեկալոն:
- Դա միակ նախագիծն է: Այդպես ստացվեց: Մտահղացումը Ցեկալոյինն էր, նա այն ներկայացրեց Միշինին, և բոլորը միասին սկսեցին այն մշակել: Նախագիծը «Среда»-ն պատրաստում է ոչ թե միայնակ, այլ մեր պրոդյուսերներ Եվգենի Նիկիշովի ու Վալերի Ֆեդորովիչի հետ: Ես խոնարհվում եմ Ցեկալոյի առաջ, նա հզոր է և մեծագույն պրոդյուսեր, բայց առանց ТНТ թիմի նախագիծն այդպիսին չէր ստացվի:
- Եթե ձեր կարգախոսն է սիրել ու փայփայել թիմը, ապա ինչպե՞ս է ստացվել, որ սուբհոլդինգը մի քանի ամսվա մեջ կորցրել է միանգամից երեք ալիքների գլխավոր տնօրեններին: Միշինը հեռացավ ТНТ-ից, Դարյա Ֆիալկոն՝ ТВ3-ից, Լև Մակարովն էլ՝ «2x2»-ից: Ընդ որում՝ Ֆիալկոն ու Մակարովը տեղափոխվել են ձեր անմիջական մրցակիցների մոտ և հիմա ղեկավարում են «СТС медиа» հոլդինգի ժամանցային նախագծերը:
- Հեռուստատեսային աշխարհը շատ նեղ է: Ինչպես ասում են, շերտը բարակ է: Ստեղծագործող մարդիկ ամենատարբեր պատճառներով հաճախ փոխում են իրենց հարթակը: Պետք է միշտ պատրաստ լինել դրան: Մենք աճեցրել ենք փոխարինողներ մեր ներսում: ТВ3-ի և «2х2»-ի նոր մենեջերները մեր պատրաստած մարդիկ են, ովքեր շատ տաղանդավոր ու կրեատիվ են: Մեր բնագավառում էլ է պետք սոցիալական վերելակ:
Բարիկադների հակառակ կողմում
- Երևում է՝ հեռուստաալիքների ղեկավարման բոլոր հիմնական սկզբունքները դուք յուրացրել եք պրոդյուսերությունից ու շոու-բիզնեսից: Ի՞նչ փոխվեց, երբ Դուք հայտնվեցիք բարիկադների հակառակ կողմում՝ Կոնտենտ արտադրողից դարձաք պատվիրատու:
- Սա էլ իր յուրօրինակությունն ունի: Պրոդյուսերն ու ալիքի ղեկավարը սկզբունքայնորեն տարբեր մասնագիտություններ են: Պրոդյուսերը չի կարող հասկանալ՝ ինչ մարտահրավերների առաջ է կանգնած ալիքը ղեկավարող մարդը:
ТНТ-ն համացանցում
«Համացանցում ТНТ-ի հեռուստաարտադրանքը տարեկան միլիարդավոր դիտումներ է հավաքում»,- պատմում է Ջանիբեկյանը: Նրա խոսքերով՝ դա տալիս է 1% նոր հեռուստալսարան: Դրանք այն մարդիկ են, ովքեր ТНТ Club հավելվածում, համացանցում և ТНТ կայքում դիտում են սերիալներ ու շոուներ. «Մեր մրցակիցներից ոչ մեկը սոցցանցերում չունի այնպիսի ընդարձակ խմբեր, որոնք ունի ТНТ ալիքը: Մեր արտադրանքը համացանցում դիտում են 4-5 անգամ ավելի շատ, քան մեր մոտակա մրցակցի արտադրանքը»,- հավաստիացնում է Ջանիբեկյանը: «Միջինում՝ սուբհոլդինգի եկամուտների մասնաբաժինը, որը կապ չունի հեռուստագովազդի հետ, 2015թ. կազմել է 6%: Սակայն 2021թ․ հոլդինգի մարտավարությանը համապատասխան՝ թիվը պիտի աճի մինչև 25% (ներառյալ կոնտենտի իրավունքների վաճառքից ու digital-ից ձեռք բերված կողմնակի եկամուտները և այլն)»,- ասում է Ջանիբեկյանը: Պրոդյուսերը վարպետն է, մաեստրոն։ Նա ունի մեկ նպատակ՝ ստեղծել գեղեցիկ արտադրանք, գեղարվեստական ստեղծագործություն: Ալիքը պետք է հետևի արտադրանքի շահութաբերությանը, կրկնությունների ներուժին և այլն: Եվ այս ամենը անհրաժեշտ է նախագծի պլանավորման փուլում անել, ձևակերպել ու պրոդյուսերի ուղեղին հասցնել: Իսկ պրոդյուսերները, լինում է, խուլիգանություն են անում, նրանց չեն հետաքրքրում ալիքն ու շուկան, նրանք սեփական ամբիցիաներն ունեն: Մենք հաճախ ենք պրոդյուսերների հետ խոսակցություններ ունենում, թե ինչպես է պետք կտրվել հավերժականից ու մի փոքր էլ համապատասխանել ալիքի արդիականությանն ու թայմսլոթին: Եվ ահա ալիքի ղեկավարը մուրճի թեթև հարվածներով հրում է պրոդյուսերներին դեպի ճիշտ ուղղություն կամ էլ ինչպես կյորլինգում, մաշեցնում է սառույցը պրոդյուսերի համար, որպեսզի «քարը»՝ սերիալը, ճիշտ ուղղությամբ գնա՝ ո՛չ աջ, ո՛չ ձախ, այլ ուղիղ՝ դեպի թիրախը, դեպի «տուն»: Ալիքի ղեկավարման հետ հարցեր կային, որոնցից այնքան էլ լավ չէի գլուխ հանում, օրինակ՝ նույն մարկետինգը: Հիմա փորձում եմ լրացնել բացը:
- Կա՞ն հիասթափություններ՝ ուղղակի մարդկային…
- Պրոդաքշնն ավելի հետաքրքիր է: Դժվարանում եմ ասել՝ ինչու: Գուցե դեռ չեմ հասցրել սիրել: Պայքարել նրա համար, որպեսզի քո ալիքի մասնաբաժինը ավելի բարձր լինի, քան մրցակցինն է, դա նույնն է, եթե փորձես պարզել, թե որ պատկերասրահն է ավելի լավը: Մի տեղ նկարները շարքերով են, մյուսում էլ են շարքերով: Ինչպե՞ս որոշել։ Պարզապես կան նկարներ, որոնք ուրիշների հետ չի կարելի համեմատել:
- Ես ավելի հաճախ եմ լսում՝ իբր վերջին երկու տարիներին մեր հեռուստատեսությունում չկան վառ հայտնություններ, այնպիսիք, որոնց մասին բոլորը կխոսեին: Վերջինը Առաջին ալիքի «Голос»-ն էր, կարծում եմ: Դուք համամի՞տ եք, թե՞ սա շատ կոշտ պնդում է:
- Շատ է խոսվել նաև մեր «Танцы» նախագծի մասին, օրինակ: Եթե Դուք կարծում եք, որ դա կարող է կապված լինել տնտեսական ճգնաժամի հետ, ապա սխալվում եք: Արարողի համար տնտեսական հանգամանքները կարևոր չեն: Տաղանդավոր ստեղծագործողը պետք է լինի ապահովված մարդ: Եվ երկրորդ տեսությունը՝ ոչինչ չի խանգարում ստեղծագործ մարդուն գլուխգործոցներ ստեղծել այն դեպքում, երբ նա միանգամայն աղքատ է:
Այժմ հեռուստատեսություններում ուղղակի այդպիսի շրջան է: Գումարի հետ դա կապ չունի: Վաղը ինչ-որ մեկը նորից մի հրաշալի պատմություն կհորինի, և հետո նրանից հազարավոր այլ նախագծեր կծնվեն:
Թարգմանությունը՝ Blognews.am-ի



